Հայաստանի վերջնական պարտության օրակարգը

2021թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններն ամբողջացրին դեռևս 2018թ.-ին սկիզբ առած Հայաստանի պարտությունների շղթան: Անցած երեք տարիների ընթացքում մեր երկրում տեղի ունեցած բազում իրադարձություններ հուշում էին այն մասին, որ դեպքերի զարգացման նման ընթացքն անխուսափելիորեն բերելու է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք գործոնների՝ լավագույն դեպքում խիստ թուլացմանը, բայց ավելի շուտ՝ վերջնական վերացմանը։ Հասարակության լայն շրջանակների համար այդ գործոններից առավել տեսանելին, անկասկած, Արցախի Հանրապետությունն էր։ Բայց մասնագիտական քննարկումներում շատ էր խոսվում նաև անվտանգային համակարգերի, արտաքին քաղաքական գործիքների, ներհասարակական համերաշխության, ազգային արժեհամակարգի, էլիտաների ճգնաժամի և այլ բազում խնդիրների մասին (1)։ Չնայած այս ամենին՝ ժողովրդի լայն զանգվածները չկարողացան ընկալել պետության առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների էությունը և, առաջնորդվելով շատ ավելի երկրորդական խնդիրներ լուծելու, իսկ հաճախ նաև՝ մուռ հանելու ցանկությամբ, թույլ տվեցին երկրի թշնամիներին ավարտին հասցնել հայկական պետության փաստացի կործանման ծրագրերը։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Հայաստանը վերջնական պարտության տանելու այդ ընթացքը հնարավոր էր կասեցնել անգամ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի (2)՝ ՀՀ վարչապետի կողմից ստորագրելուց հետո։ Ավելին՝ այդ ընթացքը կասեցնելու հնարավորություն կար նույնիսկ Արցախի մի շարք շրջանների՝ առանց որևէ փամփշտի Ադրբեջանին հանձնելու երիցս խայտառակ փաստից հետո։ Բայց, տեսնելով թե ինչպես և ինչ տրամադրություններով էր հայկական զորքը դուրս գալիս, օրինակ, Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանից, և հատկապես տեսնելով, թե ինչպես էին մարդիկ դիմավորում այդ զորքին, կարելի էր ենթադրել, որ Հայաստանի վերջնական պարտությունը կանխորոշված է։ Այդ փաստը հետագայում իր ապացույցը ստացավ Երևանում մեկնարկած բողոքի ցույցերի ընթացքում, որոնց մասնակիցների թիվը երբեք չանցավ 20-25 հազար մարդուց։

Իհարկե, չի կարելի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և կապիտուլյացիոն փաստաթղթի չեղարկման պահանջով փողոց դուրս եկող մարդկանց թիվը հետագայում ավելանար, կամ ի սկզբանե շատ լիներ, եթե այդ շարժումն ուրիշ ուժեր առաջնորդեին։ Բայց մեծ հաշվով դա արդեն ոչինչ չէր փոխի, որովհետև հենց սկզբից պարզ դարձավ, որ ժողովրդի իրական մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր էր պատերազմում պարտվելու և Հայրենիքի զգալի հատվածները կորցնելու փաստին։

Պատերազմի ավարտին հետևած առաջին ամիսներին կոտրվեց նաև համատարած այն համոզմունքը, իբր ՀՀ ոչ մի ղեկավար չի կարող հենց այնպես բռնել ու թշնամուն հող հանձնել։ Բոլորը վստահ էին, որ դրանից հետո պայմանական այդ ղեկավարը լավագույն դեպքում մի քանի ժամի կյանք կունենար։ Պարզվեց՝ ոչ։ Հայասանում չկա ինքնադատաստան տեսնելու ունակ ոչ մի ուժ։ Այս հանգամանքն էլ, իր հերթին, երկու կարևոր զարգացումների պատճառ դարձավ՝ ա) Հայաստանը կապիտուլյացիայի հասցրած իշխանություններն իրենց գործունեությունը շարունակելու հնարավորություն ստացան և բ) ժողովրդի փորքաթիվ, բայց գիտակից հատվածը վերջնականապես հիասթափվեց իր համար մինչ այդ իդեալ հանդիսացող շրջանակներից։ Առաջին հերթին՝ զինվորական էլիտայից։

Երկրորդ այս հանգամանքը իրականում շատ ավելի լուրջ և հիմնարար պատճառներ ունի։ Այն փաստը, որ հայկական խորքային պետությունը (կամ այն, ինչը կարելի է խորքային պետություն կոչել) չբռնեց երկիրը թշնամուն հանձնող իշխանությունների ձեռքը, ինքնին խոսում է այն մասին, որ տեղի է ունեցել, մեղմ ասած, հանցավոր անգործություն։ Եթե, իհարկե, չասենք՝ համաձայնություն տեղի ունեցող զարգացումների հետ։ Իհարկե, նշված շրջանակի առանձին ներկայացուցիչներ շատ խիստ քննադատել են Հայաստանն ու Արցախը կազմաքանդող գործընթացներն ու դրանց մասնակից հիմնական դեմքերին, փորձել որոշակի քայլեր ձեռնարկել, բայց նախ այդ գործունեությունը բավարար չափով կազմակերպված, առավել ևս՝ վճռական չէր, երկրորդ՝ անգամ Հայրենիքի համար կործանարար ընթացքում քաղաքական, մշակութային, սոցիալական վերնախավը չկարողացավ հաղթահարել ներքին տարաձայնությունները և հանդես գալ միասնական նախաձեռնություններով։ Իսկ ամենակարևոր հանգամանքն այն է, որ հայ ռեսուրսակիր էլիտաները՝ մարդիկ, ովքեր բավարար չափով ֆինանսական և կազմակերպչական հնարավորություններ ունեն, համաձայն էին տեղի ունեցողի հետ և նույնիսկ չէին թաքցնում իրենց անձնական շահը կատարվող իրադարձություններում։ Նրանցից մեկը, օրինակ, մինչ օրս տարբեր կաբինետներում հպարտ հայտարարում է, որ վերջին երեք տարիների ընթացքում մի քանի միլիոն դոլար է խնայել, որովհետև «Նիկոլը Սերժի նման չի կանչում ու ասում Ղարաբաղում երկու միլիոն դոլարի ջրագիծ քաշի կամ ասֆալտ փռի»։ Մարդիկ ազատվել են «Սերժի լծից» և այդքանով իրենց երջանիկ են զգում…

Հանրությունը շատ ուշ հասկացավ էլիտաների անգործության փաստը։ Դա տեղի ունեցավ պատերազմից հետո։ Ճիշտ է՝ մինչ այդ ժողովրդի և քաղաքական վերնախավի հարաբերություններն արդեն հիմնովին փչացել էին, բայց նախ հանրության գիտակից հատվածն ամեն ինչ այլ կերպ էր ընկալում և հեռու էր փողոցային աղմկոտ՝ «դմփ-դմփ-հու»-յան տրամադրություններից և երկրորդ՝ էլիտաներ ասվածը չի սկսվում և չի սահմանափակվում քաղաքական վերնախավով։ Ճիշտ հակառակը՝ խնդիրը երկրորդ և երրորդ շերտերում էր՝ իշխանության հիմք կազմող շրջանակներում և վերոնշյալ ռեսուրսակիր մարդկանց շարքում։ Բայց այս հանգամանքը, իհարկե, ոչինչ չի փոխում։ Փաստն այն է, որ ինչպես արդեն նշվեց, դեռևս 2021թ. սկզբներին Հայաստանը կարելի էր փրկել վերջնական պարտությունից, բայց դա տեղի չունեցավ։

2021թ. մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին (3)։ Մինչ այդ նա խնդիրը քննարկել է քաղաքական ուժերի՝ այդ թվում նաև նույն օրերին հանրապետության տարբեր քաղաքների փողոցներում բողոքի ցույցերին մասնակցող ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Ըստ էության, իր համար ամենածանր քաղաքական շրջանում Փաշինյանը կարողացել է ստանալ հայկական էլիտաների աջակցությունը և շարունակել կյանքի կոչել Հայաստանի վերջնական պարտության օրակարգը։ Այդ օրակարգին չեն մասնակցել միայն Միքայել Մինասյանի թիմն ու որոշ առանձին անհատներ։ Ցավոք, մնացած բոլոր քաղաքական ուժերը՝ մի մասը գիտակցաբար, մի մասը Փաշինյանին հեռացնելու այլ ելք, քան ընտրություններն են չտեսնելով, մի մասն էլ պարզապես ընդհանուր տրենդերից ետ չմնալու համար ընդունեցին Փաշինյանի առաջարկը և գնացին կանխորոշված արդյունքներով ընտրությունների։

Դեռևս մի քանի ամիս առաջ ես առիթ եմ ունեցել ասելու, որ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին արդեն իսկ պետական դավաճանության նոր փաստ կլինի։ Նման հայտարարության տրամաբանությունը շատ պարզ էր՝ Փաշինյանի ու նրա թիմի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում կնշանակեր ՀՀ քաղաքացիների համաձայնություն այն քաղաքականության հետ, որ նրանք էին վարում, հետևաբար նաև համաձայնություն դրա հետևանքների հետ։ Այս դեպքում՝ Արցախի բազում տարածքների կորուստ, թշնամի պետություններին ՀՀ տարածքով միջանցքի տրամադրում, զոհեր և այլն, և այլն։

Այս միտքը 2021թ. մարտ-մայիս ամիսներին շատ է կրկնվել թե՛ իմ և թե՛ այլ փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից։ Իրավիճակի նուրբ առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ պարզագույն այս ճշմարտությունը Փաշինյանն ու «Իմքայլականները» ամեն կերպ կոծկում էին ժողովրդից։ Նրանք խոսում էին կոռուպցիայից, նախկինների թալանից, ընդդիմության խնդիրներից, մի խոսքով՝ ամեն ինչից, բացի պատերազմի ողբերգական հետևանքներից և այն կործանարար ընթացքից, որում շարունակվում էր գտնվել հայկական պետությունը։ Այսինքն սեփական իշխանությունը պահպանելու համար Նիկոլ Փաշինյանը նախ որոշեց գնալ այդ քայլին՝ մասնակցել ընտրություններին և ապա՝ խաբել ժողովրդին ու փոխել երկրի ներքաղաքական դիսկուրսի բովանդակությունը։ Փաշինյանին հաջողվեց դա անել ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդը տգետ էր ու չէր հասկանում, որ իրեն խաբում են, այլ որովհետև վերոնշյալ ռեսուրսակիր էլիտաները, ինչպես արդեն ասացի, համաձայն էին այդ օրակարգի հետ։ Արդյունքում Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց իրական հարցադրումն այն չէր, թե ով է լինելու երկրի հաջորդ իշխանությունը, այլ այն, թե համաձա՞յն էր արդյոք հայ ժողովուրդը պատերազմի հետևանքների հետ։

Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները, արդեն գրեցի թե ինչպես, ստացան այդ «համաձայնությունը»։ Եվ դա դարձավ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի ամրագրումը։ Հունիսի 21-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջորդ օրը, աշխարհն արձանագրեց այն փաստը, որ Հայաստանի փրկության վերջին հույսը՝ նրա բնակչությունը, նույնպես կապիտուլյացվել է։ Նիկոլ Փաշինյանը մատուցեց Ալիևին ու Էրդողանին այդ նվերը, որից վերջիններս շատ արագ սկսեցին առատորեն օգտվել։

2021թ. հուլիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նույնպես փաստեց այն հանգամանքը, որ ընտրությունների արդյունքները պարտավորեցնում են ՀՀ իշխանություններին «դժվար» ու «սուր» հարցեր լուծել։ «Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է», – ասել է Պուտինը (4)։ Արդյունքում Փաշինյանը շարունակեց սպասարկել այն օրակարգը, որը ոչ մի առնչություն չունի Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերի հետ։

Հնարավո՞ր էր արդյոք խուսափել Հայաստանի վերջնական կապիտուլյացիան ամրագրող այդ զարգացումներից։ Կարծում եմ՝ այո։ Սակայն այս հարցում ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Այո, արտահերթ խորհրդարանական ընտրությունները դարձան վերը նկարագրված գործընթացի իրական վերջնակետը։ Բայց խնդիրը շատ ավելի վաղուց էր առաջացել և, ինչպես արդեն նշեցի, կապված էր ռեսուրսակիր էլիտաների վարքագծի հետ։ Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա պարտվողական քաղաքականությանը իրապես հակադրվող քաղաքական ուժերի առաջնորդները չկարողացան զսպել այդ էլիտաների՝ առավելապես սեփական շահերով առաջնորդվելու՝ տարիներով ձևավորված և հավատամքի վերածված մոտեցումը։

Երկրորդ պատճառը վերաբերվում էր պատասխանատվության խնդրին։ Խոսքը վերաբերվում է հետնիկոլյան ժամանակաշրջանում սպասվող, շատ դեպքերում, ցավոք, անխուսափելի բացասական զարգացումների պատասխանատվությանը։ Այդ շրջանի քաղաքական քննարկումներում պատասխանատվության հարցը մշտապես եղել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Տպավորությունն այն էր, որ քաղաքական ուժերը դժվար էին պատկերացնում իրենց անելիքները Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո։ Եվ դա իրապես լուրջ խնդիր էր նախընտրական շրջանի համար և շարունակում է լուրջ խնդիր մնալ հիմա։ Թերևս, այս հանգամանքն էլ իր ազդեցությունն ունեցավ «բնականոն» ճանապարհով գնալու ընդդիմադիր առաջնորդների որոշման վրա։ Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ իշխանությունների նախընտրած՝ Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի ուղուն գործնականում ոչինչ չհակադրվեց։ Ընդդիմությունը ոչ կարողացավ դրա փոխարեն այլ ծրագիր առաջարկել հանրությանը, ոչ էլ խոչընդոտել իշխանությունների՝ Հայաստանի համար կործանարար այդ օրակարգին։

Պե՞տք է արդյոք քննադատել ընդդիմությանը այս ամենի համար։ Այո։ Բայց այս հարցում նույնպես ես որոշակի վերապահումներ ունեմ։ Եվ դա նախ պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքս, լինելով ակտիվ շփման մեջ ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերի հետ, տեսել եմ, որ նրանցից շատերն ազնիվ պայքարել են Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի օրակարգի դեմ։ Փորձել, բայց չեն հաջողել։ Պատճառները շատ են, որոնց հիմնական մասն արմատներով հասնում է Հայաստանի և Արցախի անկախության առաջին տարիներին։ Այլ խոսքերով՝ նախկին սխալները թույլ չտվեցին նրանց համոզիչ լինել ներկա իրողություններում և մրցակցային՝ անգամ մեր երկրի համար կործանարար քաղաքականություն իրականացնող ուժերի դեմ։ Եվ սա խնդիր է, որի հիմքերն անպայման կուսումնասիրենք մեկ այլ աշխատության մեջ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

——————————
Հղումներ

1. 2018-2019թթ. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը նման մի քանի քննարկում է կազմակերպել, իսկ 2019թ. վերջին «Հայաստանը 2020-ի նախաշեմին» խորագրով մեծ համաժողով, Երևան, 23.12.2019թ., https://www.yerkir.am/news/view/188747.html։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 09.11.2020թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/։

3. Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 18.03.2021թ., https://www.azatutyun.am/a/31157679.html։

4. Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք․ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանին, 07.07.2021թ., https://a1plus.am/hy/article/407300։

Կապված նյութեր