Արցախի օկուպացված Շուշիում, որը թուրքերը փորձում են ամեն գնով ներկայացնել թուրքական, բացառել ու հերքել հայկական և ռուսական որևէ ազդեցություն, Իլհամ Ալիևը խոսել է Ռուսաստանի մասին։ Իրականում Ալիևի հայտարարությունները բովանդակությամբ ներողություն են՝ Մոսկվայի դեմ մեկ շաբաթ առաջ արված մեկ սխալի համար։ Սխալն Ալիևը հասկացավ արագ և շտկում է նույն արագությամբ։
Բաքվում ծնված ռուս լրագրողի հարցը
Շուշիի մեդիաֆորումի ժամանակ Իլհամ Ալիևին երրորդ հարցի իրավունքը բաժին հասավ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ներկայացնող, ծնունդով Բաքվից Միխայիլ Գուսմանին։ Ռուսական պետական մեդիահարթակի հարցը Իլհամ Ալիևի առաջ դրվում է նուրբ, բայց հստակ ձևակերպմամբ՝ Պուտինի հետ Մոսկովյան դեկլարացիան ստորագրվել է մեկուկես տարի առաջ՝ 2022-ի փետրվարի 23-ին։ Դրանից հետո աշխարհը հայտնվել է տուրբուլենտային վիճակում՝ Ռուսաստանը «հատուկ ռազմական օպերացիա» է իրականացնում Ուկրաինայում, Ադրբեջանին չի հաջողվում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ «Այս պայմաններում ինչպե՞ս եք գնահատում Ձեզ հետ ստորագրված այս հուշագրի զարգացումը։ Ինչպե՞ս է այն իրականացվում։ Ի՞նչ հեռանկար կա։ Մոսկվայում ստորագրված այս հուշագրի ռեալիզացմանն առնչվող խնդիրներ կա՞ն»,- հարցրեց Գուսմանը։
Մինչև Ալիևի պատասխանը ներկայացնելը վերհիշենք, թե ինչու է ռուսական պետական լրատվամիջոցը հենց այս հարցով դիմում Իլհամ Ալիևին։ Հուլիսի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մեկնել էին Բրյուսել՝ բանակցելու եվրոպական միջնորդությամբ, ՌԴ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն, որը Բաքվում հիստերիայի պատճառ դարձավ։
Վրդովվել են հայտարարության տեքստի միանգամից մի քանի դրվագների պատճառով։ Նախ, որովհետև Մոսկվան նշել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո արմատապես փոխվել են այն հիմնարար պայմանները, որոնց պարագայում ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը և տեղակայվել է ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Բաքվում սա ընկալել են որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա մեկնաբանել», ինչը, Բաքվի դիտարկմամբ, չի համապատասխանում Ռուսաստան-Ադրբեջան Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի սկզբունքներին: Սրա մասին Բաքվի ԱԳ նախարարությունը նախ հայտարարություն է տարածել, հետո էլ նույնը շեշտել է ԱԳ նախարար Բայրամովը՝ ընդունելով ՌԴ նորանշանակ դեսպանին։
Բաքվի վրդովմունքի պատճառը դարձած երկրորդ դրվագն այն է, որ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ներկայացվում է Արցախում ստեղծված վիճակը՝ «խորանում է հումանիտար ճգնաժամը» ձևակերպմամբ և մանրամասներով, որ Արցախում մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր, էլեկտրականություն ու գազ։ «Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխոչընդոտ փոխադրման համար, նաև վերականգնել տարածաշրջանի էներգամատակարարումը»,- նշված էր ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում։ Ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարարությունը կրկնել էր Աղդամի ճանապարհից օգտվելու առաջարկը, երբ այդ առաջարկն ունի երկու ակներև նպատակ՝ ամբողջությամբ կլանել Արցախը և հայերի հետ լեզու գտնելու իմիտացիայով հիմք ստեղծել ՌԴ խաղաղապահ զորախմբին դուրս բերելու առաջարկի համար։
Ոչ պաշտոնական խողովակներով, նաև պաշարման մեջ հայտնված խաղաղապահներին ուղղաթիռներով սնունդ հասցնելով՝ Մոսկվան արդեն իսկ հասկացրել էր, որ Աղդամի ճանապարհն անընդունելի է։ Եվ առաջարկի կրկնությունն ուղիղ ՌԴ ԱԳՆ երեսին ամբողջացրեց այն սխալը, ինչից հետո Իլհամ Ալիևը ստիպված եղավ Շուշիում խոսել Ռուսաստանի հետ փայլուն հարաբերությունների մասին։
Ալիևի զղջումը
Ադրբեջանի ԱԳ նախարարության, ԱԳ նախարարի դժգոհություններից հետո, թե ՌԴ քայլերը չեն համապատասխանում Ռուսաստան-Ադրբեջան Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի սկզբունքներին, Մոսկվան արեց երկու քայլ։ Նախ Ադրբեջանի դեսպանին կանչեցին ՌԴ ԱԳ նախարարություն և բացատրեցին, որ «Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունը կոռեկտ չէր», ապա Շուշիում հնչեց ռուս լրագրողի հարցը։
Եվ Ալիևը, հասկանալով վիճակի լրջությունը, ստիված էր անել հետ քայլը՝ տասնյակ լրագրողների ներկայությամբ ընդունել, որ իր արտգործնախարարը սխալվել է։ «Կարծում եմ, որ անցած տարվա փետրվարին ստորագրված հռչակագիրը Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման նոր փուլ էր։ Մենք գիտակցում ենք այդ հարաբերությունների խորությունը, և մեր փոխգործակցության շրջանակը բավականին ընդարձակ է։
Ինչ վերաբերում է այն ժամանակաշրջանին, որով մենք անցնում ենք ստորագրումից հետո, ապա այն բոլորովին նոր է աշխարհի, մեր տարածաշրջանի, Ռուսաստանի և մեզ համար։ Չնայած դրան, չնայած աշխարհաքաղաքական նման լուրջ փոփոխությանը, Հռչակագրի ստորագրումից ի վեր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը բավականին հաջող է եղել։ Բազմաթիվ շփումներ են եղել ամենաբարձր մակարդակով, եղել են շփումներ կառավարությունների ղեկավարների, արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների և կառավարությունների և հասարակական կառույցների այլ ներկայացուցիչների մակարդակով։ Ուստի վստահաբար կարող եմ ասել, որ Հռչակագրի կետերը կատարվում են»,- հայտարարեց Իլհամ Ալիևը։ Այս կերպ ընդունելով, որ բարձր մակարդակում Մոսկվայի դեմ հայտարարություններ անել չի կարող, բայց հավելելով, որ իր խամաճիկները շարունակելու են հակառուսական պրոցեսները Ադրբեջանում։
Այն ինչ կա մեդիայում, կա միջպետական հարաբերություններում
Ալիևը շեշտեց, թե ամենակարևորն այն է, որ իր և Վլադիմիր Պուտինի միջև կա քաղաքական կամք։ Եվ միայն սա ընդգծելուց հետո հավելեց. «Այն ոչ մեծ անհարթությունները, որ տեսնում ենք ռուսական ԶԼՄ-ներում՝ Ադրբեջանի և ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ Ռուսաստանի նկատմամբ, ազդեցություն չունեն Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքականության վրա»։
Ալիևը փորձել է բացատրել, թե ինչ հիմքով է ադրբեջանական մեդիայում հակառուսական նկատելի հիստերիա սկսվել հատկապես Ուկրաինայում պատերազմի ֆոնին ու նշել է, թե լրատվամիջոցների ներկայացուցիչները լիովին ազատ են իրենց գնահատականներում։ «Քանի որ իրավիճակը կտրուկ փոխվում է, մեր տարածաշրջանում Ղարաբաղյան պատերազմից հետո, աշխարհում՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, ապա, բնականաբար, անխուսափելի են տարբեր գնահատականները, տարբեր վերլուծությունները, տարբեր կարծիքները»,- ասել է Ալիևը։
Իրականում Իլհամ Ալիևը մի մանրուք փորձում է չնկատել, որը, սակայն, Մոսկվայում, վստահաբար, գիտեն՝ Ադրբեջանի տարածքում գործող որևէ անկախ լրատվամիջոց չկա։ Ընդդիմադիր, Ալիևին քննադատող լրատվամիջոցներ կան արտասահմանում՝ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, և դրանք նույնպես կրում են հակառուսական ազդեցություն։ Բայց ոչ այն ագրեսիվությամբ ու սանձարձակությամբ, ինչ Բաքվից և Ալիևի վերահսկողությամբ գործող մեդիան։ Ընդ որում, հակառուսական բուռն տրամադրություններ են տարածում նաև Բաքվի պետական հեռուստաալիքները, որոնց մասով կասկած անգամ չկա, որ կատարում են Ալիևի հրահանգները։
Արևելյան դիվանագիտության դաս
Մոսկվա-Բաքու հարաբերությունների այս դրվագը մի կողմից դիվանագիտության դաս է առանց չափազանցության տարածաշրջանի ամենասանձարձակ ու լկտի նախագահից, որը ցույց տվեց՝ հետ քայլ անելու սթափությունը չի կորցրել։ Իլհամ Ալիևը հստակ գիտակցում է, որ անկախ իր ցեղակից հովանավորի ու եվրոպական գազային գործարքի ֆակտորներից, անկախ պատերազմից, որի մեջ խրված է Մոսկվան, ռուսական կարմիր գծերը Բաքվում չեն կարող հատել։ Անգամ արտգործնախարարության մեկ հայտարարությամբ, որից հետո Իլհամ Ալիևը, առանց ներողություն բառն ասելու խնդրեց ներողություն։
Մյուս կողմից այս ամենը հիշեցում է 2018-ից հետո ռուսական ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի՝ իրար հաջորդած գործողությունների մասին՝ սկսած Ռուսաստանի համար կենսական կարևոր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ սկանդալ հրահրելուց մինչև ռուսական արսենալի հպարտություն Իսկանդերը ծաղրելը և հիմա էլ Վլադիմիր Պուտնի միջնորդական հավակնությունները սաբոտաժի ենթարկելը։ Այս ամենից բխող բոլոր հետևանքներով։
Անի Ավետյան