Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում

Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են դիվանագիտական մրցակցության հերթական փուլում։ Պաշտոնական Երևանը դժգոհ է ռուս խաղաղապահների վարքագծից Լաչինի միջանցքում, ինչպես նաև ՀԱՊԿ անգործությունից ՀՀ սահմաններում։ Կրեմլը, իր հերթին, մեղադրում է ՀՀ իշխանություններին պրոարևմտյան քաղաքականություն վարելու մեջ։ Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։

Տարածաշրջանային զարգացումներ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տեղեկագիրը

 

Վերջին օրերին մամուլում շատ է շրջանառվում հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ եկած նոր խնդիրների թեման: Հարցն առավել ակտիվ սկսեց քննարկվել այն բանից հետո, երբ հունիսի 15-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական զինված ուժերը փորձել են դրոշ տեղադրել ՀՀ սուվերեն տարածքում՝ Հագարիի կամրջի հատվածում։

Թշնամու հերթական այս սադրանքը կանխվել է։ Հայկական Բանակը կրակ է բացել ադրբեջանցիների ուղղությամբ, իսկ հետո նաև, ըստ պաշտոնական տեղեկությունների, հասել դրոշի հեռացմանը։ Սակայն այս միջադեպը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել։

Հունիսի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ մեր երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտաքին հարաբերությունների գերատեսչություն, որտեղ նրան խիստ դժգոհություն է ներկայացվել։ «Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», – նշված է ԱԳՆ մեկնաբանության մեջ (1)։

Նույն օրը հայտնի դարձավ, որ առաջիկայում ՀՀ Կառավարությունը Խորհրդարանի վավերացմանը կներկայացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) (2)։ Բոլորովին վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել, ինչը առաջ է բերել Ռուսաստանի քաղաքական շրջանակների դժգոհությունը։ Բանը նրանում է, որ ս.թ. մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել (3)։ Վավերացնելով Հռոմի ստատուտը՝ Հայաստանը, ըստ էության, պարտավորվում է ձերբակալել Պուտինին՝ վերջինիս մեր երկիր այցելելու պարագայում։ 

Հագարի գետի ՀՀ տարածքում գտնվող ափին ադրբեջանական դրոշ տեղադրելու գործընթացին ռուսական կողմի աջակցության Հայաստանի արձագանքը, թերևս, անակնկալ չէր Ռուսաստանի համար։ Վերջին օրերին ռուսական կողմն ակտիվ տարածում է այն թեզը, թե պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության ուղղվածություն է փոխում և դեմքով շրջվում դեպի Արևմուտք։ Ռուս փորձագետներն ու քաղաքական մեկնաբանները միաբերան պնդում են, որ Ալիև-Փաշինյան զույգը, արևմտյան հարթակներում որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերելով, փորձում է փաստի առջև կանգնեցնել Պուտինին՝ զրկելով վերջինիս արդյունավետ միջնորդ լինելու հնարավորություններից (4)։ Որպես օրինակ ներկայացվում է մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, որը տևել է ընդամենը 20 րոպե (5)։ Արևմտյան հարթակներում մինչ այդ կայացած և դրան հետևող համանման հանդիպումների ֆոնին Ռուսաստանի հիշատակված միջնորդությունը զուտ որպես ֆորմալ փորձ ընկալվեց։

Նշված բոլոր այս խնդիրներին գումարվում է այսպես կոչված Լաչինի միջանցքում և հայ-ադրբեջանական սահմանում առաջաց խնդիրների կապակցությամբ հայկական կողմի դժգոհությունը Ռուսաստանի գործողություններից, որի քննարկման ընթացքում անընդհատ շրջանառվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դադարեցման հարցը։

Այս ամենի լույսի ներքո ամենևին էլ զարմանալի չէ, որ ռուսական կողմը նույնպես սկսել է քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների պահպանման հարցը։ Այսպես, շատ խոսուն է ՌԴ փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկին ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության ուղղած հարցը՝ արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի համար մնում է առևտրային կարևոր գործընկեր, թե՞ վարչապետ Փաշինյանն ավելի շատ դեպի Արևմուտք է նայում։ ՌԴ փոխվարչապետի պատասխանը նույնքան խոսուն է՝ նույնիսկ չեմ ուզում մտածել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդհատման հետևանքների մասին՝ դրանք չափազանց ակնհայտ են (6)։
__________________

Հղումներ

1. Հագարիի մոտ խաղաղապահների ներգրավվածությամբ միջադեպի կապակցությամբ ԱԳՆ-ը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել, 16.06.2023թ., https://news.am/arm/news/765913.html։

2. Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացնի ԱԺ վավերացմանը, 16.06.2023թ., https://armenpress.am/arm/news/1113478/։

3. Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, 17.03.2023թ., https://www.azatutyun.am/a/32323125.html։

4. Нагорный Карабах – цена будущего (по итогам трехсторонней встречи лидеров России, Азербайджана и Армении), журнал “Международная жизнь”, Александр Ананьев, https://interaffairs.ru/news/show/40660։

5. В Москве завершилась трехсторонняя встреча Путина, Пашиняна и Алиева, 25.05.2023г., https://ria.ru/20230525/vstrecha-1874222927.html։

6.Оверчук: все понимают, что альтернативы миру между Азербайджаном и Арменией нет, 19.06.2023г., https://tass.ru/interviews/18054305:

______________

📌 Հարգելի ընթերցողներ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նյութերի բացարձակ մեծամասնությունը լիովին անվճար բաց է ընթերցողների լայն շրջանակի համար։ Սակայն կան հետազոտություններ, որոնք հասանելի են միայն մեր բաժանորդներին։ 

Բաժանորդագրվեք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին և ստացեք հասանելիություն կայքի բոլոր նյութերին, ինչպես նաև մեր միջոցառումներին։

Բաժանորդագրումը մեր Կենտրոնի ծրագրերը կյանքի կոչելու և հետազոտական աշխատանքներն իրականանելու միակ հնարավորությունն է։ Շնորհակալ ենք «Ոսկանապատ» ՎԿ աշխատանքը կարևորող մեր բոլոր բարեկամներին։

Կապված նյութեր