Ահաբեկիչների «հակաահաբեկչական օպերացիա». Բաքվի անփառունակ հրոսակախումբը՝ Պաշտպանության բանակի դեմ

Հունիսի 28-ին Արցախի պաշտպանական դիրքերի վրա հարձակվելուց և Արցախի 4 պաշտպանների սպանությունից առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց էր տվել Բաքվի պետական քարոզչաալիքներից մեկին, որն աշխատում է ռուսական լսարանի ուղղությամբ։ Հասանովը խոսել էր Արցախի պաշտպանության բանակի մասին՝ առավել հստակ դարձնելով հայկական ինքնապաշտպանական ուժերից ազատվելու՝ բլոկադայի օրերին կտրուկ ուրվագծված Ալիևի պլանը։

Ահաբեկիչների «հակաահաբեկչական օպերացիան»

Զաքիր Հասանովը նախ հետևել է Բաքվի գլխավոր թեզին՝ պաշտպանության բանակն անվանելով «անօրինական զինված կազմավորում»։ Իրականում 1991-ի անկախության հանրաքվեից հետո Արցախի Հանրապետությունը կազմավորել է պաշտպանության բանակը՝ նախ համախատասխան Արցախի օրենքներին, ապա չհակասելով միջազգային իրավունքին, չհակասելով մարդու հիմնարար՝ կյանքի իրավուքին։ Որովհետև մինչև այսօր ցեղասպանության ամենաիրական վտանգի առաջ հայկական ինքնապաշտպանական ուժերը 120 հազար արցախահայերի կյանքի պաշտպանն են։

ՊԲ-ն անօրինական զինված խմբավորում ներկայացնելու մասին հայտարարությունը պարբերաբար և ամենատարբեր պաշտոնյաների բերանով կրկնելով՝ Բաքուն ստեղծում է հիմքեր հետագայում իր հնարավոր գործողություններն արդարացնելու համար։ Սրա առաջին փուլը Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումներն Արցախից դուրս բերելու պահանջն էր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Արցախում այլևս ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան, բայց Իլհամ Ալիևը հունիսի 23-ի իր ելույթում նրա առաջ դրած երեք պահանջների մեջ կրկնեց՝ «Արցախից դուրս բերել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները»։ Մյուս երկու պահանջներն էին՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել թղթի վրա և Զանգեզուրի միջանցք կոչվածը։

Ի՞նչ հնարավոր գործողություններ կարող է անել Բաքուն։ Հաշվի առնելով Ալիև-Էրդողան զույգի կապը և հարցերը կարգավորելու Էրդողանի նախընտրելի միջոցները՝ առնվազն քաղաքական ձևակերպումը նկատվել է՝ հակաահաբեկչական օպերացիա։

Ընդ որում այս եզրը նկատվել է նաև Ռուսաստան-ԱՄՆ միջնորդական մրցավազքում։ Ռուսական մեդիան Վաշինգտոնում իր աղբյուրներին հղումով ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ փորձում է միջնորդ լինել ոչ միայն Երևանի և Բաքվի միջև, այլև Ստեփանակերտի և Բաքվի։ Դա անելով շանտաժի միջոցով՝ Արցախի ներկայացուցիչներին պարտադրելով մասնակցել Ալիևի ներկայացուցիչների հետ քննարկումների, հակառակ դեպքում սպառնալով իրականացնել հակաահաբեկչական օպերացիա։ Եթե այս տեքստից դուրս թողնենք միջնորդների մրցակցությունը, մնում է հակաահաբեկչական օպերացիա եզրը՝ որպես Բաքվի ծրագրերի ձևակերպում։

Ալիևի նախարարին զսպող գործոնները

Ադրբեջանի գեներալը հաջորդ հայտարարությամբ սկսել է թերագնահատել այն զորքին, որը երեսուն տարի արժանապատվորեն կանգնել է Բաքվի նավթադոլարներով զինված հրոսակախմբի առաջ։ Այն զորքին, որի կառուցած պաշտպանական դիրքերում պատերազմից հետո հայտնված Բաքվի ռազմական փորձագետները հիացած տեսանյութեր էին տարածում՝ ցույց տալով լաբրինիթային ամրությունները։ Այն զորքին, որի կառուցած հակատանկային բազմագիծ պատնեշների մասին Ադրբեջանի զինծառայողները սոցցանցերում դեռ զարմանքով են պատմում։ Այն զորքին, որի զինծառայողների պատրաստվածության և անձնազոհության մասին պատմությունները արցախահայության դիմադրության ուժն ու վստահությունն են։

Հասանովն ասել է, թե հայկական ինքնապաշտպանական ուժերը «լուրջ վտանգ չեն ներկայացնում Ադրբեջանի համար, նրանց հետ գործը գլուխ կբերի ադրբեջանական բանակի մեկ կորպուսը, եթե սադրանքներ սկսեն, որոշեն ինչ-որ անօրինական գործողություններ իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի դեմ»։

Պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ մնացած Արցախի տարածքներն օղակած, կես տարուց ավելի պաշարած, հայկական դիրքերի, իրենց հողը մշակող խաղաղ արցախցիների վրա կրակող թշնամու պաշտպանության նախարարության ղեկավարը հայկական ուժերին է մեղադրում սադրանքների մեջ։ Ընդ որում ադրբեջանական կրակոցները արձանագրում են նաև ռուս խաղաղապահները։

Հաջորդ իսկ հայտարարությամբ Հասանովը բացահայտել է, թե ինչու է խոսում սադրանքների մասին։

Պատերազմի դադարի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության առաջին կետում նշված է՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Հիմա Ադրբեջանի նախարարը Բաքվի պետական պլանի համաձայն ստեղծում է հիմք՝ հայտարարության այս կետը նորից և հիմնովին խախտելու համար։ Հասանովն ասել է.«Եթե լինեն սադրանքներ, ապա նրանց դեմ, ըստ Ադրբեջանի օրենքների, կօգտագործվեն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները՝ ստիպելով կատարել բոլոր պահանջները»։

Առնվազն մինչև 2025 թվականը, քանի դեռ Արցախում տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, Բաքվում իշխող վերնախավը Արցախի պաշտպանության բանակի դեմ որևէ լայնածավալ գործողության չի գնա։ Կշարունակեն այս բովանդակությամբ հայտարարությունները՝ 2025-ին ընդառաջ դարձնելով առավել ինտենսիվ։

Դիտարկումներ Զաքիր Հասանովի համար

Պատերազմում հաղթած բանակը մնացել է առանց փառքի։ Կա ընկալումների չբարձրաձայնվող կոնսենսուս այն մասին, որ Արցախի և Հայաստանի դեմ հաղթանակ կոչվածը բոլորովին էլ Ադրբեջանի բանակի ձեռքի գործը չէր։ Մի կողմից այն պատճառով, որ կա տեսակետ՝ պատերազմի ելքը որոշվել է ոչ մարտի դաշտում։ Մյուս կողմից Թուրքիայի ներգրավվածությունը։ Թուրքական, իսրայելական անօդաչուներով մարտ մղած, թուրք գեներալների հրամանատարությամբ առաջ սողոսկած, վարձկանների ծառայությունից օգտված բանակի հաղթանակը բոլորովին էլ հերոսության մասին չէ։

Ադրբեջանի բանակի գովքն անում է միայն Իլհամ Ալիևը։ Ընդ որում հատուկ չառանձնացնելով որևէ հրամանատարի՝ որպես հերոս։ Միակ հերոսը, հաղթանակի միակ տերը Իլհամ Ալիևն է։ Ադրբեջանի հանրությունը իր բանակի որևէ հրամանտարի անուն չի կարող նշել, ինչպես Հայաստանում գիտեն Մոնթեից մինչև Դուշման, Բեկոր և մեր մյուս հրամանատարներին։

Եվ երբ Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարն իրար հերթ չտալով հայտարարում են նոր սպառազինություն գնելու մասին, տեղին է նշել, որ այդ երկրում կա նաև իրողությունների հակառակ երեսը։ Ադրբեջանի բանակի տասնյակ զինծառայողներ պատերազմից հետո պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում Ալիևի նստավայրի առաջ՝պահանջելով բարելավել իրենց սոցիալական պահանջները, աղաղակելով, որ իրենց չեն տալիս հաշմանդամի կարգավիճակ՝ զրկելով թոշակից, որի իրավունքը վաստակել են, զրկելով հաց և դեղ գնելու հնարավորությունից։

Վեց խոշոր օպերացիա 

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս հարցազրույցում նաև փաստացի տեսաձայնագրված ուշագրավ խոստովանություն է արել, որ Արցախում պատերազմից հետո Ադրբեջանի բանակը Հայաստանի հետ «պայմանական սահմանին իրականացրել է մոտավորապես վեց խոշոր օպերացիա, որոնց արդյունքում հայկական բանակը մեծ կորուստներ է կրել՝ կենդանի ուժի և տեխնիկայի։ Ադրբեջանը գրավել է ռազմավարական բարձունքներ»։

Թշնամին ուղիղ տեքստով հայտարարում է, որ վեց անգամ ներխուժել է Հայաստանի տարածք, գրավել է հողեր, և հիմա ստեղծել է ինժեներական կառույցներ և կրակային համակարգ, որով սպառնում են օկուպացնել Հայաստանի Հանրապետության նոր տարածքներ։ Ինչը և սպասվում էր։ Ինչը չեն քողարկել։ Ինչի մասին պարբերաբար հայտարարում է Հասանովի ղեկավար Ալիևը։

Անի Ավետյան

______________

📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։ 

Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։

Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։

Կապված նյութեր