Ադրբեջանա-արցախյան սահմանում կրկին պայթյունների ձայներ են լսվում։ Ի՞նչ է առաջարկել Ալիևի վարչակազմը Փաշինյանին։ Կլինե՞ն արդյոք խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Ինչպե՞ս են կողմերը պատկերացնում Ռուսաստանի ներգրավվածությունն արցախյան խնդրի կարգավորման գործընթացում։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը։
* * *
Անցնող շաբաթն աչքի ընկավ Արցախում լարվածության աստիճանի կտրուկ աճով։ Մարտի 7-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Շուշիի մերձակայքում, վնասվել է գազատար խողովակը, որի հետևանքով հայկական երկրորդ պետությունն ամբողջապես զրկվել է գազի մատակարարումից։ Թե ի՞նչն է դարձել գազատարի վթարի պատճառ, դեռևս հայտնի չէ։ Արցախում չեն բացառում, որ այն պայթեցվել է թշնամու կողմից։ Վերջինս, ի դեպ, մինչ այս պահը չի թույլատրում, որպեսզի Արցախի համապատասխան ծառայությունները մոտենան վթարի վայրին և վերացնեն դրա հետևանքները։ Ադրբեջանցիներին չեն կարողանում համոզել ո՛չ ռուս խաղաղապահները, որոնք քանի օր է բանակցում են այդ հարցի շուրջ, ո՛չ էլ այն փաստը, որ գազի մատակարարման խաթարման պատճառով Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակն արդեն գրավել է միջազգային հանրության ուշադրությունը և որ համաշխարհային մեդիաներով դրա մասին արդեն ռեպորտաժներ են ցուցադրվում։
Այն, որ Արցախ տանող գազատարը պայթեցվել է հենց ադրբեջանցիների կողմից, կասկածից դուրս է։ Պաշտոնական Ստեփանակերտն այդ մասին բաց տեքստով չի հայտարարում զուտ այն պատճառով, որ վթարի վայր այցելելու հնարավորություն չունի։ Մինչդեռ ադրբեջանական կողմի գործողությունները հենց դրա ապացույցն են՝ սա Արցախի պետականության և բնակչության դեմ իրականացված դիվերսիա է, որը բազում նպատակներ է հետապնդում։ Դրանց մի մասին կանդրադառնանք քիչ ավելի ուշ։ Իսկ հիմա նշենք, որ բացի գազատարից ադրբեջանական զինված ուժերը ոտնձգություններ են իրականացնում նաև Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ։ Թիրախում, առաջին հերթին Ասկերանի շրջանի մի քանի գյողւեր են՝ Փառուխը, Խրամորթը, Խնապատն ու Նախիջևանիկը։ Այս գյուղերի ուղղությամբ թշնամին հրազենային զինատեսակներից բացի նաև ականանետեր է կիրառում՝ այդ թվում նաև 120 մմ. արկեր։ Ակտիվություն կա նաև Մարտունու շրջանի գյուղերի հատվածում։
Արցախի աշխարհագրությանը ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ Ասկերանի շրջանի հիշատակված բոլոր չորս գյուղերը գտնվում են Ակնային հարող բարձունքների վրա և արևմուտքից ու հարավից կախված են քաղաքի վրա։ Ադրբեջանի զինծառայողների կողմից այս ուղղությամբ բարձրաձայնվող հիմնական նպատակները երկուսն են՝ ա) որպեսզի հայկական բանակն ամրաշինական աշխատանքներ չիրականացնի այդ հատվածում և բ) որպեսզի հայ բնակչությունը լքի հիշատակված գյուղերը։ Այդ բնակավայրերի գնդակոծումն ու արկակոծումը, ըստ ամենայնի, ադրբեջանցիների կողմից որպես իրենց պահանջներին հետևողական լինելու լրացուցիչ փաստարկ են ներկայացվում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է որոշակի աշխատանքներ իրականացնել Ակնայում և այսկերպ փորձում է անվտանգության նոր միջոցառումներ ձեռնարկել քաղաքի համար։ Բայց դա Ալիևի վարչակազմի նման վարքագծի միակ բացատրությունը չէ։
Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ մեկ էջից բաղկացած փաստաթուղթը նրանք վերջերս են հանձնել հայկական կողմին և հիմա սպասում են պաշտոնական Երևանի առաջարկին։
Միևնույն ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար բանակցություններ սկսելու հարցում։ Մեր արտաքին գործերի հիշատակված տեղեկատվությունը հանրայնացվել է ադրբեջանական կողմի՝ հիշատակված հինգ կետանոց առաջարկների մասին հայտարարության նախօրեին՝ մարտի 11-ին։ Հիշեցնենք, դրանից ևս երկու օր առաջ՝ մարտի 8-9-ը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, որտեղ նաև Էմանուել Մակրոնի հետ քննարկել է նաև արցախյան հակամարտության խնդիրը։
Դիվանագիտական դաշտում նշված զարգացումների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ դրանք համընկել են ադրբեջանա-արցախյան սահմանում թշնամու սադրանքների իրականացման օրերին։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ակտիվացումն Արցախի սահմանում սկսել են ճիշտ այն բանից հետո, երբ նրանք հայկական կողմին են ներկայացրել իրենց հինգ կետից բաղկացած առաջարկը (իսկ իրականում՝ պահանջագիրը)։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդկերպ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հետ սահմանում զինուժի որոշակի կուտակում ապահովելով, Ալիևի վարչակազմը փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել հայկական կողմի վրա և ստիպել Երևանին ընդունել իրենց պահանջները։ Փաշինյանի կառավարությունն իր հերթին, աչք փակելով Արցախում ադրբեջանցիների սանձարձակ գործողությունների վրա, փորձում է խնդրին ավելի մեծ միջազգային հնչողություն տալ և ադրբեջանցիների պահանջներին ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ առաջարկել։
Թե կոնկրետ ինչ կետեր են ներառված Բաքվի հիշատակված «առաջարկությունների» մեջ, Ադրբեջանի իշխանությունները չեն բարձրաձայնում։ Բայց նրանց մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ դրանք ներառում են նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, այսպես կոչված «Զանգեզուրի» միջանցքի բացումը, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն այս առնչքւթյամբ միայն նշել է, որ «բոլոր սկզբունքները, որոնք հիշատակված են փաստաթղթում, միջազգային հարաբերությունների սկզբունքներ են»։ Դրանցից մեկը երկու երկրների միջև դեմարկացիայի հարցն է։ «Ադրբեջանը առաջարկում էր լուծել այդ հարցերը, սակայն Հայաստանը մշտապես նոր նախապայմաններ էր առաջ քաշում։ Նախապայմանները գործընթացի մեկնարկի համար անընդունելի են։ Պետք է ստեղծվի երկկողմ համագործակցության խումբ և սկսի աշխատել։ Կա հինգ հիմնական կետ», – եզրափակել է Բայրամովը։
Կարևոր է նշել, որ ըստ հանրային դաշտում առկա տեղեկատվության, ռուսական կողմը դիվանագիտական բոլոր այս զարգացումներում դեռևս ներգրավված չէ։ Այս իրողությունը թույլ է տալիս փորձագետներին կարծել, որ թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական կողմերն օգտվում են այն հանգամանքից, որ պաշտոնական Մոսկվան ամբողջապես կենտրոնացած է Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ գործողության և դրա շուրջ տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա։ Եթե դա իսկապես այդպես է, ապա հայկական կողմի համար սա կարող է շատ վտանգավոր վերջաբան ունենալ։ Իհարկե, մեծ ռիսկեր կան նաև Ադրբեջանի համար. պարզ է, որ ռուսական կողմը Արցախի հարցում չի ներելու նաև Բաքվի ինքնագործունեությունը։ Բայց այս տեսակետից հայկական կողմը շատ ավելի խոցելի վիճակում է։ Այսպես, ռուսական մամուլում և փորձագիտական շրջանակներում արդեն իսկ նկատելի է Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի հետ կապված դժգոհություններն ու քննադատությունները։ Իսկ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ սկսելու մեր ԱԳՆ նախաձեռնությունն ընդհանրապես ընկալվում է, որպես Ռուսաստանն այդ գործընթացից դուրս թողնելու փորձ։ Հայտնի է, որ պաշտոնական Մոսկվան այդ ձևաչափի համար ներկայումս հումանիտար և տնտեսական խնդիրների լուծման առաքելություն է նախատեսում միայն։ Համաձայնեցրել է արդյոք Փաշինյանի կառավարությունը Ֆրանսիայի և համանախագահների հետ իր քննարկվող օրակարգը Ռուսաստանի հետ, թե ոչ, պարզ կդառնա առաջիկայում։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ուշադիր հետևելու է այդ զարգացումներին։
Նշված զարգացումների լույսի ներքո հետաքրքրական էր նաև մարտի 11-ին Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցնքն» Իրանի տարածքով անցկացնելու մասին հռչակագիրը։ Այս առիթով Ադրբեջանի պաշտոնյաները նշում են, թե Հայաստանը տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերում մասնակցելու «լավ հնարավորություն ուներ», սակայն իրենք չեն պատրաստվում հավերժ սպասել Երևանի որոշումներին։ Գործնականում, սակայն, ադրբեջանա-իրանական այս նոր համաձայնագիրը ևս մեկ հարվախ է Ռուսաստանի տարածաշրջանային ծրագրերին, քանզի այսպես Ռուսաստանը կորցնում է Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա ուղղությամբ իրականացվող ապրանքաշրջանառությունն իր վերահսկողության տակ պահելու հնարավորությունը։ Դրանով հանդերձ պետք է նշել նաև, որ ադրբեջանական կողմը որոշակի զգուշավորություն այս հարցում պահում է՝ նրանք հայտարարում են, որ Իրանի տարածքով անցնող ճանապարհը «Զանգեզուրի միջանցքի» ճյուղերից մեկն է միայն։
Վերադառնալով արցախա-ադրբեջանական սահմանում անցնող շաբաթվա ընթացքում արձանագրված լարվածության աճի խնդրին՝ նշենք, որ ըստ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնում առկա տեղեկատվության դա պայմանավորված է նաև Արցախում առկա ռուս խաղաղապահների և Ադրբեջանի ռազմական ղեկավարության միջև առաջացած խնդիրներով։ Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, որ խաղաղապահ զորախումբը որոշակի սահմանափակումներ է դրել Արցախի տարածքով ադրբեջանական զորքի տեղաշարժի հարցում։ Խոսքը վերաբերվում է Քաշաթաղի և Շուշիի շրջաններին։ Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմի այդ վարքագիծը պայմանավորված է Ադրբեջանի իշխանությունների՝ Ուկրաինային պարբերաբար օժանդակություն ուղարկելու հանգամանքով։