Սույն թվականի փետրվարի 6-ին Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական շրջանակները տեղեկատվական արտահոս են արել այն մասին, որ պաշտոնական Թեհրանը վերջնական որոշում ունի՝ Պարսից ծոցից Սև ծով ձգվող էներգետիկ միջանցքը գործարկելու համար Իրանիը չի օգտագործելու Նախիջևանի տարածքը։ Որոշվել է, որ այն պետք է անցնի ՀՀ տարածքով՝ մասնավորապես Սյունիքի մարզով։ Նշված տեքստում նաև նշվում է, որ Կապանում հյուպատոսարան բացելու Իրանի որոշումը նույնպես խոսում է տարածաշրջանի կարևորության մասին։ «Երևանը Իրանի օրակարգից դուրս բերելու Բաքվի փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել։ Իրանը պահպանում է իր դիրքերը տարածաշրջանում և ձգտում է դառնալ Հարավային Կովկասի հիմնական խաղացողներից մեկը», նշված էր հիշատակված տեքստի մեջ (https://t.me/khayalpressa313/3374)։
Իրանի նման որոշման մասին իմ գրառումը, ինչպես նաև մտորումներս այն մասին, թե ինչ օգուտներ և վնասներ կարող է կրել Հայաստանը նման սցենարի իրագործման պարագայում, լայն արձագանք գտան հայկական մամուլում և փորձագիտական շրջանակներում։ 2-3 օր շարունակ տարբեր պարբերականներ ու հեղինակներ գրում էին այն մասին, որ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի իրագործման ծրագիրը, որի շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, ենթադրում են նաև Ադրբեջանի մասնակցություն այդ ծրագրին։ Եվ սա բացարձակ ճշմարտություն է. Իրանի ղեկավարները բազմիցս են հայտարարել, որ իրենց համար կարևոր է համագործակցությունը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ։ Ընդ որում, իրանական կողմն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև Նախիջևանի տարածքով կոմունիկացիաներ գործարկելու հնարավորությանը։ Եվ սա շատ հասկանալի է. Նախիջևանը Իրանի կողմից դիտարկվում է որպես դեպի արտաքին աշխարհ տանող կարևոր պատուհան, որտեղ թուրքական ազդեցությունը հավասարակշռելու համար պետք է լուրջ աշխատանք իրականացնել։
Բայց կարևոր երկու հանգամանք այնուամենայնիվ պետք է հաշվի առնել։ Նախ, խոսք է գնում ոչ թե Նախիջևանի կոմունիկացիոն հնարավորություններից ամբողջապես հրաժարվելու Իրանի ցանկության, այլ գազի արտահանման մեկ այլ՝ մասնավորապես ՀՀ տարածքով անցնող ճանապարհների ընտրության մասին։ Եվ երկրորդ, հայտնի փաստ է, որ Իրանի դիվանագտների հայտարարություններն ու նրանց իրական ծրագրերը կարող են շատ հակասական լինել։ Լեզուն դիվանագետին տրված է մտքերը թաքցնելու համար։ Իրանի օրինակը, թերևս, այս մտքի բոլոր ժամանակների լավագույն ապացույցն է։ Ուստի Իսլամական Հանրապետության անելիքները հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին ուշադրություն դարձնել ոչ թե նրա պաշտոնյաների հայտարարությունների, այլ երկրի իրական շահերի վրա։
Իսկ ո՞րն է Իրանի շահը մեր տարածաշրջանում։ Այս հարցն ունի կարճ և երկար պատասխաններ։ Եթե կարճ, ապա Հարավային Կովկասն Իրանի համար առաջին հերթին դեպի Սև ծով, իսկ այնուհետև նաև Եվրոպա և Ռուսաստան տանող կարևորագույն ճանապարհ է, որը կարող է տնտեսական և քաղաքական մեծ դիվիդենտներ բերել այդ երկրին։ Մյուս կողմից՝ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական մրցակցության այն հարթակն է, որտեղ Իրանի դիրքերի թուլացումը կարող է կենսական մակարդակի սպառնալիքներ առաջացնել այդ երկրի համար։ Սա հնարավորությունների ու ռիսկերի տարածաշրջան է, որտեղ Իրանի մրցակիցները պարզապես անթիվ, անհամար են։ Եվ բնական է, որ Թեհրանը մշտական ուշադրության կենտրոնում է պահում մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, փորձում տեղի և արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունները հավասարակշռող քաղաքականություն մշակել և մարտավարություններ կիրառել։
Վերոնշյալ հարցադրման երկար պատասխանը, ինչպես կարելի է կռահել, ծավալուն հետազոտությունների թեմա է, և շատ կարևոր է, որ Հայաստանում նման գործունեություն իրականացնող բավական պատրաստված մասնագետներ ունենք։ Մենք պետք է պարզ հասկանանք, որ Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանի և հատկապես մեր երկրի անվտանգության ու արտաքին քաղաքականության վրա եղել է, կա ու լինելու է շատ վճռական։ Եվ հիմա՝ 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո, այս իրողությունն ակնհայտ երևում է հարավկովկասյան զարգացումներում։ Այսպես, մեկ տարի էլ չի անցել այն բանից, երբ ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով բոլորս դարձանք Իրանի հստակ և նպատակաուղղված քայլերի ականատեսը, երբ Իսլամական Հանրապետությունը ծավալուն զորավարժություններ սկսեց Ադրբեջանի և Արցախի օկուպացված տարածքների սահմանում՝ հստակ ցույց տալով, որ Սյունիքի հանդեպ թուրք-ադրբեջանական սպառնալիքների կյանքի կոչման փորձի պարագայում էլ նրանք կարող են պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ և կանխել նրանց այդ ծրագրերը։
2021-ի աշնանը Իրանի Իսլամական Հանրապետությունը փաստացի հանդես եկավ որպես Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր՝ ակնարկելով, որ իրենց համար նման կարևոր խնդիրը Թեհրանը չի կարող վստահել միայն Ռուսաստանին։ Այդ ժամանակահատվածում Իրանը շատ բաց էր խոսում իր շահերի, մտադրությունների ու ծրագրերի մասին։ 2021-ի հոկտեմբերին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թեհրան, որտեղ վերջինս իրանական կողմից անվտանգության երաշխիքներ և երկկողմանի հարաբերությունները զարգացնելու խոստումներ ստացավ։ Միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանը դիվանագիտական բարդ բանակցություններ էր վարում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց արդյունքով լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանում և Արցախի օկուպացված տարածքների հատման կետում զգալիորեն նվազեց։
Հարավային Կովկասում իր՝ այսպես կոչված կարմիր գծերը գծելուց հետո իրանական կողմն առանց ժամանակ կորցնելու անցել է իր համար ստրատեգիական նշանակություն ունեցող հաջորդ ծրագրի՝ դեպի Սև ծովի ավազան և Արևելյան Եվրոպա տանող կոմունիկացիոն միջանցքի ստեղծման աշխատանքներին։ 2021թ. մարտի 27-ին Իրանի և Չինաստանի միջև ստորագրվել է «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիր, որն ըստ մամուլում առկա տեղեկությունների, առաջին հերթին վերաբերվում է էներգետիկ սեկտորին և նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։ Մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 29-ին Իրանը հաջորդ կարևոր պայմանագիրն է ստորագրում՝ այս անգամ արդեն Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ։ Ըստ այդ պայմանագրի, որն ուժի մեջ է մտել 2021թ. դեկտեմբերի 2-ից, Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին։ Պարզ է, որ Ադրբեջանն էլ, իր հերթին այդ գազը վաճառելու է երրորդ կողմին։ Արդյունքում ստացվում է, որ Իրանը թուրքմենական գազն ադրբեջանական ենթակառուցվածքներով Եվրոպային վաճառելու միջնորդ երկիր է դարձել, ինչը միանշանակ փոխում է Կասպից ծովի ավազանի էներգակիրների արտահանման գործում Իրանի դերն ու նշանակությունը։
Ներկայումս պաշտոնական Թեհրանն ակտիվ աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ։ Կառուցվում են նոր ճանապարհներ, երկաթուղային գծեր, կամուրջներ, վերազինվում սահմանային անցակետերը և այլն։ Ավելին, իրանական կողմը դիտարկում է նաև Արցախի օկուպացված տարածքներում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի լիարժեք գործողության վերականգնման շուրջ Վիեննայում այս շրջանում ընթացող բանակցությունների հաջող ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ շուտով Իրանը կձերբազատվի նաև արևմտյան պատժամիջոցներից, ինչը լրացուցիչ ակտիվություն է հաղորդում Թեհրանի՝ մեր տարածաշրջանում իրականացվող գործողություններին։ Պարզ է, որ այս իրավիճակում իրանական կողմն ամեն ինչ անելու է հարմար պահն օգտագործելու և իր դիրքերն ամրապնդելու համար։ Մանավանդ, որ խոսք է գնում ոչ միայն իրանական ապրանքները նոր շուկաներ հանելու հրաշալի հնարավորության, այլև չինական հայտնի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» աշխարհատնտեսական ծրագրի կարևոր հատվածում օպերատորի դեր ստանձնելու հնարավորության մասին։
Միակ հարցը, որ կարող է խոչընդոտել Հարավային Կովկասում Իրանի ծրագրերի իրագործամանը, արցախի հակամարտության չկարգավորված լինելն ու նոր պատերազմի հավանականությունն է։ Ահա այստեղ է, որ Թեհրանը մտածելու և արդյունավետ լուծումներ գտնելու խնդիր ունի։ Բանը նրանում է, որ իրանական կողմը ցանկանում է մաքսիմալ նվազեցնել թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցությունը ոչ միայն իր կոմունիկացիոն հնարավորությունների, այլև ընդհանրապես հարավ-կովկասյան տարածաշրջանում։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայաստանի աշխարհագրությունը, ենթակառուցվածքների վիճակն ու քաղաքական դրությունը չափազանց խնդրահարույց են մեր երկրի տարածքով նման խոշոր ծրագրեր իրագործելու համար։ Ուստի Իրանը փորձում է միջանկյալ լուծումներ գտնել։ Օրինակ, խոսվում է այն մասին, որ գազի արտահանման համար օգտագործվելու է ոչ թե Նախիջևանի, այլ Հայաստանի տարածքը։ Բայց այս դեպքում էլ պարզ է, որ Նախիջևան դեռ չի նշանակում Ադրբեջան։ Այսինքն, պարզ է, որ Պարսից ծոցից Սև ծով ձգվող էներգետիկ միջանցքում միևնույն է Իրանը հիմնական շեշտը դնելու է Ադրբեջանի վրա։ Իսկ Հայաստանին, լավագույն դեպքում, որոշ փշուրներ են հասնելու՝ այն էլ միայն նրա համար, որպեսզի մենք մեզ տարածաշրջանային այդ ծրագրերից դուրս չզգանք։ Իսկ ավելի ճիշտ՝ որպեսզի ՀՀ իշխանությունները միշտ կարողանան «բացատրել», թե ինչու չի կարելի փորձել վերականգնել Արցախում ունեցած մեր կորուստները։
Ի մի բերելով այս ամենը՝ ցավոք գալիս ենք այն եզրահանգման, որ հարավկովկասյան աշխարհաքաղաքական ներկա զարգացումներում տարածաշրջանային բոլոր երկրները, բացի Հայաստանից, ունեն իրենց շահերի սպասարկման կայուն իրագործվող ծրագրեր, որոնց մի մասն էլ կյանքի է կոչվում ի հաշվի մեր ազգային շահերի։ Հայաստանն ունի բոլորի խաղաքարտերը խառնելու հնարավորություն։ Բայց դա վտանգավոր իրագործելի սցենար է, որը միանշնակ վեր է այս իշխանությունների կարողություններից։ Ավելին՝ ՀՀ իշխանություններն աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում ստորադասել են հայկական պետությունների շահն իրենց անձնական քաղաքական հետաքրքրվածություններին, իսկ հաճախ էլ սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը։ Արդյունքում ստեղծվել է վերոնկարագրյալ այն իրողությունը, որտեղ հայ ժողովրդի առաջարկվում է բավարարվել իր իսկ կարողությունների չնչին մասով, չխոչընդոտել այլ երկրների տարածաշրջանային ծրագրերին, չփորձել նույնիսկ մտածել կորցրածը վերականգնելու մասին, լինել գործիք այլոց ձեռքին և շարունակել պահպանել Նիկոլի իշխանությունը։
Հրանտ Մելիք-Շահնազարյան