Արարատ Միրզոյանի ժպիտն ու Արցախի խնդրի միջազգային ընկալումը

Էլի կժպտամ, եթե իմանամ՝ իմ ժպիտը գեթ մեկ զինվորի կյանք կփրկի։ Այս մասին Անթալիայի միջազգային ֆորումից հետո հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ իր ժպտալուն։

Հունիսի 28-ին Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում նույնպես լայն ժպտում էր, այս անգամ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհյուն Բայրամովին, սական այդ ժպիտը կյանքեր չփրկեց, քանի որ դիվանագիտությունը պահանջում է քայլերի ճշգրիտ հաշվարկ ու գործողություն, մնացած ամեն ինչը, այդ թվում դեմքի ժեստիկուլացիան ընդամենը մասնիկներն են ընդհանուր աշխատանքի, երբեմն նպաստող, երբեմն էլ խանգարող։ Պետք է ժպտալ ժամանակին ու իրավիճակին համահունչ, իսկ անտեղի ժպիտը կարող է ընկալվել որպես անզորության նշան։

Ու ընդհանրապես քաղաքականության մեջ ամեն ինչ շաղկապված է՝ թե՛ ժպիտն ու թե՛ սաստող հայացքը շատ հաճախ կարող են ազդել հայտարարությունների բովանդակության վրա, սակայն երբ շահագրգիռ կողմը սաստելու փոխարեն ժպտում է, մեծ է հավանականությունը, որ դրան կհաջորդեն անատամ հայտարարություններ։ Բնականաբար միամտություն է կարծելը, որ Արարատ Միրզոյանի ժպիտը կարող էր ազդեցություն ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, բայց այնուամենայնիվ հակազդեցության չհանդիպումը լայն հնարավորության դուռ է բացելու ոչ միայն ԱՄՆ, այև Ադրբեջանի հետագա գործողությունների համար։

Վաշինգտոնում տեղի ունեցավ նախօրոք ծրագրավորված եռակողմ հանդիպում, սակայն այդ նույն օրը Ադրբեջանն Արցախում դիմեց հարձակման հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով հրետանի և ԱԹՍ, ինչի արդյունքում զոհվեցին ՊԲ 4 զինծառայողներ։ Նույն օրը ադրբեջանի ԶՈւ-ն կրակ բացեց այս անգամ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Ակնկալվում էր, որ հանդիպման օրակարգը հնարավոր է որոշակի փոփոխությունների երթակվի, լինի կոշտ ելույթ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից, լինի կոշտ գնահատական ԱՄՆ-ի կողմից, սակայն ԱՄՆ Պետդեպը միայն մտահոգվեց ու ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ծրագրավորված էր։ Ավելին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն։ Այսինքն, ըստ ամերիկյան կողմի խաղաղության ուղղությամբ կա առաջընթաց ու պետք է այն շարունակել։

Կոշտ ու հասցեական հայտարարությունների ակնկալիքները չէին էլ իրականանալու, երկու պատճառով՝ նախ որքան Արցախում վիճակն անկայունանա, որքան շատ հնչեն կրակոցներ, այնքան անկում կապրի ռուս խաղաղապահների հեղինակությունը, ինչը նպաստում է ԱՄՆ-ի շահերին։

Երկրորդ պատճառն այն է, որ ԱՄՆ-ի համար հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատված են Արցախի հարցից, ավելին, Արցախի հարց այլևս չկա, ըստ նրանց ընկալման, ինչին և ձգտում է Ալիևը, այն ամենն ինչ տեղի է ունենում Արցախում, Ադրբեջանի ներքին գործն է։ Իսկ քանի որ Արցախում տեղի ունեցող դեպքերը Ադրբեջանի ներքին հարցերն են, հետևաբար այն չի կարող անդադառնալ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության առաջընթացի վրա։

Նույն ընկալումն ունեն նաև Հայաստանի իշխանությունները։ Եթե մի պահ վերանանք դեկլարատիվ հայտարարություններից ու Փաշինյանի թվիթերյան՝ ոչինչ չասող գրառումներից ու միջազգային հանրությանն ուղղված կոչերից, գործնականում Հայաստանի իշխանությունների համար նույնպես հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատված են Արցախից։

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն աշխատում են խաղաղության տեքստի շուրջ։ Այլ խոսքով, երբ Ադրբեջանը կրակում է Արցախում խաղաղ բնակիչների ու հայկական դիրքերի ուղղությամբ, մեզ պակասում է միայն խաղաղության տեքստը, իսկ Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցերով մտահոգվել կարող են բոլորը, Հայաստանից սկսած, վերջացրած Ավստրալիայով։

Կարեն Կարապետյան

______________

📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։ 

Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։

Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։

Կապված նյութեր