Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունն ու Հայաստանի պետական շահը

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած հերթական պատերազմը կտրուկ մեծացրեց Ռուսաստանի մասնակցությունը մեր տարածաշրջանի քաղաքական, տնտեսական և անվտանգային գործընթացներում։ Պատերազմի ավարտին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրած նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթը, ի թիվս ադրբեջանա-հայկական ռազմաքաղաքական օրակարգերին վերաբերող խնդիրների, անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանային կարևորության մի շարք այլ հարցերի, որոնց թվում էին տնտեսական կապերի ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը և այլն։ Իսկ այն փաստը, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը դարձավ պատերազմի արդյունքներից մեկը, շատ փորձագետների և քաղաքական գործիչների առիթ տվեց խոսելու այն մասին, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը սկսում է վճռորոշ դառնալ տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ սպառնալով անգամ նրանց սուվերենությանը։

Իհարկե, հասկանալի է, որ լինելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական հիմնական դերակատարներից մեկը, Ռուսաստանը հաճախ դառնում է նաև ուժային այս կամ այն կենտրոնի շահերը պաշտպանող շրջանակաների հարձակումների, տարատեսակ մեղադրանքների և քարոզչական թեզերի զոհ։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել այն փաստը, որ հայ հանրությունը լիարժեք տեղեկացված չէ մեր տարածաշրջանում Ռուսաստանի նպատակների, առաջնահերթությունների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և անվտանգային ծրագրերի մասին։ Երկու այս իրողությունները, իսկ հաճախ նաև ռուսական կողմի հակասական մոտեցումներն ու վարքագիծը, որոշակի խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերությունների հանրային ընկալումներում, որոնք, անկասկած, կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկու երկրների թե՛ տարածաշրջանային և թե՛ երկկողմ ուղղվածության քաղաքականության վրա։

Մեծ հաշվով, դա արդեն գոյություն ունեցող իրողություն է։ Կարծում եմ՝ գաղտնիք բացած չեմ լինի, եթե պնդեմ, որ հայ ժողովրդի մի ստվար հատված 2020թ. 44-օրյա պատերազմի հիմնական մեղավորների շարքում նշում է նաև Ռուսաստանի անունը։ Մեր հայրենակիցների այդ հատվածն իրեն դավաճանված է զգում և այլևս որև հույս չի կապում հյուսիսային դաշնակցի հետ։ Գրեթե նույնը կարելի է ասել նաև ռուս ժողովրդի մի մեծ հատվածի մասին։ Այնտեղ էլ վստահ են, թե Հայաստանն ու հայ հանրությունն ըստ արժանվույնս չեն գնահատում պատերազմը կանգնեցնելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։ Նրանց բառապաշարը շատ կոպիտ և վիրավորական է ու հանգում է մոտավորապես այսպիսի ձևակերպումների. «Ռուսաստանը ոչ ոքի ոչինչ պարտք չէ։ Գնացեք, թող թուրքերը կոտորեն ձեզ։ Մենք ձեզ փրկեցինք, իսկ դուք նույնիսկ շնորհակալություն չեք հայտնում մեզ դրա համար»։

Նշված դիսկուրսը, որն իհարկե շատ տհաճ է, նոր չէ ներդրվել հայ և ռուս ժողովրդների հանրային քննարկումների օրակարգում։ Կասկածից վեր է՝ դա արվել է մեր երկու երկների թշնամիների կողմից։ Ու նրանք հաջողել են այդ գործում։ Այնքան են հաջողել, որ կարողացել են կործանարար այդ բանավեճի մեջ ներքաշել անգամ հայ և ռուս այն գործիչներին, ովքեր մշտապես կանգնած են եղել սեփական երկրների ազգային շահի մեջքին։ Օրինակ, ռուս հայտնի գրող, հրապարակախոս Զախար Պրիլեպինը։ Հիշում եմ, թե որքան դիպուկ և խոր բնորոշում էր տվել 2016թ. Ապրիլյան պատերազմի հետ կապված Ռուսաստանի հինգերորդ շարասյան հնարավոր վարքագծին Պրիլեպինը։ Իր անձնական բլոգում այն ժամանակ նա գրել է, որ եթե Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանն էլ այդ պահին լարված հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, ուրեմն երկրի «լավագույն մարդիկ» երկրապագելու են հօգուտ Ադրբեջանի։ «Ինչպիսի անսխալ ընտրություն են կատարում լավագույն մարդիկ դեպքից դեպք։ Եթե վաղը Ռուսաստանը պատերազմի երեքոտանի֊մարդակեր֊դեգեներատների ցեղերի հետ, որոնք կտրում և տեղում խժռում են պարտվածների սեռական օրգանները, ես գիտեմ թե ում կերկրպագեն նրանք։ Գրողը տանի, ախր դրանք անսխալական մեքենաներ են։ Ո՞վ է նրանց այդպես ծրագրավորել։ Թեկուզ փոքրիկ խափանում նրանց համակարգում հնարավո՞ր է», – գրել էր Պրիլեպինը։ Իսկ ահա 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը, նույն Պրիլեպինը սկսեց միանգամայն այլ երգ երգել։ Այդ օրը նա մի գրառում արեց, որ Հայաստանը պետք է շատ շտապ Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնի։ «Եվ բոլոր քաղաքական գործիչներին, բլոգերներին ու ակտիվիստներին, ովքեր կընդդիմանան դրան, փաթեթավորել և ծանրոցներով ուղարկել Թուրքիա»։ Քիչ ուշ Պրիլեպինը հանդես եկավ նման մեկ այլ գրառումով, իսկ երբ ես ակնարկեցի, որ այդպիսի գնահատականներն ու վերաբերմունքը արժան չեն իր պես մտավորականին, ստացա շատ կտրուկ պատասխան. «Այսի՞նքն։ Իբրև դաշնակից գալ և ռուս տղաներին թաղել Հայաստանի անկախության համա՞ր։ Որպեսզի Հայաստանի հաջորդ նախագահը ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշու՞մ կայացնի»։

Ես ներողություն եմ խնդրում ընթերցողից մասնավոր և այսչափ ծավալուն մեջբերումներ անելու համար, բայց կարծում եմ, որ Պրիլեպինն իսկապես այն գործիչներից է, ում մոտեցումները կարելի է որպես նշված խնդրի ոչ միայն առկայության, այլև խորության ցուցանիշ ընդունել։ Եվ այս մոտեցումները թե՛ հայ և թե՛ ռուս մտավորականության շրջանում վաղուց արդեն համատարած են դարձել։ Փոխադարձ մեղադրանքներն անսպառ են ու անցել են բարեվարքության բոլոր սահմանները՝ ազդելով երկու երկրների քաղաքական առաջնորդների կայացրած որոշումների որակի վրա։ Համենայն դեպս, հիմա արդեն կարելի է փաստել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում գերակշռող է դարձել ոչ թե քաղաքակրթական, կրոնական ու մշակութային գործոնների ազդեցությունը, երկու ժողովրդների պատմական մտերմությունը, այլ, այսպես կոչված, պրագմատիկ շահը։ Կամ այն, ինչն ընդունված է պրագմատիկ շահ կոչել։ Որպես դրա հետևանք կարելի է մատնանշել նաև այն հանգամանքը, որ այդ «պրագմատիկ շահ» կոչվածն էլ հաճախ ընկնում է Հայաստանի և Ռուսաստանի հակառակորդների ու թշնամիների ազդեցության տակ՝ լրացուցիչ խնդիրներ առաջացնելով երկու դաշնակից պետությունների համար։

Անկախ այս ամենից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակում են Հայաստանի կարևորագույն և ամենահեռանկարային խնդիրներից մեկը լինել։ Հետևաբար մեր երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգը պաշտոնական Մոսկվայի հետ իրապես գործընկերային և կարևորը՝ վստահելի հարաբերություններ կառուցելու հարցը պետք է մնա։ Հակադրությունները, ոչինչով չհիմնավորված հավակնությունները, մրցակցությունը այդ խնդրի լուծման լավագույն տարբերակները չեն։ Մանավանդ հիմա, երբ Հայաստանի ու Արցախի ֆիզիկական անվտանգությունն այդքան կախված է մեր տարածաշրջանում ռուսական զորքերի առկայությունից։

Դրա հետ միասին, իհարկե, չի կարելի նաև պնդել, թե Մոսկվայից հնչող ամեն խոսք վերջին ատյանի ճշմարտություն է և մենք պարտավոր ենք հետևել նրանց ցուցումներին։ Ամենևին ոչ։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների այնպիսի տրամաբանության կառուցումն է, որը հնարավորություն կտա կողմերին մեկտեղել իրենց ջանքերը արտաքին սպառնալիքները չեզոքացնելու և երկկողմանի պոտենցիալը լիարժեք օգտագործելու հարցում։ 2019թ. ապրիլին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայ-ռուսական հարաբերությունների համար առաջարկել էր «Երկու պետություն՝ մեկ նպատակ» բանաձևը։ Սակայն այն ժամանակների իրողությունները, ինչպես նաև արդեն հիշատակված արտաքին ազդեցությունները, թույլ չտվեցին, որպեսզի հայ դիվանագետի առաջարկը լսելի լինի Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների համար։ Իսկ հիմա մեր երկիրը, ցավոք, իր համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդիրը լուծելու գրեթե ռեսուրս չունի։

Իսկ ի՞նչ է հիմա տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում։ Եթե լսելու լինենք երկու երկրների ղեկավարների ու բարձր պաշտոնյաների հայտարարություններին, ապա ամեն ինչ լավ է՝ քաղաքական կապերն ակտիվ են, ապրանքաշրջանառությունը մեծանում է, առևտուրը զարգանում, սոցիալական խնդիրներ լուծվում և այլն։ Բայց ակնհայտ է, որ այս ամենի հետ միասին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հեռու է իրապես դաշնակցային մակարդակի լինելուց. չկան ընդհանուր նպատակներ։ Բոլոր այն հարցերը, որոնք քննարկվում են Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից հիմնականում տեխնիկական բնույթի են և բնորոշ ցանկացած երկու այլ երկրների հարաբերություններին։ Պարզ է, որ հաղորդակցության նման մակարդակն այն չէ, ինչը կարող էր բավարարել Հայաստանի ու Ռուսաստանի իրական շահերին։ Այս հարցում խնդիրներ շատ կան, որոնց հաղթահարման համար սակայն միանգամայն այլ իրողություններ են անհրաժեշտ։ Նվազագույնը՝ Հայաստանի ու Արցախի քաղաքական շահի համար կռիվ տվող իշխանություն Երևանում։ Բայց սա, թերևս, ապագա քննարկումների խնդիր է։

Իսկ հիմա վերադառնանք Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության հիմնական ուղղություններին և դրանց առնչությանը հայկական ազգային շահին։ Ինչպես հայտնի է, 2021թ. քաղաքական տարին մեկնարկեց հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումով, որի արդյունքներով կողմերը որոշեցին երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով ստեղծել Աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը կյանքի կոչելու գործով։ Սա ռուսական կողմի առաջարկն էր, որը հնարավորինս շուտ իրագործելու համար հիշատակված հայտարարության չորրորդ կետում կոնկրետ ժամկետներ էին նշված։ Այսպես, ՀՀ, ԱՀ և ՌԴ փոխվարչապետերից կազմված Աշխատանքային խումբը պետք է արդեն 2021թ. մարտի 1-ին երեք երկրների ղեկավարների հաստատմանը ներկայացներ Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկն ու ժամանակացույցը։ Սակայն այս գործընթացը բավական ձգձգվեց և մինչ այս պահը շարունակում է անավարտ մնալ։

Հունվարի 11-ի նշված այդ հանդիպման ընթացքում պաշտոնական Մոսկվան փաստորեն ընդգծեց Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր համար ամենակարևոր դրույթը՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Վստահ եմ՝ քաղաքական զարգացումներին հետևող ընթերցողը նկատել է, որ ամբողջ տարվա ընթացքում ռուս քաղաքական գործիչները հենց այս խնդրի վրա էին հիմնական շեշտադրումն անում։ Սակայն այս հարցը ունի մի շարք խութեր և խոչընդոտներ, որոնք ակնհայտորեն խանգարում են թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմերին։ Խոսքը, առաջին հերթին, իհարկե թուրք-ադրբեջանական դաշինքի` ՀՀ տարածքով անցնող և որևէ վերահսկողության չենթարկվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու պահանջի մասին է։ Այս հարցի առնչությամբ ռուս պաշտոնյաների հայտարարությունները հիմնականում համընկնում են այն դիրքորոշման հետ, որը բարձրաձայնվում է պաշտոնական Երևանի կողմից՝ այն է, որ ապաշրջափակվող ճանապարհները պետք է մնան այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Միևնույն ժամանակ ռուսական մամուլն ու իշխանամերձ փորձագիտական շրջանակները նշում են նաև, որ այդ միջանցքը կարող է վերահսկվել Ռուսաստանի համապատասխան ծառայությունների կողմից։ Ավելորդ չէ հիշեցնել նաև, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, որ ՀՀ տարածքով անցնող Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։

Ելնելով այս ամենից՝ կարելի է պնդել, որ Ռուսաստանը կողմ է մեր տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ պայմանով, որ դրանց հսկողությունը կիրականացվի հենց իր կողմից։ Եվ սա Հարավային Կովկասում ՌԴ կարևոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առաջնահերթություններից մեկն է։

Երկրորդ կարևոր հարցը, որ փորձում է լուծել Ռուսաստանը մեր տարածաշրջանում, իր ռազմական ներկայությանը՝ այդ թվում նաև Արցախում, սպառնացող վտանգների չեզոքացումն է։ 2021-ի ողջ ընթացքում մենք եղել ենք ականատեսն այն բանի, թե ինչպես են Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանությունները ավելացնում իրենց զորամիավորումների կարողությունները Հայաստանում և Արցախում։ Ամբողջ տարվա ընթացքում շարունակ հայտարարություններ են հնչել այն մասին, որ ռուսական զորքը, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերը, դեռ երկար կմնան տարածաշրջանում։ Ավելին՝ ռուսական զորքերն ընդլայնել են Հայաստանում իրենց ներկայության աշխարհագրությունը և հիմա արդեն ապահովում են նաև հայ-ադրբեջանական սահմանի բավական զգալի հատվածի անվտանգությունը։ Սա կարևոր ուղերձ է, որը խոսում է Ռուսաստանի մտադրությունների լրջության մասին։

ՌԴ տարածաշրջանային քաղաքականության երրորդ կարևոր ուղղությունը Հարավային Կովկասում այլ տերությունների հնարավորությունների սահմանափակումն է։ Այս հարցում Ռուսաստանը մրցակցում է և՛ Թուրքիայի, և՛ Իրանի, և՛ հավաքական Արևմուտքի հետ։ 2021թ. նոյեմբերի 19-ին, ելույթ ունենալով դիվանագիտական կորպուսի առջև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է իր արտաքին գերատեսչությունից անվտանգության երաշխիքներ ստանալու մասին բանակցություներ սկսել ԱՄՆ և ՆԱՏՕ անդամ երկրների հետ։ Այդ երաշխիքների թվում է նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության բացառումը, ինչպես նաև Ատլանտյան դաշինքի զորքերի ու ռազմական համակարգերի տեղադրումը Ռուսաստանին հարող և Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող տարածաշրջաններում։ Եթե հաշվի առնենք այն փաստը, որ 44-օրյա պատերազմի հետևանքով մեր տարածաշրջանում ավելացել է նաև ՆԱՏՕ անդամ մեկ այլ երկրի՝ Թուրքիայի ռազմական ներկայությունը, ապա կարելի է ենթադրել, որ այս իրողությունը նույնպես պիտի առաջացնի Մոսկվայի հակազդեցությունը։ Իհարկե, Արցախյան վերջին պատերազմից հետո Ռուսաստանն ու Թուրքիան մի շարք հարցերում կարծես բավական լավ փոխըմբռնում ունեն, բայց նաև տեսանելի է, որ երկու կողմերի հարաբերությունները սրընթաց անկում են ապրում։ Համենայն դեպս, Անկարային ու Մոսկվային այլևս չի հաջողվում կոծկել մի շարք կարևոր հարցերում կողմերի հակասությունները։ Ավելին, ուկրաինական ճգնաժամի հետ կապվա, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք վաղուց արդեն անցել են բաց սպառնալիքների լեզվին։

Բայց ամենից կարևոր և հեռանկարային խնդիրը, որ Ռուսաստանը փորձում է լուծել մեր տարածաշրջանում, դա Հարավային Կովկասի ամբողջական ինտեգրումն է ռուսական առաջնորդությամբ գործող կառույցներում։ Նշված նախորդ բոլոր առաջնահերթությունները ծառայում են հենց այս՝ ամենագլխավոր նպատակին։ Պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում, իսկ ապագայում նաև՝ միութենական պետությունների կարգավիճակում։ Բայց ահա այս հարցում ի հայտ են գալիս Ռուսաստանի ամենամեծ խնդիրները՝ թուրք-ադրբեջանական, վրաց-արևմտյան, իրանական, չինական և այլ հակազդեցությունները։ Չնայած մեր պետության աղետալի վիճակին՝ ռուսական այդ ծրագրերի հետ խնդիրներ կան նաև Հայաստանում։ Դրանց մի մասին արդեն անդրադարձա այս հոդվածի սկզբում։ Բայց դա ամենը չէ։ Իրական խնդիրն այն է, որ ռուսական ինտեգրացիոն ծրագրերը Հայաստանում հիմնականում ընկալվում են որպես երկրի գաղութացման գործընթաց։ Սխալվու՞մ են արդյոք այդպես մտածող շրջանակները։ Գուցե։ Բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանից ստացվող ազդակներն այլ ենթադրություններ անելու քիչ հնարավորություններ են թողնում հայկական քաղաքական վերնախավի համար։

Սակայն այս հարցում էլ ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Բանը նրանում է, որ հայ քաղաքական միտքն էլ ըստ արժանվույնս չի ուսումնասիրել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության նպատակներն ու տրամաբանությունը և չի տվել մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։ Օրինակ, աջակցե՞լ Ռուսաստանին մեր տարածաշրջանում մղվող աշխարհաքաղաքական պայքարում, թե ոչ։ Աջակցե՞լ նրանց ռազմական պոտենցիալի ավելացմանը Հարավային Կովկասում։ Ի՞նչ կարմիր գծեր սահմանել ռուսական առաջնորդությամբ իրականացվող ինտեգրացիոն ծրագրերի համար և այլն։ Հարցերն իրականում շատ են։ Բայց դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ Հայաստանում պետք է գոյություն ունենա մշակված քաղաքականություն ու գիտակցված որոշումներ կայացնելու մեխանիզմներ։ Հակառակ պարագայում նույնիսկ Ռուսաստանի օգտին արված մեր քայլերը ընկալվելու են ոչ թե որպես դաշնակցին մատուցված ծառայություն, այլ պարտադրված որոշում, որի այլընտրանքը թուրքական յաթաղանն է։

Իրականում սա մեծ խնդիր է Հայաստանի համար. մեծերի հետ դժվար է ոչ միայն մրցակցել, այլև գործակցել։ Բայց այդ խնդրին լուծում տալու համար նախևառաջ պետք է հստակ գիտակցել սեփական ազգային շահը։ Հակառակ պարագայում երկիրը դառնում է արտաքին ազդեցություններին տրված մի պետություն, որը վերջին հաշվով բոլորի համար վերածվում է անլուրջ և անվստահելի մի երևույթի։ Իսկ այդ դեպքում պետությունները պազրապես դատապարտված են կործանման։ Ցավոք, Հայաստանը հիմա ընթանում է հենց այս ուղով։ Եվ այդ ընթացքի կասեցման առաջին քայլը շարունակում է մնալ նույնը՝ կապիտուլյանտ իշխանությունների հեռացումն ու ազգային կառավարության հաստատումը։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

_________________________

Հղումներ

1. Զախար Պրիլեպին, Facebook-յան գրառում, 27.09.2020թ., https://www.facebook.com/zaharprilepin/posts/3609654519078843։

2. Микаэл Минасян, «Два государства – одна цель». Необходима новая архитектура армяно-российского союзничества., 20.04.2019г., https://www.ng.ru/cis/2019-04-20/100_173218042019.html.

3. Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, 11.01.2021թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/11/Nikol-Pashinyan-Moscow-meeting-Announcement/։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 10.11.2020թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/։

5. Путин поручил МИД РФ начать переговоры о создании системы гарантий безопасности, 19.11.2021g., https://tass.ru/politika/12971059.

Կապված նյութեր