Ի՞նչ է պահանջում պաշտոնական Բաքուն Հայաստանից։ ՀՀ ԱԳՆ-ն պատրաստ է ընդունել Ադրբեջանի հինգ «առաջարկները»։ Արցախում վերանորոգվել է պայթեցված գազատարը։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի շաբաթական տեղեկագիրը։
* * *
Հայ-ադրբեջանական հարաբերություններին նվիրված «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի նախորդ տեղեկագրի հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հինգ սկզբունքները, որոնք են.
– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,
– պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,
– զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,
– սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտ կարող է նկատել, որ ադրբեջանական կողմի ներկայացված 5 առաջարկներն իրականում Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիրների՝ մասնավորապես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը) ճանաչումն ու ՀՀ ինքնիշխան տարածքներին ամխոչընդոտ հասանելիություն ստանալու, բացվածքն են։ Պարզ է, որ պաշտոնական Բաքվի այս մոտեցումներն իրենց էությամբ ոչ թե Հայաստանին ուղղված առաջարկներ են, այլ պահանջներ, որոնք, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում ու Սյունիքում, շատ նման են վերջնագրի։ Ավելին, հայկական դիվանագիտական շրջանակներում լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ «առաջարկներից» բացի Ալիևի վարչակազմը Փաշինյանին նաև այդ «առաջարկներն» ընդունելու վերջնաժամկետ է ներկայացրել։ Խոսվում է մեկ ամիս ժամանակի մասին։ Սակայն այս հանգամանքը պաշտոնական հաստատում դեռևս չի ստացել ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ հայկական կողմերից։
Իսկ ահա Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած կետերի իսկությունը մեր արտգործնախարարությունը հաստատել է։ Այո, իսկապես, պաշտոնական Բաքուն հենց այս «առաջարկներն» է ուղարկել Երևանին։ Եվ մինչ հայ հանրությունն ընդվզումով խոսում էր նշված կետերի շուրջ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհնարության մասին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում երկու կարևոր հայտարարություն է արել.
ա) երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ… Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:
բ) Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։
Դիվանագիտական լեզվից թարգմանաբար երկու այս կետերը նշանակում են, որ պաշտոնական Երևանն ընդունում է Ադրբեջանի բոլոր հինգ «առաջարկները»։ Եվ եթե Արարատ Միրզոյանի այս խոսքերը դիտարկենք դրանից ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով բանակցություններ սկսելու Մինսկի խմբին դիմելու ՀՀ ԱԳՆ փաստի լույսի ներքո, կարելի է ենթադրել, որ այդ բանակցությունների հիմքում ընկած են լինելու հենց վերոնշյալ հինգ կետերը։ Իհարկե, հայկական կողմը փորձելու է որոշակի շտկումներ կամ նորարարություններ մտցնել Ադրբեջանի առաջարկների մեջ, կամ գոնե թե ժամանակ ձգել, բայց փաստն այն է, որ Երևանը պատրաստ է բանակցել Բաքվի օրակարգի շուրջ։
Թերևս հենց այս հանգամանքով է բացատրվում Ադրբեջանի ճնշման թուլացումն Արցախի վրա։ Անցնող այս շաբաթն աչքի ընկավ ադրբեջանա-արցախյան սահմանում լարվածության նվազեցմամբ. թշնամին այլևս չի կրակում սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ավելին՝ Բաքուն թույլ տվեց վերանորոգել Շուշիի հատվածում Արցախ տանող պայթեցված գազատարը։ Գազի մատակարարումը հայկական երկրորդ պետություն այս պահին վերականգնված է։
Ասվածին պետք է ավելացնել միայն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից Հայաստանի դիմումի հետ կապված հստակ պատասխան դեռևս չկա։ Սակայն այդ հարցը ՀՀ ղեկավարներն արդեն քննարկել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Առաջինի հետ խոսել է Նիկոլ Փաշինյանը, իսկ երկրորդի՝ Արարատ Միրզոյանը։ Ընդունված որոշումների մասին, եթե այդպիսիք կան, հանրությանը ոչինչ չի տեղեկացվել։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, մարտի 17-ին սպորտսմենների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել Հայաստանին, իսկ հիմա նրանք պետք է հաղթեն «թշնամուն» բոլոր ոլորտներում։ Կասկածից վեր է, որ սա հենց այն օրակարգն է, որն առաջիկա տարիներին սպասարկելու է Ադրբեջանի իշխանությունը։