Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, լավ: Բայց Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանը դարձրեց Հայաստանի թշնամի:
Իլհամ Ալիևը 2020-ի նոյեմբերի 9-ին, հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում խոցեց Ռուսաստանի Դաշնության Մի-24 ռազմական ուղղաթիռը: Խոցումից երեք ժամ անց Բաքուն ներողություն խնդրեց ռուսական կողմից այս դժբախտ պատահարի համար, հայտարարեց, որ եղածը պատահականություն էր և ուղղված չէր Ռուսաստանի դեմ։
Իլհամ Ալիևը 2023-ի սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության տարածքում Ճանկաթաղ գյուղի մոտակայքում սպանել է Ռուսական խաղաղապահ զորախմբի հինգ ծառայողների։ Դիտակետից վերադարձող խաղաղապահների մեքենան հայտնվել է կրակի տակ։ Ոչ ոք չի փրկվել։ Մեկ օր անց՝ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում Իլհամ Ալիևը ներողություն խնդրեց կատարվածի համար։
Փաստացի, Իլհամ Ալիևը չխորշեց երկու անգամ ի տես աշխարհի ներողություն խնդրել Ռուսաստանից իր «սխալ» գործողությունների համար։ Ընդ որում այն Իլհամ Ալիևը, որը վայելում է Թուրքիայի անթաքույց հովանավորությունը։ Եվ անգամ բոլորովին բացառված չէ, որ դիվանագիտական այս խոհեմությունը Ալիևին հուշել է հենց Ռեջեփ Էրդողանը։
Ներողությունից բացի Իլհամ Ալիևը քաղաքական կարևորագույն ռեվերանսն արեց Մոսկվային։ Սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողություններից հետո դիմելով Ադրբեջանի ժողովրդին, Իլհամ Ալիևը նաև քաղաքական հայտարարություն արեց՝ ուղղված Մոսկվային, որը կարելի է անվանել անգամ հավատարմության երդում։
«Առաջարկում ենք այն ուժերին, որոնք հեռու են մեր տարածաշրջանից, բայց հետապնդում են իրենց քաղաքական օրակարգը և հայ ժողովրդին օգտագործում, շահագործում են որպես գործիք, հանգիստ թողնեն մեզ։ Նրանք, ովքեր նստած են աշխարհի մյուս կողմում և մեր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում, թող մեզ հանգիստ թողնեն և թույլ տան, որ Հարավային Կովկասն ազատ շնչի», – հայտարարեց Իլհամ Ալիև՝ մեկ կրակոցով խոցելով երկու նապաստակ՝ Մոսկվայում և Թեհրանում։
Ի հեճուկս Բաքվի մշակված ու հաշվարկված այս քաղաքականությանը, Երևանում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ընդունում, որ այս պահին իր «Ալմա Աթա» օպերացիայի հետևանքով ենք հասել այս կետին, ընդ որում չի ընդունում անգամ երբ ուղիղ իր երեսին ասում են, այլև պարզվում է՝ սեպտեմբերի 20-ին, Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում էլ չի ընդունել, որովհետև Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա իր «շնորհավորանքում» դեռ պնդեց, թե ինքն ու իր «Ալմա Աթան» ճիշտ են:
Իլհամ Ալիևը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակումը սկսեց երկու հիմքով։
Առաջին՝ Պրահայում Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունից հետո, ըստ որի, Փաշինյանը, հիմք ընդունելով Ալմա Աթայի հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Եվ երկրորդ՝ սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց. «Եթե ՀՀ-ն ինքն է ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ։ Ղարաբաղի կարգավիճակը ՀՀ-ն ինքն է որոշել»։
Այսքանից հետո Ալիևը կարիք անգամ չուներ սպասելու Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտին։ Այն երկու ուժերը, որոնք պետք է խանգարեին Ալիևին վերցնել Արցախը, ուղիղ հայտարարեցին, որ խանգարել չեն պատրաստվում։
Բայց Նիկոլ Փաշինյանի համար անգամ Վլադիմիր Պուտինի ուղիղ խոսքը ազդակ չէր մոտեցող արհավիրքի մասին։ Նիկոլ Փաշինյանը նույն օրը Պուտինի արած բոլոր հայտարարություններից շեշտում էր այն մեկը, թե Ռուսաստանի նախագահն ասաց իր հետ խնդիրներ չունի։
Փաստ է մնում այն, որ Վլադիմիր Պուտինի հետ մեկ հեռախոսազրույցով Իլհամ Ալիևը կարողացավ «դասավորել իր գործերը», Փաշինյանը՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ սխալն ընդունել չգիտի, անգամ երբ զոհերին նորից հարյուրներով ենք հաշվում։
Արդյունքում ամբողջ ռուսական մեդիան, նաև այն բարձրաստիճան ռուս դիվանագետը, որին Փաշինյանի թիմակիցն անվանեց քարտուղարուհի, ատելությամբ պատմում են անշնորհակալ հայերի մասին։ Պատմում են Փաշինյանի գործերի մասին՝ հայտնի զորավարժության և Փաշինյանի տիկնոջ կիևյան վոյաժի մասին։ Երկուսն էլ պետք էր անել, բայց ճիշտ ժամանակին ու մատուցմամբ, ոչ թե Արցախը կորցնելու, առնվազն 200 հայի կյանքի գնով։
Հայաստանի ղեկավարը, ով էլ լինի, պետք է ունենա հաշվարկելու, մանևրելու, ճիշտ ժամանակին հետ քայլ անելու և թշնամիներ չստեղծելու բացառիկ կարողություն։
Անի Ավետյան