Լուռ հանդուրժողականություն՝ պաշտոնական Երևանի ու Անկարայի երջանկությունը

Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ են կարգավորում։ Ի՞նչու էին ժպտում Միրզոյանն ու Չավուշօղլուն։ Որո՞նք են հայկական կողմի կարմիր գծերը։ Լուռ հանդուրժողականության փառատոն Հայաստանում և Սփյուռքում։

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումները

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը։

*     *     *

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Երկու երկրների արտգործնախարարները փոխանակվել են ջերմ ձեռքսեղմումներով, տեսախցիկների առջև ցույց տվել փոխադարձ բարյացակամությունը, հանդես եկել միմյանց քաղաքական դիրքորոշումների դրական գնահատականներով և խոստացել, որ շուտով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։ Ընդ որում, Արարատ Միրզոյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների, և սա, պետք է նշել, շատ երկիմաստ հայտարարություն է։

Ի՞նչ է նշանակում «առանց նախապայմանների» հասկացությունը։ Հայաստանի և Թուրքիայի համար այս ձևակերպումը մշտապես տարբեր կերպ է ընկալվել։ Այո, պաշտոնական և դիվանագիտական մակարդակում այն գրեթե միշտ է հնչել։ Բայց գործնականում թե՛ Հայաստանը և թե՛ Թուրքիան միմյանց հանդեպ մշտապես պահանջներ և ակնկալիքներ են ունեցել։ Այսպես, հայկական կողմի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը եղել ու շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային՝ այդ թվում նաև Թուրքիայի կողմից ճանաչման, ինչպես նաև դրա հետևանքների հաղթահարման հարցը։ Հայաստանի համար սա ոչ միայն պատմական արդարության, առավել ևս՝ ինչ-ինչ հավակնությունների, այլ կենսական նշանակության անվտանգային խնդիր է։ Որովհետև այո, որքան էլ Չավուշօղլուն ու Միրզոյանը ժպտան միմյանց, որքան էլ իրար վստահեն, այնուամենայնիվ Թուրքիան շարունակում է լինել Հայաստանի գոյությանը սպառնացող հիմնական վտանգը։ Եվ այս փաստը վերջին անգամ ապացուցվել է բոլորովին վերջերս՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում։

Ճիշտ նույնկերպ Հայոց ցեղասպանության փաստի շրջանցումն ու ընդհանրապես՝ մոռացությունը, թուրքական կողմի՝ Հայաստանին ուղղված նախապայմանն է։ Պաշտոնական Անկարան էլ հասկանում է, որ քանի դեռ Հայկական հարցը գոյություն ունի որպես քաղաքական գործոն, իր հնարավորությունները սահմանափակ են լինելու ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում ու նաև Եվրոպայում։ 2008թ. հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը թուրքական կողմը տապալեց ոչ թե Ադրբեջանի պահանջով, ինչպես դա հաճախ ներկայացվում է հանրությանը, այլ զուտ այն պատճառով, որ Աբդուլա Գյուլի իշխանությունը հասկացավ, որ այդկերպ նրան չի հաջողվում չեզոքացնել Հայկական հարցի գործոնը։ Հետագայաում Անկարայի նախապայմաններին ավելացան նաև Արցախի հանձնումն Ադրբեջանին։ Հայաստանում վերջին տարիներին կենտրոնացել էին թուրքական կողմից բարձրաձայնվող հենց այս նախապայմանի վրա։ Եվ երբ ասվում էր «առանց նախապայման», նկատի էր առնվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի սպառնում Արցախի անվտանգությանը։

Իսկ ի՞նչ է նշանակում «առանց նախապայմանների» հասկացությունն այսօրվա Հայաստանի համար։ Ի՞նչ է փորձում համոզել Արարատ Միրզոյանը հայ հանրությանը։ Որովհետև եթե հարցին մոտենում ենք իրական քաղաքակնության (real politics) դիրքերից, ապա ստիպված ենք արձանագրել, որ թուրք-ադրբեջանական հիմնական նախապայմանը՝ Արցախի հարցը, նրանք արդեն մեծամասամբ լուծել են, ընդ որում ռազմական ճանապարհով, և հիմա փորձում են չեզոքացնել նաև Ցեղասպանության խնդիրը։ Ու սա պաշտոնական Երևանի կողմից ներկայացվում է որպես հայկական դիվանագիտության ձեռքբերում…

Ինչևէ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծ տեմպով է առաջ գնում։ Ընդամենը երեք ամիս առաջ է պաշտոնական Երևանը հայտարարել, որ Հայաստանը Թուրքիայի հետ գարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Անցած այս կարճ ժամանակի ընթացքում պաշտոնական Երևանն ու Անկարան հասցրել են ներկայացուցիչներ նշանակել, որոնք արդեն երկու հանդիպում են ունեցել Մոսկվայում և Վիեննայում և, փաստորեն, նախապատրաստել արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այսչափ արագ գործընթացը՝ այն էլ մեր և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող այլ, մեղմ ասած, ոչ ստանդարտ զարգացումների ֆոնին, իսկապես անսպասելի և կասկածելի է ոչ միայն հայ ժողովրդի, այլև միջազգային հանրության համար։ Թերևս սրանով է պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի այսքան աննկատ մնալը։ Ճիշտ է՝ միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ արդեն հասցրել են ողջունել Երևանի և Անկարայի միմյանց հետ հաշտվելու ցանկությունը, իսկ Հայաստանում ու Սփյուռքում էլ որոշակի դժգոհության նոտաներ են լսվում, բայց 2008-ի կարգավորման գործընթացի հետ համեմատած՝ այդ ամենը ոչինչ է։ Բանակցող կողմերը շարունակում են վայելել իրենց հասարակությունների և աշխարհաքաղաքական կենտրոնների լուռ հանդուրժողականությունը։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը շարունակելու է հետևել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և տեղեկացնել ընթերցողներին նոր զարգացումների մասին։

ԻՐԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՐԵՎՄՈՒՏՔ

Անցյալ տարվա վերջին ամիսներին Մոսկվայից, Վաշինգտոնից և Թեհրանից ազդակներ էին ստացվում այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները դրական ուղղվածություն ունեն և կողմերը մոտ են նոր համաձայնագրի ստորագրմանը։ Բանակցային գործընթացին զուգահեռ արևմտյան երկրները հետզհետե չեղարկում էին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ էլ ավելի մեծ հույս ներշնչելով, որ տարիների այս դիմակայությունը ինչ-որ կերպ կարող է մեղմվել։ Եվ ահա փետրվարի 15-ին հայտարարվեց, որ «միջուկային գործարքի» կնքումը մտել է որոշիչ փուլ՝ կողմերը պատրաստվում են ստորագրել այն։ Սակայն փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական հատուկ գործողությունը, որի պատճառով կտրականապես սրվեցին ռուս-ամերիկյան հարաբերությունները, ազդեցին նաև Իրանի հետ տարվող բանակցային գործընթացի ժամանակագրության վրա։ Վիեննայում կողմերը դադար վերցրեցին։

Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտգործնախարարությունն ԱՄՆ գործընկերներից գրավոր երաշխիքներ է պահանջել այն մասին, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների պատճառով ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները չեն տարածվի Իրան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների վրա։ Միացյալ Նահանգների, եվրոպական մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների՝ Ռուսաստանի այս պահանջի առաջին արձագանքն այն եղավ, որ այդկերպ Մոսկվան ցանկանում է խափանել Վիեննայում տեղի ունեցող բանակցային գործընթացը։ «Դա վտանգում է գործարքը` Իրանի ժողովրդին զրկելով պատժամիջոցների չեղարկման հնարավորությունից, իսկ միջազգային հանրությանը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքներից», – նշված է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ վերոնշյալ բանակցությունների նպատակն է վերականգնել 2015 թվականի միջուկային պայմանագիրը, որը կնքել են մի կողմից Իրանը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Եվրամիությունը: Այդ փաստաթղթով Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունը, մասնավորապես դադարեցներ ուրանի հարստացումը: Ի պատասխան դրան գերտերությունները պետք է ատիճանաբար հրաժարվեին տնտեսական պատժամիջոցներից:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներում իրավիճակն էլ ավելի սրվեց մարտի 13-ին, երբ ի պատասխան Սիրիայում Իսրայելի կողմից իրանական ուժերին հասցված հարվածների, Իրանը բալիստիկ հրթիռներով ոչնչացրել է Իրաքյան Քրդիստանում տեղակայված հրեական հետախուզության՝ Մոսադի, երեք օբյեկտներ։ Ի պատասխան Թեհրանի այս հարվածի, Վաշինգտոնից հայտարարել են, որ Իրանը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Անցնող գրեթե ողջ շաբաթվա ընթացքում Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն ակտիվ քննարկումներ էին անցկացնում «միջուկային կարգավորմանը» սպառնացող խնդիրների մասին, սակայն ի վերջո հարցը, կարծես, դրական լուծում ստացավ։ Մարտի 16-ին Սերգեյ Լավրովը Մոսկվա ժամանած Իրանի իր գործընկերոջը՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիին տեղեկացրեց, որ Վաշինգտոնը, այնուամենայնիվ, գրավոր երաշխիքներ է տրամադրել, որ Ռուսաստանի և Իրանի տնտեսական համագործակցությունը չի ընկնի ԱՄՆ պատժամիջոցների տակ։ «Մենք գրավոր երաշխիքներ ենք ստացել։ Դրանք ներառված են իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման վերաբերյալ համաձայնագրի տեքստում, և այդ տեքստերը հուսալի պաշտպանություն են ապահովում JCPOA-ով նախատեսված բոլոր նախագծերի և գործողությունների համար, ներառյալ՝ մեր ընկերությունների եւ մասնագետների անմիջական ներգրավվածությունը»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Իսկ սա նշանակում է, որ Իրանի միջուկային գործարքի կայացմանն այլևս չոչընդոտող որևէ խնդիր չկա։ Հարավային մեր հարևանը մոտ է իր ստրատեգիական խնդիրները լուծելուն, ինչը նշանակում է, որ շատ շուտով մենք բոլորս կդառնանք մեր տարածաշրջանում Իրանի դերակատարության կտրուկ մեծացմանը։

Կապված նյութեր