Ամեն ինչ սկսվեց ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան:
ԵՄ առաքելության FALSE հերքումը
Մեկ ժամ անց Հայաստանում Եվրամիության առաքելության սոցցանցային պաշտոնական էջերում հայտնվեցին գրառումներ, որոնք հերքում էին Հայաստանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված լուրը: «ԵՄ առաքելության դիտորդներից որևէ մեկը կրակոցների թիրախում չի եղել», – նշված էր հերքման տեքստում, որին կցել էին լուսանկար՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության վրա ավելացնելով FALSE – ԿԵՂԾԻՔ պատկերը:
Սրան զուգահեռ Բաքվի պաշտպանության նախարարությունը սկսեց չքմեղանալ, թե Հայաստանը կեղծիք է տարածում, իրենք ԵՄ դիտորդների վրա չեն կրակել: Բաքվից հավելում են՝ իրենց նախապես հաղորդվում է, թե սահմանի որ ուղղությամբ և որ ժամին են լինելու ԵՄ դիտորդները, ինչպես նաև տեղանքի հստակ կոորդինատները, դիտորդների մեքենաների մակնիշները և պետհամարանիշները:
«Այդ իսկ պատճառով, տեսականում և գործնականում նման բան, ինչ պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, անհնար է», – նշված է Բաքվի ՊՆ տարածած հայտարարության մեջ։
Ընդամենը րոպեներ անց պարզ դարձավ, թե քանի գրոշի արժեք ունեն ԵՄ առաքելության և Բաքվի ՊՆ հերքումները:
Տեսանյութը և իրականությունը
Մեկ ժամ չանցած, սոցցացներում հայտնվեց տեսանյութ, որում հայկական դիրքերում հայտնված ԵՄ դիտորդը մատով ցույց է տալիս ադրբեջանական դիրքերն ու պատմում, որ այնտեղից կրակել են իրենց, իրենց մեքենաների վրա, հիմա պատսպարվել են և սպասում են մինչև որ նոր տեղեկություններ լինեն, կրակոցները դադարեն և կարողանան վերադառնալ իրենց մեքենաների մոտ:
ԵՄ առաքելությունը միայն տեսանյութը տեսնելուց հետո անմիջապես ջնջեց այն գրառումները, որոնցով ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրել էր կեղծիք տարածելու մեջ: Արեցին նոր՝ «Հաղորդագրության ուղղում» վերնագրով գրառում, որում ընդունեցին, որ առաքելության պարեկն ականատես է եղել ադրբեջանական կրակոցներին։
«Մենք հաստատում ենք, որ ԵՄ պարեկը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ առաքելության որևէ անդամ չի տուժել», – նշված է նոր գրառման մեջ:
Կուտակումների մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի նիստում պաշարված Արցախի հարցի քննարկումը Բաքվին վրդովվեցրել է այնքան, որ Հայաստանի և Արցախի դեմ սկսել են տեղեկատվական մեծ գրոհ:
Ադրբեջանի ԱԳՆ-ը սկսեց պնդել, թե իբր Հայաստանի Զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմատեխնիկա և անձնակազմ են կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի ԱԳՆ-ը պատասխանեց սրան՝ նշելով, որ «ադրբեջանական կողմից Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին»:
ԵՄ դիտորդական առաքելությունը տարածեց հայտարարություն, որում նշեց՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։ X-ի (Թվիթեր) իր էջում առաքելությունը շեշտեց՝ ամենօրյա ռեժիմով հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ – ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազաներից:
«Ելնելով տեղում առկա տեղեկատվությունից՝ չենք տեսնում զորքերի արտասովոր տեղաշարժ կամ կուտակում՝ հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ», – նշված է Հայաստանում ԵՄ առաքելության հայտարարության տեքստում:
Արդեն օրվա վերջում ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
ԵՄ դիտորդների առաքելությունը
ԵՄ դիտորդները ՀՀ ՊՆ դիրքերում հայտնվել են Փաշիյան-Միշել-Մակրոն-Ալիև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությամբ: Այդ հանդիպումից հետո տարածված հայտարարության տեքստում նշված էր, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
Դիտորդները, նախնական պայմանավորվածությամբ, ՀՀ սահմանին էին հայտնվելու երկու ամսով, հետո առաքելության ժամկետը երկարաձգվեց մինչև երկու տարի: Սա Բաքվում ընդունեցին դժկամությամբ: Ալիևը հայտարարեց. «Մենք Պրահայում քննարկել ու համաձայնել էինք, որ այդ առաքելությունը լինելու է կարճաժամկետ, քառասուն մարդուց բաղկացած և շարունակվելու է միայն երկու ամիս: Բայց հետո, ինչ֊ինչ պատճառներով այս համաձայնությունը խախտվեց, ինչը, անշուշտ, խիստ հիասթափեցնող է: Որովհետև մենք լուրջ մարդիկ ենք, և եթե պայմանավորվել ենք, թեկուզ`բանավոր, պետք է խոսքը պահել: Ի՞նչ է նշանակում երկարաձգել առաքելությունը առանց մեզ հետ համաձայեցնելու, չէ՞ որ դա մեր սահմանների մոտ է լինելու»:
Ալիևը նաև պնդել էր, թե այդ քայլով Եվրամիությունը անվտանգությանը չի նպաստում, փոխարենը կասկածի տակ է դնում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ սկսված բանակցությունները Հայաստանի հետ: Ալիևն անցել էր անգամ ծաղրական տոնի՝ հայտարարելով, թե հայերը չպետք է իրենց հույսը դնեն «այդ ֆրանսիացի թոշակառու ոստիկանների» վրա:
Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումը հնարավոր է դարձել, քանի որ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ–ն հստակ գծագրել է, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Ինչը չի եղել ՀԱՊԿ պարագայում:
ԵՄ դիտորդներին Հայաստան բերելը Փաշինյանը հիմնավորում է նաև հայտարարելով, թե մինչև ԵՄ առաքելություն ուղարկելը Ադրբեջանը փորձում էր Եվրոպայում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության գործիքն է Արևմուտքի դեմ։
«Այսինքն, Արևմուտքում ադրբեջանական կողմը փորձում էր Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագերսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում` որպես արևմտամետ դավադրության մասնակից։ Մենք ասացինք` եկեք, դուք տեղում դիտարկեք ու տեսեք` այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանում է, թե ոչ»,– ասել է Փաշինյանը։
Առանց ներողության
Հիմա գազային գործարքով Ադրբեջանի հետ կապված Եվրամիության դիտորդները հերքում են ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը և ընդունում իրենց կեղծիքը միայն անհերքելի տեսանյութ-ապացույցի տարածումից հետո՝ առանց Հայաստանի պաշտպանության նախարարությանը, Հայաստանի պետական-պաշտպանական կառույցին կեղծիքի մեջ անհիմն մեղադրելու համար ներողության որևէ խոսքի:
Անի Ավետյան