Էրդողանը՝ խաղաղապահների մասին. Ուղերձ Մոսկվային, Արևմուտքին և հայերին

Ռուսաստանի խաղաղապահներին Արցախից դուրս վռնդելու թուրքական օպերացիան սկսվեց ճիշտ այն պահից, երբ պատերազմի դադարի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության տեքստի 4-րդ կետում նշվեց. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Ադրբեջանցու հարցը և Էրդողանի պատասխանը

Հուլիսի 12-ին Ռուսաստանին որքան հնարավոր է մոտ՝ Վիլնյուսում կազմակերպված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին Թուրքիայի նախագահը հարվածեց Մոսկվային՝ այն կետին, որի զգայունությունը կարող է հասկանալ միայն ինքը՝ Էրդողանը:

Ասուլիսին հարցի իրավունք ստացավ Ադրբեջանի լրագրողը և սկսեց կմկմալով, վրդովված բողոքել ու դժգոհել խաղաղապահներից. «Նախորդ շաբաթ Ադրբեջանի դրոշի նկատմամբ Ղարաբաղում անարգանք է եղել, ռուս զինվորները, իջեցնելով Ադրբեջանի դրոշը, գետնին են նետել, դրա տեսագրությունն էլ կա։ Ռուսները ցանկանում են մնալ Ղարաբաղում: Որն է Ձեր դիրքորոշումը: Ռուս զինվորը պե՞տք է շարունակի իր ներկայությունը Ղարաբաղում, թե՞ երկու տարի հետո, եթե կողմերից մեկն ասի՝ թող ռուս զինվորը լքի Ղարաբաղը, նրանք պիտի լքեն»: 

Էրդողանը համբերատար լսեց՝ թույլ տալով, որ ադրբեջանցին ասի այն, ինչն ինքը չէր ասի, բայց ասել պետք էր, ապա պատասխանեց կարճ, բայց ապտակեց աղմուկով. «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռուսասատանը հայտարարության համաձայն որոշված վայրերում մնա մինչև 2025 թվականը: Իսկ 2025-ին Ռուսաստանը լքելու է այդ վայրերը։ Պայմանավորվածությունն այդպիսին է։ Եվ ես հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ է մնալու այդ պայմանավորվածությանը։ Իմ թանկագին եղբայր Իլհամ Ալիևն էլ՝ հետևողական է դրան»:

Էրդողանի ուղերձը Արևմուտքին

Թուրքիայում նախագահի ընտրություններից առաջ Էրդողանը Արևմուտքի հետ հարաբերությունները վերածել էր բացահայտ կոնֆլիկտի՝ թուրք ընտրողների առաջ ինքնագլուխ և հզոր առաջնորդի կերպարի համար: Հիմա, երբ նախագահի աթոռը փրկված է, Էրդողանը կանգնում է իրողությունների առաջ: 

Այն Էրդողանը, որը գոռում էր Եվրամիության վրա, սպառնում, թե Թուրքիան հավերժ չի կանգնելու «Եվրամիության դռան առաջ», հիմա նորից թակում է «Եվրամիության դուռը»: 

Ու թեև եվրոպական մեդիան նշում է, թե բոլորի համար անսպասելի ու հանկարծակի, իրականում՝ կանխատեսելիորեն Թուրքիայի նախագահը դեռ Վիլնյուս մեկնելուց առաջ Ստամբուլի օդակայանում ասուլիսի ժամանակ հայտարարեց.«Ներկայում ՆԱՏՕ-ի անդամ գրեթե բոլոր երկրները ԵՄ անդամ են։ Ես կոչ եմ անում այս երկրներին, որոնք Թուրքիային սպասեցրել են «ԵՄ դռների առաջ» ավելի քան 50 տարի՝ նախ եկեք ճանապարհ հարթենք Թուրքիայի համար ԵՄ-ում, հետո՝ ճանապարհ հարթենք Շվեդիայի համար, ինչպես ճանապարհ հարթեցինք Ֆինլանդիայի համար»։

Սա նշանակում է, որ ինչքան էլ Էրդողանը մանևրի Պուտինի հետ, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի համար Արևմուտքի և հատկապես Եվրամիությանն անդամակցության հանգամանքը կենսական կարևոր է: Եվ Արցախից Ռուսաստանի հեռանալու մասին թուրքական հայտարարության հասցեատեր է նաև Արևմուտքը՝ Էրդողանը ցույց է տալիս, որ իրեն տեղավորվում է Ռուսաստանի դեմ պայքարի գործընթացում։ 

Էրդողանի ուղերձը Ռուսաստանին

Էրդողանը, որը պայքարում էր նախագահի աթոռի համար և Էրդողանը, որն արդեն նստած է այդ աթոռին, արդեն իսկ խոսում են բոլորովին այլ լեզուներով: Եվ Մոսկվայում հեռատես արևելագետ-քաղաքագետները սա հասկանում էին մինչև անգամ Էրդողանի նոր հայտարարությունները, որովհետև սրանից առաջ ևս Էրդողանը մասնակցել է նախագահական մրցավազքի և ականատես ենք եղել նույն վարքին։ 

Արևմուտք-Ռուսաստան ուկրաինական բախմանը Թուրքիան փորձում է ուղիղ չներգրավվել, բայց այդ բախումը օգտագործելով այլ՝ ոչ պակաս կարևոր կետում Արցախ-Հայաստան-Ադրբեջան բախման մեջ առիթից օգտվելու հնարավորությունը թուրքերը բաց չէին թողնի: 

Հարավային Կովկասն է վերածվում ռուս-թուրքական բախման սկզբունքային կետի: Ընդ որում այդպիսին սկսել է դառնալ Արցախում պատերազմի առաջին րոպեից։ Խոսելով խաղաղապահներին դուրս բերելու մասին՝ Թուրքիայի նախագահը բացեիբաց ազդարարում է Արցախում թուրքական գործոնն ընդլայնելու, ռուսական ազդեցությունը մարելու հավակնության մասին: 

Սրան են միտված ոչ միայն խաղաղապահներին դուրս բերելու մասին հայտարարությունները, այլև Էրդողան-Փաշինյան կարգավորման գործընթացը: 

Էրդողանի ուղերձը հայերին

Թեև Նիկոլ Փաշինյանը մեկնեց Անկարա և շնորհավորեց Էրդողանին Թուրքիայի նախագահ ընտրվեու առիթով և Էրդողանն այդ քայլից գոհ մնաց, բայց Փաշինյան-Էրդողան կարգավորման գործընթացն այս պահին փակուղում է։ Չկան հանդիպումներ, չկան կատարված պայմանավորվածություններ։ Թուրքերը պահանջում են համարձակ քայլեր՝ հանդիպումներ Թուրքիայի կամ Հայաստանի տարածքում, «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, Հայաստանից ակնկալում են, որ կատարվի սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու պայմանավորվածությունը։ Եվ մեջտեղում էլ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Չավուշօղլուի հիստերիան է՝ Երևանում Նեմեսիսի հուշարձանի տեղադրման շուրջ։ 

Այսքանի հետ Ցեղասպանություն իրագործած կայսրության ժառանգ հանրապետությունը հայերին սպառնում է նոր ցեղասպանությամբ և Արցախի բռնակցմամբ։ Որովհետև այս պահին թուրք-ադրբեջանցիների ձեռքերն Արցախում կապված են երկու գործոնով՝ Պաշտպանության բանակ և ռուսական խաղաղապահ զորախումբ։ 

Էրդողանի ուղերձը Ադրբեջանին

Էրդողանի հայտարարությունը նաև ցուցիչ էր, որ մինչև այս Արցախում խաղաղապահների ժամանակավոր լինելու մասին Ալիևի բոլոր հայտարարությունները եղել են թելադրված, ուղղորդված Թուրքիայից: 

«2023-ը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերջին հնարավորությունն է Հայաստանի համար, քանի որ հետո գալու է 2024-ը, իսկ 2025-ին ավարտվելու է ռուսական խաղաղապահների առաքելությունը։ Հայերը պետք է իրենց քթից մի քիչ հեռուն տեսնեն»,- հունվարի 10-ին հայտարարել էր Իլհամ Ալիևը: 

Հիմա Բաքվի պետական քարոզչաալիքներն ինտենսիվ արշավ են տանում երկու ուղղությամբ՝ խաղաղապահների դեմ և Արցախում՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքներում «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու մասին։ Ահաբեկիչների «հակաահաբեկչական օպերացիա» պլանը կարող է գործարկվել միայն եթե այնտեղ չլինեն խաղաղապահներ, որովհետև Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման մեջ Ադրբեջանը հազիվ թե մտնի։ 

Բայց ուղիղ քաղաքական բախում լինում է պարբերաբար։ Այս շաբաթ, պատասխանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ միջանցքը բացելու կոչին, Ադրնեջանի ԱԳ նախարարը հայտարարեց.«Մենք չենք առաջնորդվում որևէ մեկի կոչով, որևէ մեկի խոսքով, մենք առաջնորդվոմ ենք՝ ելնելով մեր ազգային շահերից։ Ադրբեջանը հարցերի լուծման իր տեսակետն ունի և համոզված ենք, որ այդ քաղաքականությունը դրական արդյունքներ կունենա»։ 

Փաշինյանի գործոնը

Ճիշտ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, սկսվեց խաղաղապահներին դուրս բերելու հետհաշվարկը: Եվ ոչ ոքի համար անակնկալ չի լինի, եթե այն կողմը, որը կառաջարկի դուրս բերել ՌԴ խաղաղապահ զորախմբին Արցախից, լինի ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը: Սա կարող է լինել անգամ Փաշինյան-Ալիև բանավոր համաձայնությամբ: 

Անի Ավետյան

Կապված նյութեր