Եվրամայդանի հետևանքները՝ պատերազմներ Արցախում և Ուկրաինայում

Ուկրաինայում սկիզբ առած Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը հիմնովին փոխում է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունը։ Ակնհայտ է, որ սա լոկալ կոնֆլիկտ չէ և դրա արդյուքներն ազդելու են ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև կոնֆլիկտային գրեթե բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև աշխարհի ամենահզոր պետությունների և ռազմական դաշինքների ճակատագրի վրա։ Հիմա արդեն բոլորս ենք դառնում այդ վերափոխումների ականատեսը։ Ընդ որում, իրավիճակի բարդությունը կայանում է նրանում, որ իրենց մոտեցումներում ու գործողություններում հակամարտող կողմերը՝ Մոսկվայից սկսած մինչ Վաշինգտոն, հիմնականում առաջնորդվում են ոչ թե ռացիոնալ ու սթափ գնահատականներով, այլ էմոցիաներով, միմյանց հնարավորինս վնասելու, թուլացնելու, անգամ ոչնչացնելու ցանկությամբ։ Եվ սա չափազանցություն չէ։ Հուսադրողը, թերևս, այն է, որ աշխարհաքաղաքական մայրաքաղաքներում գիտակցում են դիմացինի ռազմական կարողությունների կործանիչ ուժը և փորձում, այնուամենայնիվ, որոշ սահմաններ չանցնել։ Այս իմաստով կարելի է ասել, որ միջուկային սպառազինությունը դեռևս կատարում է առավել ծավալուն մարտական գործողությունները զսպելու իր ֆունկցիան և դա լավ է։

Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, անկասկած, ազդելու են նաև մեր տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա։ Ցավոք, սա անխուսափելի է։ Հայաստանում հիմա դրա մասին քիչ են խոսում, բայց պետք է արձանագրել, որ 90-ականների պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջին լուրջ լարվածությունը, որը հետզհետե վերաճեց Ապրիլյան, իսկ հետո նաև 44-օրյա պատերազմների, տեղի ունեցավ 2013-ի վերջում Ուկրաինայում սկիզբ առած հեղափոխական շարժմումից անմիջապես հետո։ Մեր ցավալի կորուստների հիմքն էլ, Ուկրաինայում տեղի ունեցող այսօրվա զարգացումների հիմքն էլ դրվեց հենց այն ժամանակ՝ 2013-ի նոյեմբերին Կիևի՝ «Եվրամայդանի» վերածված կենտրոնական հրապարակում։

Հետխորհրդային ժամանակաշրջանում հենց ուկրաինական ճգնաժամը դարձավ մեր տարածաշրջանում և հատկապես Արցախի հարցում ռուս-արևմտյան հարաբերությունների սրման պատճառ։ 2008 թվականին նման մի պատճար էր նաև Վրաստանը՝ վրաց-օսական պատերազմով պայմանավորված, բայց այն ժամանակ, մեծ հաշվով, Ռուսաստանն ու Արևմուտքը լեզու գտան իրար հետ՝ նրանք փաստացի կիսեցին Վրաստանը միմյանց միջև։ Արևմուտքն այն ժամանակ անվտանգության երաշխիքներ տվեց Վրաստանի միայն այն շրջանների համար, որտեղով էներգետիկ և տրանսպորտային կոմունիկացիաներն էին անցնում։ Ռուսաստանն էլ բավարարվեց Աբխազիայով և Օսեթիայով։ Իսկ ահա Եվրոմայդանից հետո կողմերի միջև հակամարտությունն արդեն շարունակական դարձավ և դուրս եկավ Ուկրաինայի սահմաններից։

Արցախյան հակամարտության կարգավորման խնդրում ռուս-ամերիկյան նախկին համագործակցության փաստացի վերացումից հետո՝ 2014-ի առաջին իսկ ամիսներից ադրբեջանա-արցախյան և ադրբեջանա-հայաստանյան սահմանում լարվածությունը հետզհետե սկսում է մեծանալ։ 2014թ․ հուլիսի 1-30 ժամանակամիջոցում մարտական իրավիճակներում Ադրբեջանի ԶՈւ-ն ունենում է 4 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 4 զոհ (1): Հուլիսի 9-ին հայկական լրատվամիջոցներում լուր տարածվեց Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տևած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը ձերբակալվեցին։ Այդ ընթացքում նրանք հասցրել էին առևանգել և սպանել Քարվաճառի շրջանից 17-ամյա Սմբատ Ցականյանին, սպանել մայոր Սարգիս Աբրահամյանին և ծանր վիրավորել 1977 թվականի ծնված Կարինե Դավթյանին (2)։ Իսկ ահա Մարտակերտի ուղղությամբ հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձից հետո սկսում են 2014-ի Օգոստոսյան մարտերը, որոնց ընթացքում կողմերը մարդկային կորուստներ են կրում (3)։ 2014-ի նոյեմբերի 12-ին արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը (4): Բոլոր այս զարգացումներին հետևում է երկարատև լարվածություն, որի ընթացքում Ադրբեջանը նախ փորձում է տարատեսակ դիվերսիոն խմբերի միջողով վնասել հայկական զինված ուժերին, հետո անցնում, այսպես կոչված, դիպուկահարների պատերազմին, ԱԹՍ-ների ու հրետանային միջոցների ակտիվացմանն ու այդպես մինչև Ապրիլյան պատերազմ։ Այս ամեն հիմքը, ինչպես արդեն նշեցի, դրվեց Եվրամայդանում։

Ուկրաինայում փետրվարի 24-ին սկիզբ առած Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը, բնականաբար, նույն զարգացումների հետևանքն են։ Ավելին, դրանք սպասվում էին նույն 2014-ից սկսած։ Արդեն քանի տարի է բազում քաղաքական գործիչներ և փորձագետներ խոսում են այն մասին, որ Ուկրաինայի քաղաքականության կտրուկ շրջադարձը դեպի Արևմուտք, ինչպես նաև այդ երկրում հակառուսական տրամադրությունների աճն ու Ռուսաստանի դեմ թշնամանքի քարոզչությունը ի վերջո կարող է բերել Ուկրաինայի՝ էթնիկ հիմքով մասնատման։ Այդ գործընթացն այնտեղ սկսել է Եվրամայդանից անմիջապես հետո՝ Դոնբասի երկու շրջանների՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախություն հայտարարելու և Ղրիմի Ռուսաստանին միանալով։ Սակայն պարզ էր, որ այդ ամենը կիսալուծումների մակարդակում էր։ Ռուսաստանում փորձում էին ամեն ինչ անել, որպեսզի Ուկրաինայի հետ հարաբերությունների գոնե նվազագույն մակարդակ պահպանվեր։ Մոսկվայում լավ են հասկանում, որ թշնամանքն այդ երկրի հետ ծանր բեռ է, որը կարող է երկար ժամանակով լուրջ վնասել ոչ միայն Ռուսաստանի տարածաշրջանային շահերին, այլև հենց ռուս ժողովրդին, որը ուկրաինացիներին միշտ ընկալել է առնվազն որպես եղբայարական ժողովուրդ, եթե չասենք՝ նույնական։ Այսինքն Ուկրաինայի հարցում էթնոհոգեբանական գործոնը շատ լուրջ ազդեցություն է ունեցել և հիմա էլ ունի Ռուսաստանի որոշումների վրա։ Դրանով է պայմանավորված այս օրերին Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերի համապատասխան՝ պատերազմական դրության համար ավելի քան մարդասիրական վերաբերմունքը։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր այս իրադարձություններից հետո Ուկրաինայի հետ թշնամանք չմնա։

Դրանով հանդերձ, սակայն, հատուկ ռազմական գործողությունն անհրաժեշտություն էր Ռուսաստանի համար։ Պայքարն էլ, բնականաբար, ոչ թե Ուկրաինայի համար է, այլ հետխորհրդային տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության վերականգնման։ Կամ, առնվազն, այդ տարածաշրջանները Ռուսաստանի համար լիարժեք անվտանգ դարձնելու համար։ Իսկ սա նշանակում է, որ Ուկրաինան այդ հակամարտության հարթակներից մեկն է միայն։ Այս շրջանում Մոսկվան ակտիվ աշխատում է նաև մնացած բոլոր ճակատներում։ 2022-ի առաջին իսկ օրերին մենք դարձանք Ղազախստանում տեղի ունեցած փաստացի իշխանափոխության փաստին։ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու անմիջապես նախաշեմին ՌԴ նախագահ Վ. Պուտինը դաշնակցային հարաբերությունների հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկրորդ այս դեպքում Ռուսաստանի շտապողականությունն արդեն իսկ խոսում էր այն մասին, որ Հարավային Կովկասում Մոսկվային անհանգստացնող որոշ գործոններ կան։ Հնարավոր է, դա պայմանավորված է մեր տարածաշրջանում Թուրքիայի կտրուկ ակտիվացմամբ և թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման մեծ դինամիկայով։ Սպասելի էր, որ Ռուսաստանը դրան ինչ-որ բան պետք է հակադրի և, կարծում եմ, հիշատակված հռչակագիրը հենց այն գործիքն է, որով Մոսկվան հույս ունի փրկել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Իհարկե, այլ հարց է, թե որքանով օգտակար կլինեն Ռուսաստանի համար ադրբեջանա-ռուսական դաշնակցային հարաբերությունները վճռորոշ պահին։ Այս հարցի հետ կապված ես մեծ վերապահումներ ունեմ…

Շարունակելով ուկրաինական, իսկ ավելի ճիշտ՝ եվրոպական անվտանգության համակարգի ճգնաժամի մեր տարածաշրջանի ու երկրի վրա հնարավոր ազդեցության թեման՝ պետք է ասել, որ ռիսկերն այստեղ իսկապես շատ-շատ են։ Սկսած ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունից Հայաստանի տնտեսության վրա, ավարտելով բուն անվտանգային խնդիրներով։ Որովհետև, ինչպես արդեն նշեցի, Ուկրաինան ռուս-արևմտյան հակամարտության միակ հարթակը չէ։ Հարավային Կովկասն էլ այս իմաստով կարևոր տարածաշրջան է երկու կողմերի համար և, օրինակ, Արևմուտքի կողմից այն կարող է օգտագործվել ռուսական ուժերը ջլատելու նպատակով։ Ընդ որում, որքան ձգձգվում է Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության տևողությունն Ուկրաինայում, այնքան ավելի է մեծանում Հարավային Կովկասում սադրանքների հնարավորությունը։ Իսկ եթե Ռուսաստանի և Արևմուտքի տարածաշրջանային շահերին գումարենք նաև Չինաստանի, Իրանի, Թուրքիայի և Իսրայելի՝ մեր Հարավային Կովկասի հետ կապված նպատակներն ու մոտեցումները, ապա ռիսկերի մասշտաբներն էլ ավելի ակնհայտ կդառնան։

Ելնելով այս ամենից՝ պետք է փաստենք, որ Ուկրաինայում այսօր որոշվում է ոչ միայն այդ երկրի, այլև ողջ հետխորհրդային տարածաշրջանի ճակատագիրը։ Ռուս-ուկրաինական այս բախումը նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի սկիզբ է դրել։ Եթե Ռուսաստանն այդ ընթացքում չկարողանա լիարժեք լուծել իր առջև դրված խնդիրները, ապա Հայաստանի համար տարածաշրջանում լուրջ խնդիրներ կառաջանան։ Խոսքը գոյաբանական խնդիրների մասին է։ Երկրորդ վտանգը կախված է գլոբալ այս հակամարտության մեջ կողմերի՝ միմյանց զիջումներ անելու հնարավոր անհրաժեշտության հետ. չլինի հանկարծ, որ մեր երկիրը կրկին այդ զիջումների զոհ դառնա։ Բայց Հայաստանն այսօր ի վիճակի չէ կառավարել այդ ռիսկերը։ 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո մենք կորցրել ենք այդ պոտենցիալը։ Բայց դա, իհարկե, որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանն այս շրջանում ընդհանրապես որևէ անելիք չունի։ Ո՛չ, դա այդպես չէ։  Պարզապես պատմական այս փուլում մենք պետք է կենտրոնանանք հնարավորությունների վրա։ Իսկ դրա համար, ինչպես բազմիցս արդեն նշել եմ, Հայաստանին պետք է հայրենասեր և խելամիտ իշխանություն։

Հրանտ Մելիք-Շահնազարյան


___________________________

Հղումներ

1. Հայկական զինուժի կորուստները 2014-ի հուլիսին. Ռազմինֆո, 04.08.2014թ., https://razm.info/50652։

2. Քարվաճառում ավարտվել է դիվերսանտների վնասազերծման գործողությունը. ՊԲ, 14.07.2014թ., https://razm.info/48797։

3. 2014թ․ օգոստոսյան պատերազմը. հետադարձ հայացք, 04.08.2018թ., https://razm.info/128210։

4. Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել, 12.11.2014թ., https://www.panarmenian.net/arm/news/184727/։

Կապված նյութեր