Ղազախական հեղափոխությունն ու ԱՄՆ դիրքավորումը

2022 թվականի առաջին օրերին Ղազախստանը հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Ղազախստանի Ժանաոզեն քաղաքում սկսվեցին բողոքի ցույցեր՝ գազի գնի թանկացման պատճառով և տարածվեցին ամբողջ երկրում, վերածվելով մասշտաբային անհնազանդության ալիքի, որը երբևէ տեղի էր ունեցել Ղազախստանում, անկախության հռչակումից ի վեր։ Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ձերբակալվել էր գրեթե 8000 մարդ։ Հաստատվել էր մահվան 44 դեպք։ Այնուամենայնիվ, կառավարության պաշտոնյաները հերքեցին «Telegram» ալիքում ավելի վաղ տեղադրված հայտարարությունը, որում նշվում էր 164 մահվան դեպքի մասին: Տեղեկատվության նախարարությունը հայտարարում էր, որ ապատեղեկատվությունը «տեխնիկական վրիպակի» հետևանք էր (1)։

Ինչպես նկատում է ամերիկացի փորձագետ Փոլ Ստրոնսկին, «Չնայած Ղազախստանում անկարգությունների վերաբերյալ պաշտոնական գնահատականներին` կային ներքաղաքական գործոններ, որոնք պետք է հաշվի առնել իրավիճակին գնահատական տալիս։ Տարիներ շարունակ գոյություն ունեցոց ցածր աշխատավարձերը, ուշ վճարումները, վատ աշխատանքային պայմանները, էկոլոգիական խնդիրները և համատարած կոռուպցիան դարձան այն գործոնները, որոնք շուտով վերածվեցին բռնությունների երկրի ներսում։ Համաճարակը սրեց այս խնդիրները՝ ի ցույց դնելով թերֆինանսավորվող, անարդյունավետ և կոռումպացված առողջապահական համակարգը։ Նազարբաևը և նրա իրավահաջորդ Տոկաևը տասնամյակներ շարունակ խոստանում էին համակարգային բարեփոխումներ՝ այդ թվում, քաղաքական և դատական, արդյունավետ կառավարում և հակակոռուպցիոն ջանքեր, բայց բարեփոխումների փոխարեն կառավարությունը սահմանափակել էր Ղազախստանի հասարակության ազատությունը։ Կառավարության քաղաքականությանը հակադրվելու և կոռուպցիայի բացահայտումների համար լրագրողները, այլախոհները և այլք բանտարկվել էին։ Ընտրությունները երկրում շարունակում են խիստ վերահսկվել։ Զրկված լինելով իրենց ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից՝ Ղազախստանի որոշ քաղաքացիներ դուրս եկան փողոց, ագրեսիվ բռնության միջոցով բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, իսկ մարդկանց այս խմբին Ղազախստանի իշխանությունը պաշտոնապես որակեցին իբրև «ավազակներ»» (2):

Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները նախագահ Տոկաևի կողմից պաշտոնապես որակվեցին որպես «ահաբեկչական հարձակումներ», իսկ ցուցարարները՝ «զինված և պատրաստված ավազակներ, թե՛ տեղացի, և թե՛ օտարերկրյա»։ Ղազախստանի ժողովրդին ուղղված հունվարի 7-ի իր պաշտոնական հայտարարության մեջ նախագահը հասկացրեց, որ «զինյալների» գործողությունները «ցույց տվեցին, որ կար ռազմական վարչական, սոցիալական հաստատությունների վրա հարձակումների հստակ ծրագիր, բոլոր ոլորտներում գործողությունների համակարգում, բարձր մարտական պատրաստվածություն և դաժանություն։ Ի լրումն զինյալների, կային նաև գաղափարական սաբոտաժի համար պատրաստված մասնագետներ, որոնք հմտորեն օգտագործում էին ապատեղեկատվությունն ու «կեղծիքները» և ունակ էին կառավարել հանրության տրամադրությունները»։ Դեռ ավելին, համաձայն նախագահական հայտարարության, արտաքին ուժերը նույնպես ներկա էին երկրի ներսում տեղի ունեցող գործընթացում։ «Այսպես կոչված «անկախ» ԶԼՄ-ները և երկրից դուրս հիմնված գործիչները, որոնք չեն աջակցում մեր բազմազգ ժողովրդի հիմնարար շահերին, օժանդակ դեր են կատարում, իսկ որոշ դեպքերում հրահրող՝ օրենքի և կարգի խախտումներում» (3)։

Երկգլուխ քաղաքական համակարգի փլուզումը և Նազարբաևի դարաշրջանի ավարտը

Ղազախստանում տեղի ունեցած բռնությունների ընթացքում իշխանության համար պայքար սկսվեց երկրի իշխող վերնախավի ներսում։ Պետք է կրկնվել, որ իրավիճակը Ղազախստանում դեռ կարող է ունենալ որոշ զարգացումներ, (մանավանդ հաշվի առնելով Թուրքիայից եկող նյարդային հայտարարություններն ու թուրքական հետաքրքրությունները թյուրքական այս երկրում) բայց առայժմ թվում է, թե նախագահ Տոկաևը ամենաշատն է շահել ներկայիս ճգնաժամից: 2021 թվականի դեկտեմբերին նա ընդամենը Ղազախստանը կառավարող տանդեմի կրտսեր անդամ էր, որի անվիճելի առաջնորդը երկրի առաջին նախագահ 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևն էր։ 68-ամյա Տոկաևը հայտնվել էր իշխանական բուրգի գագաթին 2019թ.-ին, երբ Նազարբաևը իրավահաջորդ սկսեց փնտրել՝ ականատես լինելով, թե ինչ տեղի ունեցավ 2016թ. հարևան Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվանից անմիջապես հետո: Նազարբաևը սկսեց իշխանության փոխանցումը Տոկաևին, իր տոտալ վերահսկողության ներքո։

Նազարբաևի առաջին քայլը եղավ նախագահական թիմի ամենավստահելի և ազդեցիկ անդամ Կարիմ Մասիմովի նշանակումը Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնում։ Նազարբաևը երկար տատանվելուց հետո՝ որպես իր իրավահաջորդ ընտրեց արդեն միջին տարիքի դիվանագետ Տոկաևին։ Ամբողջությամբ հավատարիմ և խելացի Տոկաևը երկար տարիներ անցկացրել էր Ղազախստանից հեռու և, հետևաբար, չուներ ազդեցություն Ղազախստանի ներսում, որպեսզի վտանգ ներկայացներ Նազարբաևի իշխանության համար: Ուստի, 2019թ. Նազարբաևը, հեռանալով նախագահի պաշտոնից, պահպանեց իշխանության թե՛ պաշտոնական, և թե՛ ոչ պաշտոնական լծակները։ Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի մասին սահմանադրական օրենքը նրան տվեց անձնական անվտանգության երաշխիքներ, իսկ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը նրան օժտեց հսկայական լիազորություններով։ Ստացվում էր, որ Նազարբաևը կարող էր ոչ միայն ռազմավարական կուրս սահմանել երկրի համար, այլև վետո դնել իր իրավահաջորդի բազմաթիվ որոշումների վրա։ Իշխանական կառուցվածքը լրացնում էր Մասիմովը՝ Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնում, և Նազարբաևի թիմակիցների մի մեծ խումբ, ովքեր մնացին իշխանության առանցքային պաշտոններում: 2022թ․ առաջին օրերին ընթացող բողոքի ակցիաներն արմատապես փոխեցին այս դասավորվածությունը և նախագահ Տոկաևը մի քանի օրում կոտրեց երկգլուխ քաղաքական համակարգը (4)։

Նուրսուլթան Նազարբաևը կորցրեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, որը շուտով ստանձնեց Տոկաևը։ Ասկար Մամինը, ով վարչապետ էր նշանակվել 2019թ. Նազարբաևի հրաժարականից անմիջապես առաջ, նույնպես հեռացվեց պաշտոնից, հեռացվեցին նաև Նազարբաևի մի քանի այլ հավատարիմ պաշտոնյաներ։ Փոլ Սթրոնսկու խոսքերով, «հսկայական պայքար էր ընթանում Ղազախստանի վերնախավի միջև», և դժվար էր կանխատեսել, թե ինչպես դա կզարգանա։ Տոկաևը աշխատանքից ազատեց Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Քարիմ Մասիմովին, ով երկրի նախկին վարչապետն էր և նախագահ Նազարբաևի օգնականը։ Պաշտոնից հեռացվելու հաջորդ օրը, պետական լրատվամիջոցների հաղորդած պաշտոնական հայտարարության համաձայն, Մասիմովը «և այլ անձինք ձերբակալվել և տեղավորվել էին ժամանակավոր կալանքի տակ»՝ դավաճանության կասկածանքով (5)։

Ակնհայտ է, որ Տոկաևը փորձում է իր հեղինակությունը հաստատել ուժայինների շրջանում՝ նրանց հավատարմությունն ապահովելու համար։ Այսպիսով, Ղազախստանում Նազարբաևի դարաշրջանն ավարտվեց (6) և դա ներկա իրադարձությունների հիմնական ձեռքբերումն է, անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենան գործընթացները (7)։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Նազարբաևի ընտանիքի որոշ անդամներ, ինչպես նաև այլ բարձրաստիճան նախկին ղեկավարներ, լքել էին երկիրը, և ըստ տեղեկությունների Նազարբաևը նույնպես կարող էր հետևել նրանց օրինակին՝ «բուժման մեկնելու» պատրվակով (8): Բնավ չի կարելի պնդել, որ Ղազախստանում ամեն բան վերջնականապես կարգավորվել է և կրքերը ամբողջապես հանդարտվել են, սակայն կարելի է հետհայացք նետելով փորձել հասկանալ ԱՄՆ դիրքավորումը ղազախական անհնազանդությունների ողջ ընթացքում։

ԱՄՆ դիրքավորումը Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների ժամանակ

ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական և աշխարհագրական առումով Ղազախստանը կարևոր նշանակություն ունեցող պետություն է, ոչ միայն էներգետիկ ռեսուրսներով հարուստ լինելու առումով, այլ նաև այն առումով, որ այն սահմանակցում է ԱՄՆ հիմնական ախոյաններին՝ Չինաստանին և Ռուսաստանին։ Չմոռանանք, որ դեռևս Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ վարչակազմը մշակել էր Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ ռազմավարություն, ինչը ոչ հաճախ պատահող երևույթ է առանձին տարածաշրջանների համար (9)։ Միաժամանակ, Թրամփի վարչակազմը բացառիկ քայլի էր գնացել և Ղազախստանի հետ ստորագրել էր ընդլայնված ռազմավարական երկխոսության փաստաթուղթ (10)։ Իսկ եթե հաշվի առնենք թե ինչ կարևորություն ունի Ղազախստանը Չինաստանի «Ճանապարհ և գոտի» նախագծի կյանքի կոչելու տեսանկյունից, ապա պատկերն առավել հասկանալի է դառնում։ Մյուս կողմից, Վաշինգտոնը ուշադիր հետևում է տնտեսական ոլորտում Ղազախաստանի ու Չինաստանի սերտ համագործակցությանը։ Իր հերթին, ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների ներդրումներ է իրականացնում Ղազախստանի էներգետիկ ոլորտում։ Ամերիկյան այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Chevron»-ը և «ExxonMobil»-ը հետաքրքրություններ ունեն Ղազախստանի գազահորերի և նավթահորերի նկատմամբ (11)։

Ակնհայտ է, որ Աֆղանստանում Թալիբանի իշխանության գալուց հետո, Ղազախստանն ԱՄՆ-ի համար շատ է կարևորվում տարածաշրջանում հակաահաբեկչական գործողությունների իրականացման տեսանկյունից։ Չնայած Աֆղանստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությանը, Ղազախստանը մշտապես կարևոր դեր է խաղացել ԱՄՆ առաջնորդությամբ իրականացվող  հակաահաբեկչական գործողություններում։

2022 թվականի հունվարի առաջին օրերին ԱՄՆ-ն բավական ուշացած և ընդհանրական արձագանք տվեց Ղազախստանում տեղի ունեցող ցույցերին և ընդհանուր առմամբ այնտեղ ստեղծված իրավիճակին։ Տպավորություն կար, որ ԱՄՆ-ում ամբողջությամբ չէին հասկանում թե ինչ է տեղի ունենում Ղազախստանում և չէին կարողանում կողմնորոշվել թե ինչ հայտարարել և ինչ գործողություններ իրականացնել։ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին հունվարի 5-ին կայացած հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ղազախստանի ցույցերին՝ մասնավորապես, կոչ անելով Ղազախստանի իշխանություններին «զսպվածություն ցուցաբերել» և թույլ տալ ցուցարաներին «խաղաղ արտահայտել իրենց [դիրքորոշումը]»։ Խոսնակը նաև արձագանքեց այն մեղադրանքներին, թե ԱՄՆ-ը ինչ որ կերպ կանգնած է ցույցերի կազմակերպման ետևում, նշելով, որ դրանք ընդամենը «Ռուսաստանի խելագար պնդումներն են», որոնք մաս են կազմում «ռուսական ստանդարտ ապատեղեկատվության ձեռնարկի, «ինչին շատ ենք ականատես եղել նախկին տարիներին» (12)։

Արդեն հաջորդ օրը Ջեն Պսակին անդրադարձ կատարեց ՀԱՊԿ ուժերի՝ Ղազախստան ուղարկվելու թեմային, կասկած արտահայտելով վերջինիս լեգիտիմության մասին. ԱՄՆ-ը «կասկածներ ունի [Ղազախստանի նախագահի դիմումի] վերաբերյալ և արդյոք դա լեգիտիմ հրավեր էր, թե ոչ» (13)։ Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ՝ արտահայտելով «Ղազախստանի սահմանադրական ինստիտուների և մեդիա ազատության նկատմամբ ԱՄՆ ամբողջական աջակցությունը» (14)։

Հունվարի 7-ին հարցուպատասխանի ժամանակ Պետքարտուղար Բլինկենը ևս անդրադարձավ Ղազախստանի խնդրին։ Վերջինս նշեց, որ ԱՄՆ-ը «շատ է արժևորում այն հարաբերությունները, որ ԱՄՆ-ը ունի Ղազախստանի հետ»։ Այդուհանդերձ, պետքարտուղարի համար հասկանալի չէր Ղազախստանի որոշումը՝ դիմել ՀԱՊԿ օգնությանը, քանզի «Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անշուշտ, կարող են պատշաճ կերպով կարգավորել բողոքի ցույցերը՝ դա անելով այնպես, որ չխախտվեն ցուցարարների իրավունքները, պահպանելով օրենքն ու կարգուկանոնը»։ Ըստ Բլինկենի, այն ինչ տեղի էր ունենում Ղազախստանում, ուներ հստակ դրդապատճառներ, և դրանք «հիմնավորապես տնտեսական և քաղաքական բնույթի էին»։ Այսպիսով, ՀԱՊԿ ուժերին կոչ արվեց «հետևել մարդու իրավունքների միջազգային չափանիշներին՝ աջակցելու խաղաղ հանգուցալուծմանը»։ Իր խոսքերը պետքարտուղարը եզրափակեց կոշտ դիտարկմամբ ուղղված Ռուսաստանին, մասնավորապես, նշելով, որ «նորագույն պատմության դասերից մեկն այն է, որ երբ ռուսները քո տանն են, երբեմն շատ դժվար է ստիպել նրանց հեռանալ» (15)։

Անկասկած այս խոսքերը չէին կարող անպատասխան մնալ և Ռուսաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան նույն օրն արձագանքեց։ Վերջինս շեշտեց, որ ՀԱՊԿ գործողությունները «լիովին լեգիտիմ են՝ ի պատասխան Ղազախստանի նախագահի՝ աջակցության դիմումի»։ Իսկ պատմությունից քաղված դասերի առումով՝ Զախարովան նշեց, որ «երբ ամերիկացիներն են քո տանը, շատ դժվար է  ողջ մնալ, չթալանվել կամ չբռնաբարվել» (16)։

Հաշվի առնելով, որ այդ ընթացքում ԱՄՆ-ի համար կարևորագույն արտաքին քաղաքական մարտահրավերը Ուկրաինայի շուրջ ստեղված լարված իրավիճակն էր, ԱՄՆ-ում սկսվեցին ենթադրություններ կառուցվել, թե արդյո՞ք ղազախստանյան ցույցերը կշեղեն Պուտինի ուշադրությունը Ուկրաինայից։ Նման հարցերից մեկին ի պատասխան, ԱՄՆ վարչակազմի ավագ պաշտոնյաներից մեկի դիտարկմամբ՝ «շատ տեղին կլիներ այդ հարցն ուղղել Կրեմլին» (17)։

Այպիսով, ԱՄՆ այսպիսի դիրքավորումն ու արձագանքը Ղազախստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ առավելապես կապվում էր այնտեղ ՀԱՊԿ ուժերի ներգրավվման հարցի, քան երկրում փաստացի տեղի ունեցած իշխանափոխության կամ հեղափոխության հետ։ Մասնավորապես, ԱՄՆ-ն ընդամենը կասկածի տակ էր դնում ՀԱՊԿ ուժերին դիմելու ու վերջիններիս ներգրավվման լեգիտիմությունը՝ համարելով, որ Ղազախստանի կառավարությունը ինքնուրույն կարող էր կարգավորել հարցը։ Առավել հստակ ձևակերպված, ԱՄՆ-ն որևէ կերպով կասկածի տակ չառավ տեղի ունեցածի լեգիտիմությունը։ Իսկ պդնումները թե «երբ ռուսները քո տանն են, երբեմն շատ դժվար է ստիպել նրանց հեռանալ» փարատվեցին արդեն հունվարի 11-ին, երբ ՀԱՊԿ ուժերը դուրս բերվեցին Ղազախստանի տարածքից, իրենց առջև դրված խնդիրը համարելով լուծված (18)։

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

————————————————

Հղումներ

1. Kazakhstan unrest: Internet returns to Almaty following a five day outage, BBC, January 10, 2022, https://www.bbc.com/news/world-asia-59927267.

2. Stronski P.,Kazakhstan’s Unprecedented Crisis, Carnegie Endowment for International Peace, January 6, 2022, https://carnegieendowment.org/2022/01/06/kazakhstan-s-unprecedented-crisis-pub-86137?fbclid=IwAR35XPtxLc88IL4NxXrXYtjXU4eLpb_7dchGBK4cYOIz6rcC9b7e2siKgF4.

3. President Kassym-Jomart Tokayev’s address to the people of Kazakhstan, Official website of the president of the RK, January 7, 2022, https://www.akorda.kz/en/president-kassym-jomart-tokayevs-address-to-the-people-of-kazakhstan-801221.

4. Габуев А., Умаров T.,Нур-Султан без Назарбаева. О причинах и последствиях кризиса в Казахстане, Московский Центр Карнеги, January 7, 2022, https://carnegie.ru/commentary/86147?fbclid=IwAR274E3KUk7E2wq0vj2NuE5Ns-7dS3_MXkdiCfGSvUMVCzMGa6lrBQcVy7w.

5. Lister T.,Cold War-style power grab plays out with deadly consequences on the streets of Kazakhstan, CNN, January 8, 2022, https://edition.cnn.com/2022/01/08/asia/kazakhstan-power-grab-analysis-intl-cmd/index.html?fbclid=IwAR0bGI8uuIqwlw0Rl7yqwTIqVODY6ujgy5S6gCYbthYGhM7k6Z_EdNg_-zI.

6. Stronski P., Kazakhstan’s Unprecedented Crisis, Carnegie Endowment for International Peace, նշվ. աշխ.։

7. Габуев А., Темур  Умаров, Нур-Султан без Назарбаева. О причинах и последствиях кризиса в Казахстане, նշվ. աշխ.։

8. Stronski P., Kazakhstan’s Unprecedented Crisis, նշվ. աշխ.։

9. https://www.state.gov/united-states-strategy-for-central-asia-2019-2025-advancing-sovereignty-and-economic-prosperity/

10. https://thediplomat.com/2018/01/nazarbayev-goes-to-washington/

11. Napper L., Why the US cares about what happens in Kazakhstan – 5 questions answered by former ambassador, The Conversation, January 11, https://theconversation.com/why-the-us-cares-about-what-happens-in-kazakhstan-5-questions-answered-by-former-ambassador-174673.

12. Press Briefing by Press Secretary Jen Psakiand Port Envoy to the White House Supply Chain Task Force John Porcari, White House, January 5, 2022, https://www.whitehouse.gov/briefing-room/press-briefings/2022/01/05/press-briefing-by-press-secretary-jen-psaki-and-port-envoy-to-the-white-house-supply-chain-task-force-john-porcari-january-5-2022/.

13. Press Briefing by Press Secretary Jen Psaki, White House, January 6, 2022, https://www.whitehouse.gov/briefing-room/press-briefings/2022/01/06/press-briefing-by-press-secretary-jen-psaki-january-6-2022/.

14. Secretary Blinken’s Call with Kazakhstani Foreign Minister Tileuberdi, January 6, 2022, https://www.state.gov/secretary-blinkens-call-with-kazakhstani-foreign-minister-tileuberdi-2/.

15. Secretary Antony J. Blinkenat a Press Availabitiy, U.S. Department of State January 7, 2022, https://www.state.gov/secretary-antony-j-blinken-at-a-press-availability-11/.

16. Захарова М., Telegram Channel, January 8, 2022, https://t.me/MariaVladimirovnaZakharova/1633.

17. Background Press Call by a Senior Administration Official on Russia, January 8, 2022, https://www.whitehouse.gov/briefing-room/press-briefings/2022/01/08/background-press-call-by-a-senior-administration-official-on-russia/.

18. https://www.reuters.com/world/asia-pacific/kazakhstan-detains-almost-10000-over-deadly-unrest-2022-01-11/

Կապված նյութեր