Սույն թվականի հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի, առաջին հանդիպումը։ Այն, որ երկու պետությունները որոշել են հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել, հանրությունը տեղեկացել է Թուրքիայի իշխանությունների կողմից դեռևս 2021-ի դեկտեմբերին։ ՀՀ արտգործնախարարությունն այն ժամանակ շտապել է հաստատել (1) Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի հայտարարությունն այն մասին, որ Երևանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։
Նշված հայտարարություններից ուղիղ մեկ ամիս անց Մոսկվայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների վերոնշյալ հանդիպումը, որի արդյունքով կողմերը հայտարարեցին, այն անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում։ Այդ հանդիպման արդյունքների մասին միակ պաշտոնական տեղեկատվությունն այն էր, որ երկու երկրները «համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների» (2)։ Բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն անգամ մինչ իրենց ներկայացուցիչների առաջին այդ հանդիպումը որոշ հարցերի շուրջ արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերել, օրինակ Երևան-Ստամբուլ թռիչքների իրականացման թույլտվությունը հայկական և թուրքական ավիաընկերություններին, կարելի է ենթադրել, որ երկու երկրների օրակարգը բավական ծավալուն ու բովանդակային է։ Այս տեսակետից Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչին ոչինչ որոշող գործիչներ են։ Նրանք կան, որպեսզի հնարավոր լինի ցույց տալ, իբր կողմերը բանակցում են։ Իրականում, սակայն, շատ բան, եթե չասենք՝ ամեն ինչ, վաղուց արդեն որոշված է։
Երևան-Ստամբուլ չվերթների վերականգնման որոշումն ասվածի միակ ապացույցը չէ։ 2021թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու համար Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի։ «Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից», – ասել էր Ալիևը (3)։ Իսկ ահա 2022-ի հունվարի 27-ին Հայաստանում հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը։ Ինչպես և կարելի էր սպասել, այն համալրված է տարատեսակ սաքունցներով և իոաննիսյաններով։ Թե ինչով է զբաղվելու այդ Խորհուրդը, մենք առաջիկայում կտեսնենք։ Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Թուրքիայի հանդեպ մեր ազգային պահանջատիրությունը, այդ թվում նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, դուրս է բերվել այս իշխանությունների օրակարգից։ Այսպես, հունվարի 24-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: «Պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքն ու Սփյուռքի կազմակերպությունները», – ասել է Փաշինյանը (4), ինչը «դիվանագիտական լեզվից» թարգմանած նշանակում է, որ պաշտոնական Երևանը Թուրքիայի համար այդ տհաճ հարցերի «պատասխանատու» հայկական Սփյուռքին է նշանակում։
Թուրքիան շատ լավ գիտի Հայոց սփյուռքի կարողություններն ու այդ կարողություններից իր համար բխող վտանգի չափը։ Այդ իսկ պատճառով այս փուլում պաշտոնական Անկարան փորձում է չեզոքացնել Սփյուռքի ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա։ Զուգահեռ Թուրքիայի կառավարությունը հայերին որոշապես սիրաշահելու քայլեր է ձեռնարկում՝ պատրաստվելով դեպի Հայաստան ուղիղ չվերթներ սկսել նաև Վանից ու Կարսից։ Այսպես, իշխանամերձ Hürriyet թերթի՝ Էրդողանի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցը հայտնել է, թե «կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները» (5):
Բոլոր այս գործընթացներն ու հայտարարությունները խոսում են այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպման մասին կողմերի տարածած հաղորդագրությունները հեռու են բանակցային իրական օրակարգի մասին ամբողջական տեղեկատվություն հաղորդելու պաշտոնական Երևանի խոստումներից։ Այդ հանդիպումից երեք օր անց՝ հունվարի 17-ին ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները փորձեցին որոշակի մանրամասներ պարզել Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանից, սակայն վերջինս հերթական կոնֆլիկտը սադրեց խորհրդարանում, որից հետո թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր և թե՛ հանրության ճնշող մեծամասնության ուշադրությունը շեղվեց դեպի ԱԺ նիստերի դայլիճում տեղի ունեցած հայհոյախառը վեճը…
Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արագ առաջ է գնում։ Այն արդեն արժանացել է մի շարք երկրների՝ այդ թվում նաև Ռուսաստանի, ԱՄՆ, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների դրական արձագանքին։ Հաջորդ քայլով Թուրքիան փորձելու է դուրս բերել այդ գործընթացն արտաքին խաղացողների ազդեցությունից և Հայաստանի հետ իր խնդիրները կարգավորել առանց այլոց միջամտության։ Թուրքական կողմն արդեն հայտարարել է այն մասին, որ երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետև պետք է անց կացվեն կամ Հայաստանում, կամ Թուրքիայում։ Այդկերպ Էրդողանի կառավարությունը փորձում է ապահովագրել իրեն Հայկական հարցից վերջապես ձերբազատվելու այս գործընթացն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի կողմից տապալելու ռիսկերից։
Իսկ նման վտանգ Թուրքիան իսկապես զգում է։ Ավելին, Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու Թուրքիայի հիմնական շարժառիթը հենց դա է՝ իր գլխին դամոկլյան սրի պես կախված Հայոց ցեղասպանության գործոնի չեզոքացումը։ Անկարայում հրաշալի գիտակցում են, որ Հայկական հարցը տասնամյակներ շարունակ եղել և շարունակում է մնալ այն գործիքը, որի միջոցով իր հիմնական մրցակիցները սահմանափակումներ են դրել Թուրքիայի առջև։ Օրինակ, Հայկական հարցն է դարձել Թուրքիայի՝ Եվրոպական Միությանը անդամակցելու մերժման հիմնական պատրվակը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքով է, որ Արևմտյան երկրներն ազդում են Թուրքիայի այս կամ այն որոշման վրա։ 2008թ.-ին, երբ տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու առաջին փորձը, իմ խորին համոզմամբ Թուրքիան ետ է կանգնել արդեն իսկ ստորագրված արձանագրությունները վավերացնելու իր պարտավորությունից ոչ թե Ադրբեջանի պահանջով, այլ այն բանից հետո, երբ գիտակցել է, որ այդ գործընթացն իր համար չի լուծում Հայկական հարցից ձերբազատվելու խնդիրը։ Եվ հիմա էլ դա է պատճառը, որ պաշտոնական Անկարան փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացից դուրս հանել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին, որպեսզի վերջիններս հանկարծ չկարողանան ազդել պաշտոնական Երևանի որոշումների վրա։
Իսկ Երևանը, ցավոք, այսօր ոչ թե բանակցում է Թուրքիայի հետ, այլ պարզապես ընդունում Անկարայում և Բաքվում կայացրած որոշումները։ Ինչպես արդեն ասացի, դրա համար է Հայաստանում Սահմանադրության փոփոխման գործընթաց սկսվել և դրա համար է Փաշինյանը հայտարարում, թե Հայոց ցեղասպանության հարցը Սփյուռքն է բարձրացնում՝ ինքը դրա հետ կապ չունի։
Մյուս կողմից ակնհայտ է, որ Թուրքիան չի կարող լիարժեք իզոլացնել Հայաստանը արտաքին աշխարհից։ Բացի այդ, Թուրքիան Հայաստանը չի դիտարկում զուտ որպես մի երկիր, որից միայն անախորժ մեղադրանքներ են հնչում։ Հակառակը՝ այսօրվա Հայաստանը Թուրքիայի համար մի շարք հնարավորություններ է պարունակում, որոնցից պաշտոնական Անկարան ամեն կերպ փորձելու է օգտվել։ Խոսքը, նախ և առաջ, ՀՀ տարածքով դեպի Ադրբեջան ցամաքային կապ ունենալու թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակի մասին է։ Բայց ոչ միայն այդ։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան զրկված է եղել Հարավային Կովկասում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից։ Խորհրդային Միության փլուզումից հետո թուրք գործիչները մեր տարածաշրջան վերադառնալու իրական հնարավորություն տեսան, բայց Հայաստանի դիրքորոշման, ինչպես նաև նույն Հայկական հարցի պատճառով դա նրանց այն ժամանակ չհաջողվեց։ Հիմա, սակայն, իրավիճակ է փոխվել։ Ընդ որում, այն փոխվել է ոչ թե 44-օրյա պատերազմի, այլ մինչ այդ՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո։ 2019-ից սկսած Թուրքիայի իշխանություններն արդեն բացահայտ խոսում էին հայ-ադրբեջանական հակամարտության մեջ իրենց ներգրավված լինելու մասին։ Պատերազմի անմիջական նախաշեմին Թուրքիայի պաշտպանության նախարարն անգամ հակամարտության կողմ հռչակեց իր երկիրը։ Իսկ բուն ռազմական գործողությունների արդյունքով էլ Թուրքիայի զինված ուժերը հայտնվեցին Արցախում։
Հիմա այս ձեռքբերումներն իրավապես ամրագրելու խնդիր ունեն Թուրքիայի իշխանությունները։ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի մասին ձեռք բերված պայմանավորվածությունն (6) այս առումով, իհարկե, չի կարող բավարարել Էրդողանի կառավարությանը։ Նրանք ավելի առաջ են գնացել և ասպարեզ բերել, այսպես կոչված «3+3»՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Իրան և Ռուսաստան երկխոսության ֆորմատը, որի առաջին հանդիպումն արդեն կայացել է Մոսկվայում՝ 2021-ի դեկտմեբերի 10-ին (7)։ Թուրքիային խիստ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որևէ կերպ չխոչընդոտի Հարավային Կովկաս վերադառնալու իր ծրագրերին։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք պատրաստ են նաև որոշ առումով սիրաշահել հայկական կողմին՝ չնայած դրա անհրաժեշտություն ՀՀ այս իշխանությունների պարագայում այդքան էլ չկա։ Բայց պաշտոնական Անկարան շարունակում է աշխատել այդ ուղղությամբ և արդեն մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք Դիվանագիտական ֆորումի ընթացքում մենք բոլորս կտեսնենք այդ ներկայացման հաջորդ արարը։
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
—————————————————
Հղումներ
1. ՀՀ ԱԳՆ–ն հաստատում է. Հայաստանը Թուրքիայում հատուկ ներկայացուցիչ կնշանակի, https://newsarmenia.am/am/news/politics/HH-AGN-n-hastatum-e-/
2. Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, https://www.mfa.am/hy/press-releases/2022/01/14/meeting_armenia_turkey/11267
3. Алиев: Армения должна принять новую конституцию, https://regnum.ru/news/3382833.html
4. Ըստ Փաշինյանի՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը միշտ էլ եղել է Սփյուռքը, https://armenpress.am/arm/news/1073854/
5. Hürriyet. «Առաջիկայում օրակարգ կգա ՀՀ-ից Թուրքիայի այլ նահանգներ ևս թռիչքներ սկսելու հարցը», https://www.ermenihaber.am/am/news/2022/01/25/Hürriyet-Հայաստան-Թուրքիա1/224124
6. Անկարան ու Մոսկվան համաձայնության եկան Ղարաբաղում Թուրքիայի դիտորդական առաքելության հարցում, https://www.azatutyun.am/a/30977941.html
7. Մոսկվայում կայացել է «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, https://hetq.am/hy/article/138886