Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկած «քաղաքական փիլիսոփայությունն» ու Հայաստանի պարտության օրակարգը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, Մարգարետ Թետչերը, խոսելով Սառը պատերազմից հետո Արևմուտքում տիրող տրամադրությունների մասին, գրել է, որ չգիտես ինչու, մարդիկ որոշել են, թե հիմա արդեն կարելի է հանգիստ լինել ու մտածել հաճույքների մասին։ «Գլխավոր թշնամու՝ սովետական կոմունիզմի, դեմ տարած հաղթանակից հետո, միտքն այն մասին, որ կարող են ի հայտ գալ նոր թշնամիներ, որոնք ի վիճակի կլինեն խաթարել մեր բարեկեցությունը, ինքնին շատ անիմաստ էր թվում։ Հենց այդ պատճառով էինք մենք ավելի ու ավելի շատ լսում մարդու իրավունքների և ավելի ու ավելի քիչ՝ ազգային անվտանգության մասին։ Մենք շատ էինք ծախսում բարեկեցեության բարձրացման վրա և քիչ՝ պաշտպանության։ Մենք թույլատրել ենք մեր հետախուզական ծառայություններին թուլանալ։ Մենք կարծում էինք, իսկ լիբերալ տրամադրված շատ քաղաքական գործիչներ նման հիմքեր էին տալիս մեզ, որ «Երկրի չափ գյուղում» գոյություն ունեն միայն բարի հարևաններ։ Եվ մեզանից միայն որոշներն էին, որ համարձակվում էին այնքան հանդուգն լինել՝ պնդելու, որ բարիդրացիության լավագույն հիմքը հաճախ ամուր պատնեշներն են» (1)։

«Երկաթե տիկնոջ» այս տողերը կարդալիս, համոզված եմ, շատերն են մտովի զուգահեռներ անցկացնում այն իրականության հետ, որն առկա էր Հայաստանում Արցախյան վերջին պատերազմից առաջ։ Իսկապես, համարելով, որ Ադրբեջանի հետ մրցակցությունում մենք հաղթել ենք, հայ հանրությունը երկրորդ պլան էր մղել անվտանգային գործոնները։ Քաղաքական էլիտաներն առավելապես կենտրոնացած էին իշխանության խնդրի, ներքաղաքական զարգացումների, սեփական ազդեցության մեծացման, ռեսուրսների ավելացման և նմանատիպ այլ հարցերի վրա։ Ժողովրդի և պետության էներգիան ծախսվել է ոչ թե արտաքին սպառնալիքներին դիմակայելու, այլ ներքին օրակարգերը սպասարկելու համար։ Բնական է, այս ամենն անհետևանք չէր կարող մնալ։

Խնդիրն իրականում շատ ավելի ծավալուն է և խորքային։ Արցախյան վերջին պատերազմից հետո շատ ընկերներ և հարազատներ ցավով նշում էին, իբր ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ասում էր, թե պետք է Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին և խաղաղ ապագա կառուցել թուրք-ադրբեջանական դաշինքի հետ։ Նույն մարդիկ գրեթե նույն դառնությամբ ասում են, որ Ռուսաստանը դավաճանեց մեզ, որ մեր պետության և հանրության հիմքում դրված արժեքները կեղծ էին, որ հերոսները հերոս չեն և այլն, և այլն։ Ավելին, նրանք հաճախ համոզմունք են հայտնում, իբրև հայ ժողովուրդը տապալել է պետություն կառուցելու գործընթացը, և ավելի լավ է Հայաստանը կրկին միանա Ռուսաստանին։ Ցավոք, նման մոտեցումներն ու գնահատականները գնալով ավելի են ամրապնդվում մեր ժողովրդի ստվար շերտերի մտքում, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու գործում։ Մյուս կողմից էլ նույն ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա թիմի անդամներն ու հետևորդներն ամեն կերպ նպաստում են Հայաստանում անկումային տրամադրությունների տարածմանը՝ այդկերպ փորձելով հիմնավորել իրենց նախկին քայլերի ու դիրքորոշման «ճշմարտացիությունը»։ Բավական է նշել ՀՀ առաջին նախագահի` 2020թ. նոյեմբերի 22-ի ֆեյսբուքյան հիշեցումն այն մասին, որ ինքը դեռևս 2017-ին է հայտարարել. «Իսկական ազգակործանները «ոչմիթիզականներն» են» (2) և ամեն ինչ պարզ կդառնա։ Ահա թե ինչն էր մտահոգում Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ կապիտուլյացիային անմիջապես հաջորդող օրերին…

Իհարկե, հայտնի փաստ է, որ ԼՏՊ-ի այդ մոտեցումները վաղուց են քարոզվում Հայաստանում։ 2016թ. դեկտեմբերին կայացած ՀԱԿ համագումարի ժամանակ ՀՀ առաջին նախագահն իր ելույթում ասել է, թե հայկական իրականության չարիքների պատճառը 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է։ «Այլ կերպ ասած՝ Ղարա­բաղ­յան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափա­կումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը» (3)։ Այս թեզը ժամանակի ընթացքում զարգացել և հասել է ԼՏՊ արտաքին հարցերով նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ բոլորովին վերջերս արտահայտած այն մտքին, որ Ադրբեջանից ու Թուրքիայից Հայաստանին ոչինչ չի սպառնում և որ 30 տարի Հայաստանում ապրած Արծվիկ Մինասյանը «չի մորթվել» թուրքի կողմից (4)։

Իսկապե՞ս ամեն ինչ այնպես է, ինչպես մեր ժողովրդին փորձում են հավատացնել Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա «քաղաքական փիլիսոփակության» հետևորդները։ Իհարկե՝ ոչ։ Խնդիրը, թերևս այլ տեղ է։ Այն, որ նույնիսկ մեր երկրի առաջին դեմքերը չեն հավատացել Արցախյան առաջին պատերազմում մեր ժողովուրդի տարած հաղթանակին տեր կանգնելու հնարավորությանը։ Չգիտես ինչու, բայց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը իր ձևավորման առաջին իսկ օրերից միտված է եղել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ի հաշիվ մեր ազգային շահերի և նույնիսկ տարածքների, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Դա մի գիծ էր, որը մշակվել է հենց Տեր-Պետրոսյանի, Լիպարիտյանի և նրանց թիմակիցների կողմից ու ժառանգվել ՀՀ հաջորդ իշխանություններին։ Իսկ գիտակցությունը, որ Թուրքիան և Ադրբեջանը հայկական պետությունների հետ կապված միանգամայն այլ նպատակներ ունեն, շատ ավելի ուշ ի հայտ եկավ հայ քաղաքական վերնախավի շրջանում՝ ՀՀ անկախության վերականգնումից գրեթե 25 տարի անց։ Դրա ճիշտ բանաձևումն 2016թ. փետրվարին բարձր մակարդակում առաջին անգամ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ելույթում։ Այն ժամանակ Ս. Սարգսյանը հայտարարել է. «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն: Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս և գիտենք վաղուց… Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է» (5)։ Ելնելով այս գիտակցումից՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հանրային քննարկումների օրակարգ է բերել «Ազգ-Բանակ» հայեցակարգը, որը մեծ թափով իրականացվում էր մինչ 2018-ի հեղաշրջումը։

Խնդիրը նրանում է, որ ի հակառակ Լևոն Տեր-Պետրոսյանի այն համոզմունքին, թե Հայաստանը 18 տարի ժամանակ է կորցրել իր անվտանգային հարցերը լուծելու գործում (6), իրականում կորցրած տարիների թիվը ոչ թե 18, այլ 25 է եղել։ Ուղիղ երկուսուկես տասնամյակ պետք եկավ ՀՀ իշխանություններին՝ բարձրաձայնելու այն փաստը, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան երբեք չեն երազել մեզ հետ խաղաղ գոյատևելու մասին։ Իսկ այդ գիտակցության առաջանալուց մեկուկես ամիս անց՝ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ անցած 25 տարիներն իրեն պետք էին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստվելու համար։ Զարմանալի՞ է արդյոք այն փաստը, որ ՀՀ բարձրագույն իշխանությունների կողմից 2016-ի սկզբից որդեգրած քաղաքական նոր գիծը ստիպեց մեր երկրի թշնամիներին արագացնել Արցախի դեմ պլանավորված ագրեսիայի իրագործումը, իսկ դրա տապալումից հետո՝ այդքան խժդժություններ սերմանել Հայաստանի ներսում։ Հարցը, իհարկե, հռետորական է։

Եթե հետադարձ հայացք նետենք մեր պետության անցած երեսուն տարիներին, կտեսնենք, որ Հայաստանում մշտապես կաղացել է հաղթանակի օրակարգը։ Երեք տասնամյակ շարունակ մեր հանրությունը վիճում էր այն հարցի շուրջ, թե ինչ է պետք անել Արցախի ազատագրված տարածքների հետ, կառավարման ինչ համակարգ ունենալ, ում հետ ընկերություն անել և ում հետ՝ ոչ։ ՀՀ արտաքին քաղաքականությունը իջեցված էր պարզ երեք խնդիրներ լուծելու մակարդակի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, Արցախյան հակամարտության կարգավորում և ինտեգրացիոն ծրագրեր։ Ընդ որում, բոլոր այս երեք ծրագրերի բովանդակային մասը, մեղմ ասած, լի էր թերություններով և ներքին հակասություններով։ Իսկ սպասվող արդյունքն ավելին չէր, քան այն, ինչ մենք արդեն իսկ ունեինք այդ պահին։ Տարածաշրջանում դոմինանտ դեր ստանձնելու, կարևոր զարգացումների վրա ազդեցության իրական լծակներ ձեռք բերելու, մեր երկիրն աշխարհաքաղաքական գործոն դարձնելու և նմանատիպ օրակարգեր Հայաստանում եթե անգամ քննարկվել են, ապա միայն փորձագիտական խիստ նեղ շրջանակներում։ Իսկ պետությունը, ինչպես Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակը պահելու հնարավորությունների պարագայում էր, չէր հավատում նաև ավելի ուժեղ և ազդեցիկ երկիր դառնալու իր իսկ ներուժին։ Մեր հանրության բացարձակ մեծամասնությունը համակերպվել էր այն մտքին, որ, օրինակ, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահեր կարող են հետապնդել միայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, մի քիչ էլ Թուրքիան և Իրանը։ Մեր ընկալման մեջ այդ խաղում մենք չկայինք. դա մեծերի գործն էր։ Հայ քաղաքական միտքը պետության և ժողովրդի առջև նման խնդիրներ չդրեց անգամ այն պարագայում, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը, լինելով պատերազմում պարտված կողմ, արագ տեմպերով վերականգնվում և իրական գործոն է դառնում տարածաշրջանում։

Ընդհանրացնելով վերոնկարագրվածը՝ նշենք, որ հայկական պետության հիմնական ու ամենախորքային խնդիրը եղել և շարունակում է մնալ իրական արժեքների վրա հիմնված, ազգային շահերը սպասարկելուն և ապագային ուղղված քաղաքական փիլիսոփայության բացակայությունը։ Բնականաբար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Տեքստի սկզբում հիշատակված հոռետեսությունը, ակնհայտ է, հիմնականում բխում է 44-օրյա պատերազմում կրած պարտությունից։ Բայց մեծ է նաև պետության ապագայի հետ կապված անորոշության ազդեցությունը։ Մարդկանց այդ վիճակից դուրս բերելու, ինչպես նաև պետությունը վերականգնելու, զարգացման ուղղու վրա դնելու և ապագա բարեկեցությունն ապահովելու համար առաջին հերթին ճիշտ նպատակադրումների և համապատասխան ծրագրեր մշակելու խնդիր է պետք լուծել։ Վերլուծել անցյալը, գնահատել ներկան և մշակել ապագայի օրակարգերը։ Ահա սրան է ուղղված լինելու «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նոր հետազոտական ծրագիրը, որի շրջանակներում կխոսենք Հայաստանի իրական առաքելության մասին։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

—————————————

Հղումներ

1. «Искусство управления государством: Стратегии для меняющегося мира», стр. 23, Маргарет Тэтчер, Москва, 2021г.

2. Լ. Տեր-Պետրոսյանի Facebook-յան էջ, 22.10.2020թ.,  https://www.facebook.com/watch/?v=160515695790998։

3. Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Կոնգրեսի համագումարում, 17.12.2016թ., https://anc.am/2834/։

4. «Արծվիկ Մինասյանը մորթվե՞լ է, 30 տարի է ասում է՝ մորթվելու ենք». Ժիրայր Լիպարիտյան, 14.12.2021թ., https://www.aravot.am/2021/12/14/1235670/։

5. Նախագահը հանդես է եկել ելույթով Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ, 12.02.2016թ., https://www.president.am/hy/press-release/item/2016/02/12/President-Serzh-Sargsyan-meeting-Constitution/summit-of-minds-press-releases/

6. Տե՛ս Լ. Տեր-Պետրոսյանի վերոնշյալ ելույթը։

Կապված նյութեր