44-օրյա պատերազմի հետևանքով մեր տարածաշրջանում առաջացած Իսրայելի նոր հավակնությունները

Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների շահառուները միայն դրանցում տեսանելի ակտիվ ներգրավված դերակատարները չեն: Չնայած այն հանգամանքին, որ վերջին 30 տարիների ընթացքում Իսրայելը առանձնապես հետաքրքրվածություն չի ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, այնուամենայնիվ այդ պետությունը Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակով ամենաշահագրգռված կողմերից էր:

Նշենք, որ պատերազմի օրերին ևս պաշտոնական Թել-Ավիվը, ի պատասխան հայկական կողմից հնչած անհանգստությունների՝ կապված Իսրայելից Ադրբեջան զենքի շարունակվող ակտիվ մատակարարումների հետ, որոնք արդյունքում հանգեցրեցին մեր դեսպանի հետկանչին այդ երկրից, շարունակում էր պնդել իր չեզոքության մասին.  «Իսրայել պետությունն Ադրբեջանի հետ ունի երկարամյա հարաբերություններ, և երկու երկրների միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ այլ կողմի դեմ», – նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում նշել էր Իսրայելի նախագահը՝ Հայաստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելով (1):

Սակայն Ադրբեջանի ռազմական գերազանցությունը հայկական ուժերի նկատմամբ և պատերազմի նման ելքը հնարավոր դարձավ այդ թվում նաև հենց իսրայելական զենքի, մասնավորապես հարվածային ԱԹՍ-ների շնորհիվ: Պատահական չէ, որ ադրբեջանցիները հաղթանակը տոնելու համար փողոց էին դուրս եկել նաև իսրայելական դրոշներով:

Խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմի ինստիտուտի գնահատմամբ, Ադրբեջանի զենքի մոտ 27 տոկոսը գնվել է իսրայելական ընկերություններից։ Ընդ որում, այդ գնումների հիմնական մասը տեղի են ունեցել 2016-2020 թվականներին։ Այդ ժամանակահատվածում Իսրայլը դարձել է ադրբեջանական զենքի մոտ 70 տոկոսի ձեռքբերման աղբյուրը։ Նույն այդ ժամանակահատվածում՝ 2016-2020 թվականներին  Ադրբեջանին բաժին է ընկել իսրայելական զենքի արտահանումների 17 տոկոսը (2):

Արցախում պատերազմի արդյունքներից Իսրայելի գլխավոր դիվիդենտներից ամենաակնառուն կապված է հենց իսրայելական զենքի շուկայի հետ: Իսրայելը հնարավորություն ունեցավ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ ստուգել իր ժամանակակից զինատեսակների արդյունավետությունը: Ենթադրվում է, որ առնվազն այդ թեստը հաջողությամբ անցած զինատեսակների պահանջը զենքի համաշխարհային շուկայում կավելանա: Այս համատեքսում չպետք է մոռանալ նույն Ադրբեջանին, որ պատերազմից հետո իր զինանոցը վերականգնելու խնդիր ունի և բնականաբար շարունակելու է նախապատվություն տալ իսրայելական զինատեսակներին:

Սակայն Իսրայելի համար պատերազմի արդյունքներից բխող հնարավորությունները այսքանով չեն սահմանափակվում: Իսրայելը հնարավորություն է ստանում ամրապնդել իր դիրքերն Ադրբեջանում, որը շատ կարևոր է  հատկապես վերջին շրջանում Իրանի հետ ուժեղացող առճակատման համատեքստում:

1991 թվականին անկախանալուց հետո Ադրբեջանը դարձել է Իսրայելի ամենամոտ գործընկերն իսլամական աշխարհում: Խորհրդային Միության փլուզումից հետո Իսրայելը հատկապես ուշադրություն է դարձրել նորանկախ իսլամական հանրապետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Թել-Ավիվը, ոչ առանց հիմքերի, լուրջ մտավախություններ ուներ, որ իր հիմնական հակառակորդները՝ մի կողմից Սաուդյան Արաբիան, մյուս կողմից Իրանը, այդ երկրներում իսլամական գործոնի ամրապնդման նպատակով կակտիվանան՝ արդյունքում ստեղծելով իր համար նոր մարտահրավերներ: Ընդ որում, Իրանի կողմից եկող մարտահրավերների առումով ավելի ռիսկային էր դիտվում Ադրբեջանը, որի բնակչության մեծամասնությունը շիա մուսուլմաններ են:

Հաշվի առնելով Ադրբեջանի էներգակիրների ռեսուրսները՝ այդ երկրի հետ հարաբերությունների զարգացումն Իսրայելի համար ուներ նաև տնտեսական կարևորություն: Նշենք, որ այսօր Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսը բավարարում է Ադրբեջանը (3): Իսրայելը նաև հետաքրքրվածություն է ցուցաբերում ադրբեջանական գազի ներկրման հարցում:

Նորանկախ մուսուլմանական հանրապետությունների հետ երկխոսության զարգացումը կարևոր էր Իսրայելի համար նաև միջազգային հեղինակության տեսանկյունից: Պաղեստինա-իսրայելական հակամարտության պատճառով Իսրայելի երկխոսությունը չէր ստացվում ոչ միայն արաբական, այլև իսլամական աշխարհի հետ: Նման պայմաններում նորանկախ հանրապետությունների հետ հարաբերությունները կարող էին որոշակի դիվիդենտներ բերել Իսրայելին:

Ու թեև այսօր Ադրբեջանի և Իսրայելի միջև բավականին ամուր և դինամիկ զարգացող տնտեսական կապեր կան, և Ադրբեջանը հանդիսանում է Հարավային Կովկասում Իսրայելի համար ամենաառանցքային գործընկերը, այնուամենայնիվ կողմերը որոշակիորեն դանդաղում են քաղաքական մերձեցման հարցում, կամ առնվազն փորձում են նման տպավորություն ստեղծել: 2009 թվականին Wikileaks-ի հրապարակած ամերիկյան դիվանագիտական ​​գաղտնի հեռագրում ասվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակին Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները համեմատել է այսբերգի հետ. «Այդ հարաբերությունների ինը տասերորդը գտնվում է ջրի տակ» (4):

Հարաբերությունների մեծ մասը «ջրի տակ պահելու» նախաձեռնությունն, ըստ էության, պատկանում է հենց Ադրբեջանին: Իրանն, Իսրայելի հետ իր հարաբերությունների բնույթից ելնելով, բավականին սուր է արձագանքում հարևան երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացմանը: Դա դրսևորվեց նաև Հայաստանի դեպքում. իրանական լրատվամիջոցները բավականին կոշտ արձագանքեցին Հայաստանի կողմից 2020 թվականին Իսրայելում դեսպանատուն բացելուն (5), բողոքի ակցիա տեղի ունեցավ Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց:

Ադրբեջանն, ի դեպ, չնայած Իսրայելի հետ օրակարգի անհամեմատ ավելի հագեցվածությանը, մինչ օրս դեսպանատուն չի բացել Թել-Ավիվում, չնայած Բաքվում Իսրայելը դեսպանատուն է բացել դեռ 1993 թվականին: Ադրբեջանի կողմից Իսրայելի հետ հարաբերությունները հանրայնացնելու հարցում զգուշավորության մասին է խոսում նաև պաշտոնական փոխայցելությունների վիճակագրությունը: Իսրայելի նախագահի, ԱԳ նախարարի, ինչպես նաև վարչապետի Ադրբեջան կատարած այցերի դիմաց ադրբեջանական առաջին բարձրաստիճան այցը կատարվել է ԱԳ նախարարի մակարդակով 2013 թվականին:

Ընդ որում, պետք է նկատել, որ Ադրբեջանի զգուշավորությունը կապված էր ոչ միայն Իրանի հնարավոր սուր արձագանքով, այլ նաև իսլամական և արաբական աշխարհի հետ հարաբերություններում մութ ամպեր չկուտակելու Բաքվի ձգտմամբ. Իսրայելի հետ հարաբերությունները որոշակի բարդություններ կարող էին առաջացնել Ադրբեջանի համար Իսլամական համագործակցության կազմակերպությունում  Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտող փաստաթղթեր ընդունելու և ընդհանրապես միջազգային ասպարեզում այս կապակցությամբ իսլամական երկրների կողմից աջակցություն ստանալու տեսանկյունից: Թերևս հենց սրանով է բացատրվում նաև միջազգային հարթակներում հակաիսրայելական բանաձևերին Ադրբեջանի քվեարկությունը:

44-օրյա պատերազմի արդյունքները որոշակիորեն բացում են Ադրբեջանի ձեռքերը Իսրայելի հետ քաղաքական հարաբերությունների մասին հրապարակային խոսելու, այդ թվում նաև Իսրայելում դեսպանատուն բացելու համար.  ենթադրվում է, որ Բաքվի համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային լայն աջակցությունը նույն կարևորությունը չպետք է ունենա, ինչ 44-օրյա պատերազմից առաջ էր:

Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները հանրայնացնելն ինքնանպատակ չէ: Արդյունքում Իսրայելը քաղաքական տեսանկյունից հարաբերությունները խորացնելու և այդ հարաբերություններում ավելի մեծ հավակնություններ ունենալու հնարավորություն կստանա:

Նշենք, որ հարաբերությունների հանրայնացնելուն նպաստում են ոչ միայն 44-օրյա պատերազմի արդյունքները, այլ նաև Իսրայելի կողմից արաբական մի շարք երկրների հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը. Իսլամական և արաբական աշխարհի քննադատությունից Ադրբեջանի մտավախություններն այսօր այդքան էլ հիմնավոր չեն հնչի: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ հարաբերությունների հանրայնացումը կարող է նպասել իսլամական աշխարհի հետ Իսրայելի երկխոսության արդյունավետությանը՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս ունեցած ներդումն իսլամական այդ պետության հաղթանակի գործում:

Իսրայելի համար մյուս կարևոր արդյունքը, որը գրանցել է 44-օրյա պատերազմը, Իրանի և Ադրբեջանի միջև սահմանի երկարումն է: Սա հեռանկարում կարող է հնարավորություն ստեղծել Իսրայելի համար հետախուզական ավելի մեծ հասանելիություն ունենալ իր աշխարհաքաղաքական հակառակորդի՝ Իրանի տարածքի նկատմամբ:

Այս համատեքստում հիշեցնենք, որ իսրայելական լրատվամիջոցները 2009 թվականին գրում էին, որ նախագահ Շիմոն Պերեսի՝ Ադրբեջան այցելության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանում ստեղծելու իսրայելական հետախուզության էլեկտրոնային ցանց՝ Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկատվություններ ստանալու համար (6):

Իրանական կողմը վերջին շրջանում պնդում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում սիոնիստական ներկայությունն իր սահմանին ուժեղացել է: «Սիոնիստական ռեժիմը փորձում է առավելագույնս օգտագործել այդ հնարավորությունը, և ահաբեկչական խմբավորումների անհաջող հարձակման ժամանակ մոտենալ Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններին, սիոնիստները գտնվում էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում», – հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը (7):

Բաքուն հերքում է Թեհրանի այս մեղադրանքները, սակայն, եթե անգամ ընդունեք, որ այս պահին Ադրբեջանում Իրանի դեմ իսրայելական ներկայությունը փոփոխություն չի կրել, հեռանկարում դա որևէ կերպ չի կարելի բացառել մի քանի պատճառով:

2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում նախատեսում է Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը միացնող հաղորդակցության ուղիների տրամադրում Հայաստանի տարածքով: Այս կետի իրականացումը որոշակիորեն կթուլացնի Ադրբեջանի կախվածությունն Իրանից, որի տարածքով են այս պահին անցնում Ադրբեջանի մնացած մասը Նախիջևանին կապող հիմնական ուղիները: Արդյունքում Իրանի լծակները Ադրբեջանի վրա կթուլանան՝ վերջինիս տալով որոշակի ազատություններ՝ ընդ որում ոչ միայն Իսրայելի հետ հարաբերություններում, այլև Իրանի ադրբեջանցիների հետ համագործակցության համար:

Իսրայելի համար Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհների առկայությունը կարևոր է նաև տարածաշրջանում թյուրքական գործոնի ուժեղացման տեսանկյունից, ինչի արդյունքում Իրանի դիրքերը Հարավային Կովկասում էականորեն կթուլանան:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցած ուժային վերադասավորումների արդյունքում Թուրքիայի ազդեցության մեծացմանը զուգահեռ տարածաշրջանում Իրանի ազդեցությունն արդեն իսկ բավականին լուրջ հարվածներ է կրել: Թեհրանը փորձում է վերականգնել ուժային բալանսը, սակայն դեռևս էական առաջընթաց այս հարցում չի գրանցել: Այս համատեքստում պետք է դիտել նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների վայրիվերումները: Մի կողմից արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակն Իրանի ազգային, պետական շահերի համար առաջացնում է լուրջ մարտահրավերներ, որոնք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանգեցրեցին երկու երկրների միջև լարվածության էական աճի և թշնամական հռետորաբանության ակտիվացման, մյուս կողմից նույն ազգային, պետական շահերի տեսանկյունից Իրանը չի կարող հաշվի չառնել տարածաշրջանային նոր իրողությունները և լուրջ հարվածներ հասցնել Ադրբեջանի հետ հարաբերություններին: Թերևս այս համատեքստում պետք է դիտարկել նաև Իրանի կողմից Ադրբեջանին ուղղված շնորհավորանքները պատերազմի արդյունքների կապակցությամբ և  Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման հարցում ակտիվ մասնակցություն ունենալու ձգտումները:

Ընդ որում, Թեհրանի մտահոգություններն առնչվում են ոչ միայն իր սահմանների մոտ Իսրայելի ներկայությանն և դրա ուժեղացման հեռանկարին: Պատերազմի արդյունքները, ինչպես արդեն նշեցինք, բացում է Ադրբեջանի ձեռքերն ավելի սերտ համագործակցելու Իրանի ադրբեջանցիների հետ: 44-օրյա պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցությամբ Ադրբեջանի հաղթանակը կարող է էականորեն մեծացնել Իրանի թյուրքախոս բնակչության շրջանում ազգայնական տրամադրությունները, որոնք առնվազն Թուրքիան, կարծես թե, հակված է օգտագործել: Այս համատեքստում հետաքրքիր է Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահի ելույթը: էրդողանը մի հատված էր արտասանել ադրբեջանցի պոետ Բահթիար Վահաբզադեի բանաստեղծությունից, որում խոսվում էր Արաքսով տարանջատված ադրբեջանաբնակ հողերի մասին: Սա Իրանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ դարձավ:

Իսրայելի համար Իրանի ազդեցության թուլացումն անգամ Մերձավոր Արևելքի հարակից տարածաշրջաններում արդեն իսկ բավականին դրական զարգացում է, իսկ Թուրքիայի կողմից Իրանում անջատողական տրամադրությունների խթանումը, Իրանի ներսում խնդիրներ ստեղծելը մեծ ձեռքբերում  կարող է դառնալ Իսրայլի արտաքին և անվտանգային քաղաքականության համար: Սակայն այդ հարցերում այս պահին Իսրայելն ավելի շատ դիտորդի և սպասողի դերում է: Իրանի համար խնդիրներ ստեղծելու, այդ թվում նաև Իրանի ավելի մեծ տարածքի նկատմամբ հետախուզական հասանելիություն ձեռք բերելու  հարցում արդյունավետության համար այսօր Իսրայելը Թուրքիայի հետ համագործակցության կարիք ունի՝ հատկապես հաշվի առնելով պատերազմից հետո Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցության շեշտակի աճը, որը որոշ դեպքերում բախվում է նաև Ադրբեջանի ինքնիշխանության խնդրի հետ:

Այստեղ Իսրայելի համար դժվարություններ են առաջացնում Թուրքիայի հետ հարաբերություններում առկա խնդիրները: Թուրքիան տարեսկզբին դրական ազդակներ էր հղում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, այս ուղղությամբ միջնորդական ջանքներն ակտիվացրել էր նաև Ադրբեջանի նախագահը, սակայն այս տարվա մայիսին Իսրայելի գործողություններն ինչպես Երուսաղեմում, այնպես էլ Գազայի հատվածում ստիպեցին Էրդողանին, որը հավակնում է ստանձնել ոչ միայն թյուրքական, այլ նաև իսլամական աշխարհի առաջնորդությունը, վերադառնալ Իսրայելի նկատմամբ կոշտ հռետորաբանությանը:

Իսրայելը 44-օրյա պատերազմի արդյունքում դիվիդենտներ է ստանում ոչ միայն Ադրբեջանի հետ հարաբերություններում, այլ նաև Հայաստանի:

Թել-Ավիվում հաշվարկում են, որ տարածաշրջանի ապաշրջափակման արդյունքում Հայաստանի համար Իրանի նշանակությունը կարող է նվազել, ուստի Իսրայելը կարող է հույս ունենալ Երևանի հետ հարաբերությունների զարգացման հարցում գնալ ավելի հեռուն՝ հատկապես, որ երկկողմ հարաբերություններում առկա մյուս խնդիրները ևս կորցնում են իրենց սրությունը: Խոսքը մասնավորապես Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելու, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման արդյունքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի երկրորդական դառնալու մասին է:

Այստեղ ևս Իսրայելը որոշակի կախվածություն ունի տարածաշրջանում ուժային վերադասավորումներից: Եթե Իսրայելը միանա թուրք-ադրբեջանական դաշինքին, որքանով վերջինիս հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը ձեռնտու կլինի օրինակ Ռուսաստանին (Իրանի մասին, կարծում եմ, ավելորդ է խոսել), քանի որ ԱՄՆ դաշնակից Իսրայելը Հայաստանում կարող է նպաստել իր դաշնակիցների շահերի սպասարկմանը՝ Ռուսաստանի համար ստեղծելով լուրջ գլխացավանք: Հայաստան-Իսրայել հարաբերությունների ակտիվացումը կարող է գլխացավանք առաջացնել նաև Ռուսաստան-Իրան հարաբերություններում: Ուստի, Հայաստանում ևս իր դիրքերն ամրապնդել փորձելու համար Իսրայելը այլ դերակատարների հետ համագործակցության կարիք ունի:

Հասմիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Հայացք» վերլուծա
կան կենտրոնի փորձագետ

—————————
Հղումներ

  1. Rivlin speaks with Armenian president, hopes ambassador will return soon, https://www.jpost.com/breaking-news/rivlin-speaks-with-armenian-president-hopes-ambassador-will-return-soon-644575
  2. Arms transfers to conflict zones: The case of Nagorno-Karabakh, https://www.sipri.org/commentary/topical-backgrounder/2021/arms-transfers-conflict-zones-case-nagorno-karabakh
  3. Azerbaijani ambassador: Border hostilities may harm Israeli oil supplies https://www.jpost.com/israel-news/azerbaijani-ambassador-border-hostilities-may-harm-israeli-oil-supplies-635851
  4. AZERBAIJAN’S DISCREET SYMBIOSIS WITH ISRAEL, https://wikileaks.org/plusd/cables/09BAKU20_a.html
  5. «Հայաստանի խաղը ամերիկա-իսրայելական փազլում» https://www.mehrnews.com/news/4882258, «Հայաստանի համար Սիոնիստական ռեժիմի (Իսրայել) լարած թակարդը» www.tasnimnews.com/fa/news/1398/12/28/2226190
  6. Станислав Тарасов: Удастся ли Баку расколоть союз армянских и еврейских лоббистов? https://regnum.ru/news/polit/1251577.html
  7. Iran’s foreign policy, economy not to be tied to JCPOAhttps://en.mehrnews.com/news/179299/Iran-s-foreign-policy-economy-not-to-be-tied-to-JCPOA

Կապված նյութեր