Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությունը ռիսկային է Արցախի և ամոթալի Հայաստանի համար։ Ամեն ինչից առաջ այն պատճառով, որ փաստացի պատերազմից երեք տարի անց դեռ արյունահոսող Ստեփանակերտին փորձում են դնել պատերազմը սկսած, Արցախի տարածքներն օկուպացրած, հարյուրավոր արցախցիների սպանած թշնամու առաջ։
Այն թշնամու, որը դեկտեմբերի 12-ից սկսած՝ արդեն 200 օրից ավելի, պաշարել է արցախահայությանը, զրկել է Մայր Հայաստանի հետ միջանցքից, գազից, էլեկտրականությունից, դեղերից։ Հունիսի 28-ին այդ «ուղիղ երկխոսողի» դերին հավակնող նույն Բաքուն հրետանային միջոցներով և անօդաչուներով սպանեց չորս հայի՝ Արցախի չորս պաշտպաններին։ Ռազմական, քաղաքական, սոցիալական, հոգեբանական այս ահռելի ճնշման նպատակը երկխոսելը չէ։ Արցախն ամենախոցելի վիճակում դնելը և այդ «երկխոսության» միջոցով ամբողջությամբ կլանելն է։ Եվ իրատեսական չէ ակնկալել, որ Ստեփանակերտը պետք է կամ կկարողանա ինքնուրույն ու միայնակ դիմակայել Բաքվի լկտի ճնշմանը։
Մանավանդ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը բոլորովին էլ միայնակ չէ կանգնած Ստեփանակերտի առաջ։ Եվ այդ ուղիղ երկխոսություն կոչվածի արանքում միշտ խցկված է լինելու առնվազն Թուրքիան։
Ով է Արցախում ցանկանում ուղիղ երկխոսել Բաքվի հետ
Արցախում բացահայտ դրսևորվում է այն քաղաքական ուժը և այն դեմքը, որը դեմ չէ Բաքվի հետ Ստեփանակերտի ուղիղ բանակցություններին։ Հուլիսի 2-ին Վաշինգտոնից ֆինանսավորվող Ազատություն ռադիոկայանի եթերում Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, հատկապես պատերազմից հետո Արցախի ներքաղաքական կյանքին ակտիվ ներգրավված Սամվել Բաբայանը նախ վերահաստատեց ռուսական լրատվամիջոցների տարածած այն տեղեկություները, որ ամերիկյան կողմից Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության առաջարկ է եղել։ «ԱՄՆ առաջարկով պետք է լինեին բանակցություններ, արցախյան կողմը հրաժարվեց այդ բանակցություններից»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հայտարարելով, որ ինքը դեմ է պաշտոնական Ստեփանակերտի այս դիրքորոշմանը և կարծում է, որ Բաքվի հետ պետք է սկսել ուղիղ բանակցություններ։
«Փորձել վստահություն ձևավորել, փորձել հասարակ խնդիրների, տարբեր հարցերի շուրջ գալ համաձայնության, ժողովուրդը ապրի հանգիստ, նորմալ, նրանից հետո նոր արդեն կանցնենք երկրորդ փուլին՝ կարգավիճակին և մնացած խնդիրներին»,- հայտարարում է Բաբայանը։ Այնուհետև ինքն էլ հենց ընդգծում է, որ Ադրբեջանը շտապում է Արցախի հետ ուղիղ բանակցությունների և պայմանավորվածությունների հասնել, որպեսզի ռուս խաղաղապահներին դուրս բերի Արցախից։ Եվ ավելացնում է, որ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների միջնորդությամբ Արցախի հետ բանակցություններին։
Պաշտոնական Ստեփանակերտը բացատրում է ուղիղ երկխոսությունը մերժելու պատճառները
Ադրբեջանը ուժեղացնում է ճնշումը պաշարված Արցախի վրա մեկ նպատակով, որ Արցախից բանակցային պատվիրակություն մեկնի Բաքու։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է ընդգծել Ազգային ժողովում՝բացատրելով. «Բաքուն մեզ հետ միայն մեկ թեմա է քննարկում այսօր՝ ինտեգրացիայի թեման։ Երկրորդ թեմա չի քննարկվում»։
Արայիկ Հարությունյանն ավելացնում է, որ Հայաստանի հետ բանակցություններում ևս Ադրբեջանը առաջ է քաշում Արցախի առաջ դրած պահանջները. «Բանակցությունները արդյունք չենք տալիս, որովհետև ասում են՝ սա է մեր օրակարգը՝ առաջին կետ՝ Պաշտպանության բանակը լուծարել, դե գնացեք հանդիպման հետո լուծարեք, կամ լուծարեք, հետո գնացեք հանդիպման։ Բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք, բաց եմ ասում բոլորիդ այսօր, հազիվ ստեղծվում է համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան, և ճանապարհով կթողնեն կգնանք, կգանք։ Այն էլ պարզ է՝ ճանապարհով ինչպես են թողնելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։ Ես դեմ չեմ բանակցությունների, դեմ չեմ հանդիպումների, ամենաշատ կողմը ես եմ եղել և ամենաշատ հանդիպումները ես եմ իրականացրել, բայց Արցախն ունի իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորություն և ոչ մի կառույց ու քաղաքական ուժ չի կարող դա կասկածի տակ դնել»։
Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մոսկովյան ընկալումը
Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության հնարավորության մասին եղած շշուկներն աղմուկի վերածեցին ռուսական պետական լրատվամիջոցները։ Հունիսի 15-ին ՌԴ ԱԳՆ նկատելի ուղեկցությամբ մոսկովյան մեդիան սկսեց ահազանգել Արցախում Վաշինգտոնի հայտնվելու մասին։ «Ինչու է ԱՄՆ-ը սողոսկում Ղարաբաղ և շանտաժի ենթարկում հայերին նոր ռազմագործողությամբ». այս վերնագրով և իր վստահելի աղբյուրներին հղումով «Комсомольская Правда»-ն հայտնեց, որ Վաշինգտոնը փորձում է խառնվել Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին։
«Վերջնագրի ֆորմատով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին մոտ ապագայում համաձայնել ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը երրորդ երկրի տարածքում՝ ամերիկացի կուրատորների հսկողությամբ։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրանց սպառնում են Ադրբեջանի հակաահաբեկչական գործողությամբ»,- գրում է Կոմերսանտը՝ նույն աղբյուրին հղումով ներկայացնելով նաև Ստեփանակերտի առաջին արձագանքը՝ ընդհանուր առմամբ բացասական։
Ցայտուն նկատվում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պարագայում Երևանը և Բաքուն նախապատվություն են տալիս ամերիկյան միջնորդությանը։ Եվ եթե Մոսկվան զիջի նաև Ստեփանակերտ-Բաքու ձևաչափի հարցում, նշանակում է սեղանին դրվում է Արցախում ռուսական ֆակտորի հարցը։
Ալիևի վերջնագիրը ուղիղ երկխոսության թեք սեղանին
Իրականում կարևոր է ընդծել, որ Ադրբեջանի ագրեսորը բոլորովին էլ մտադիր չէ բանակցել Արցախի հետ։ Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսությունը, ըստ Բաքվի նույնքան ուղիղ հայտարարությունների, ունի միայն մեկ նպատակ՝ ինտերգրել արցախահայությանը։ Իլհամ Ալիևը բազմաթիվ անգամներ է հայտարարել, թե Արցախը չի կարող որևէ կարգավիճակ ունենալ։ Բերձորյան վերջին ելույթում էլ ցինիկաբար շեշտեց, թե կարգավիճակի հարցը ուղարկել է այնտեղ, ուր պետք էր։ Սա կարողացավ ասել, որովհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։
Հիմա Ալիևը բառացի պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախն իրեն հանձնի թղթով։ «Հայաստանն ուղղակի պետք է քաղաքական կամք դրսևորի և թղթի վրա դնի այն, ինչ արդեն պաշտոնապես հայտարարել են՝ Ղարաբաղը Ադրբեջանն է»։
Այս ֆոնին է, որ սկսվել են Ստեփանակերտի հետ ուղիղ երկխոսության մասին պնդումները։ Ուղիղ երկխոսությունից Բաքվի մյուս ակնկալիքը ևս հստակ է, թեև սրա մասին ուղիղ չի հայտարարվում։ Իլհամ Ալիևն ու նրա կամակատարները պարբերաբար հայտարարում են, թե խաղաղապահները Արցախում են լինելու մինչև 2025 թվականը, ինչպես նշված է պատերազմի դադարի եռակողմ հայտարարության մեջ։ Հիմա, եթե Բաքուն ցույց տա, թե կարողացել է Արցախի հայերի հետ լեզու գտնել, կստեղծի իմիտացիա, թե Արցախում խաղաղապահների ներկայության կարիքը չկա։
Բայց այստեղ Բաքվի հաշվարկներում վրիպակ կա։ Ռուսաստանը պատերազմից հետո Արցախում երկու նպատակով է խաղաղապահներ տեղակայել։ Եվ այդ նպատակներից միայն մեկն է ռազմական գործողությունները դադարեցնելու, Արցախի հայերին Ադրբեջանից փրկելու, հումանիտար օգնություն հասցնելու մասին։ Երկրորդ նպատակը ռուսական գործոնի ներկայություն է այն տարածքներում, որոնք Մոսկվայում համարում են իրենց ազդեցության գոտի և դարպաս դեպի Ռուսաստան։ Սրանից բխող հուշումով, որ խաղաղապահներին Արցախից վռնդելը բոլորովին էլ հեշտ գործ չի լինելու Բաքվի համար։
Կրեմլի դիրքորոշումները ներկայացնող փորձագիտական խողովակներից Նիկոլայ Սիլաևը Արցախից ՌԴ հեռանալու մասին հարցին հուլիսի 1-ին տվեց կարճ ու պարզ պատասխան՝ հեռանալ Ռուսաստանը չի պատրաստվում։
Անի Ավետյան
______________
📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։
Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։
Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։