Մոսկվա, թե՞ Բրյուսել։ Ո՞վ կլինի Արցախի խնդրի լուծման գլխավոր հովանավորը

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը կարևոր հանգրվանի է մոտեցել և կա իրական վտանգ, որ խնդիրը կարող է ամբողջապես հօգուտ Ադրբեջանի լուծվել։ Սրա մասին է խոսում թեկուզ միայն այն փաստը, որ ՀՀ իշխանություններն անընդունելի ոչինչ չեն տեսել Ադրբեջանի կողմից առաջ քաշած հայտնի հինգ առաջարկներում, որոնք պետք է ընկած լինեն բանակցային գործընթացի հիմքում։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Եվրպոական կողմի նախաձեռնած եռակողմ այս հանդիպումը, ինչպես հայտնի է, տևել է ավելի քան 4.5 ժամ։ Այդ ընթացքում հակամարտող կողմերի ներկայացուիցչները քննարկել են հարցեր լայն շրջանակ, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։ Հանդիպումից անմիջապես հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը ցանկանում են արագ խաղաղության համաձայնագիր կնքել։ Վերջինս տեղեկացրել է, որ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են մինչ ապրիլի վերջ ստեղծել սահմանային հանձնաժողով, որի մանդատում երկու հարց կլինի.

1.    սահմանազատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը,

2.   ապահովել կայուն անվտանգության իրադրություն սահմանագծի երկայնքով եւ  մերձակայքում(1):

Շառլ Միշելը նաև հայտնել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։ Եվրոպայի Խորհրդի նախագահի հայտարարության մեջ հիշատակված էին նաև հումանիտար մի շարք հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հեռանկարները և այլն։ Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ Շառլ Միշելը գրեթե հիացական տոներով էր խոսում Ալիևի և Փաշինյան բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին, ինչը, եթե հաշվի առնենք Արցախում մինչ այդ ստեղծված իրավիճակն ու այդ պահին ընթացող գործընթացները, բավական տարօրինակ էր հնչում։

Բրյուսելում Ալիևի հետ հանդիպելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը ՀՀ Կառավարության նիստի ընթացքում կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա «սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը» (2)։ Սակայն ՀՀ ղեկավարը չի մանրամասնում, թե ինչ է հասկանում, օրինակ, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» ասելով։ Արդյո՞ք նա նկատի ունի, որ Արցախը պետք է անկախ լինի, թե՞ իր համար ընդունելի է նաև Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Նույն հարցը վերաբերվում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» անվտանգության երաշխիքներին ու իրավունքներին։ Ինչի՞ մասին է խոսում պաշտոնական Երևանն այդ դպքում։ Ցավոք, հստակ պատասխաններ չկան։ Ավելի ճիշտ՝ այդ առնչությամբ Փաշինյանի ու նրա թիմակիցների մեկնաբանությունները ոչ մի լավատեսություն չեն ներշնչում։

Սակայն բոլոր այս գնահատականներում և ընդհանրապես՝ ստեղծված իրավիճակում, կարևորագույն հանգամանքն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները խաղաղության պայմանագիր կնքելու աշխատանք են սկսում և դրա հիմքում, ըստ ամենայնի, Ալիևի վարչակազմի կողմից մշակված հինգ, այսպես կոչված, առաջարկներն են.

– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

– պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

– զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից,

– սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

– տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Ուշադիր ընթերցողը, իհարկե, հեշտ կարող է նկատել, որ ադրբեջանական կողմի ներկայացված 5 առաջարկներն իրականում Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիրների՝ մասնավորապես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության (ներառյալ Արցախը)  ճանաչումն ու ՀՀ ինքնիշխան տարածքներին անխոչընդոտ հասանելիություն ստանալու, բացվածքն են։ Պարզ է, որ պաշտոնական Բաքվի այս մոտեցումներն իրենց էությամբ ոչ թե Հայաստանին ուղղված առաջարկներ են, այլ պահանջներ, որոնք, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում ու Սյունիքում, շատ նման են վերջնագրի։

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների միջև սկսված այս նոր սիրախաղը, բնական է, չէր կարող անտարբեր թողնել հայ հանրությանը։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն արդեն իսկ բավական էին, որպեսզի ընդդիմությունը պրոցեսը կասեցնելուն ուղղված հանրային ճնշման գործողություններ նախապատրաստեր։ Ապրիլի 5-ին՝ բրյուսելյան հանդիպման նախօրեին, Երևանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որը լուրջ ազդակ տվեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող կենտրոններին, որ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելու գործընթացն այնքան էլ հեշտ չի լինելու։ Իսկ երբ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ միջազգային հանրությունը հորդորում է «իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը» (3), հանրային դժգոհությունները միանգամայն այլ որակ ստացան և ժողովուրդը դուրս եկավ փողոց։

Ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստան (4)։ Չնայած այն հանգամանքին, որ այցի ընթացքում երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ստորագրվել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, ինչպես նաև ՌԴ և ՀՀ ղեկավարների կողմից 30 կետից բաղկացած հայտարարություն է ընդունվել, Արցախի խնդրի հետ կապված որևէ լուրջ արձանագրում այդ այցի ընթացքում չի եղել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն նշել է, որ հարցի կարգավորման համար պետք է առաջնորդվել 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021թ. հունվարի 11-ին և 2021թ. նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Արդբեջանի ղեկավարների կողմից ընդունված երեք համատեղ հայտարարությունների դրույթներով (5)։ Բրյուսելի թեման Ռուսաստանում շրջանցվեց։ Փորձագիտական և լրատվական մակարդակներում միայն նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովներ ստեղծելու մասին պայմանավորվածություն եղել է նաև նոյեմբերի 26-ի հիշատակված հանդիպման արդյունքում և կողմերը պայմանավորվել էին այդ հանձնաժողովը ստեղծել մինչև 2021թ.-ի ավարտը։ Սակայն դա տեղի չի ունեցել։ Ի դեպ, այդ նույն հանձնաժողովը հայկական կողմը չստեղծեց նաև մինչ 2022-ի ապրիլի ավարտը, համաձայն հիմա արդեն բրյուսելյան պայմանավորվածության։ Եվ դրա պատճառը, ամենայն հավանականությամբ, Երևանում ու մարզերում սկիզբ առած բողոքի ակցիաներն են, որոնք լուրջ անհանգստություն են առաջացրել Փաշինյանի կառավարությունում։

Մոսկվա, թե՞ Բրյուսել։ Ո՞վ կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու Արցախի խնդրի լուծման գլխավոր հովանավորը։ Ահա այս հարցն է  ներկայումս ամենաշատը քննարկվում քաղաքական և փորձագիտական շրջանակներում: Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ միջազգային քաղաքական ընկալումներում արցախյան խնդիրը փոխկապակցվել է Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների հետ։ Այս փաստը զգալիորեն նվազեցնում է հայկական կողմի հնարավորությունները՝ ազդելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող այդ խնդրի կարգավորման գործընթացի վրա։ Պատճառը պարզ է՝ Հայաստանը տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտից վերածվել է միջազգային առջտրի մանրադրամի։

Այս ամենի հետ պետք նշել կարևոր ևս մեկ հանգամանք՝ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն արագ ավարտ չի ունենալու, Արցախում իրավիճակ փոխվեց։ Ալիևի վարչակազմն օգտվել է հարմար առիթից և մինչ Մոսկվայի ուշադրությունն ամբողջապես կենտրոնացած էր Ուկրաինայի վրա, նախաձեռնել մարտի 24-ի հայտնի հարձակումը ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ։

Դրան հետևած զարգացումներն ամբողջապես և լիարժեք բացահայտեցին երկու կարևոր իրողություն։ Նախ, որ թուրք-ադրբեջանական դաշինքը տհաճ անակնկալներ ունի պատրաստած Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում և երկրորդ, Ռուսաստանը՝ համենայն դեպս մեկ այլ տարածաշրջանում առկա լրջագույն խնդիրների պարագայում, չի կարող առաջնորդվել իր կամքը պարտադրելու քաղաքականությամբ և փորձում է դրա փոխարեն որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել հակառակորդի հետ։ Ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակները հասկանում են, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի գործողություններն Արցախում մի կողմից ուղղված են հայկական պետությունների, իսկ մյուս կողմից էլ հենց Ռուսաստանի դեմ։ Նրանք նույնիսկ բարձրաձայնում են այդ մասին, սակայն բոլոր գնահատականներում նաև նշում, որ այս պահին Մոսկվայի հիմնական խնդիրը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են։ Ակնարկվում է այն մասին, որ Ռուսաստանի համար այս փուլում կարևոր է Թուրքիայի չեզոքությունն Ուկրաինայում։

Թուրքիայի հետ լեզու գտնելու Ռուսաստանի փորձերը, իհարկե, արդյունավետ չեն։ Մինչ այս պահը Մոսկվային հաջողվել է միայն մասամբ զսպել Էրդողանի ախորժակը։ Դա փոքր զիջումների միջոցով ժամանակ շահելու մարտավարություն է։ Իսկ այդ ժամանակը Ռուսաստանին անհրաժեշտ է բացառապես մեկ բանի համար՝ որպեսզի լուծի Ուկրաինայում առաջացած խնդիրները։ Անկարայում էլ են լավ հասկանում, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումից հետո Ռուսաստանի զիջողականության աստիճանն ու դրա պատրաստակամությունը զգալիորեն կնվազի։ Հետևաբար Անկարայում որոշել են, որ հիմա է հարմար պահը և փորձում են առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Մեր տարածաշրջանում, օրինակ, դա Արցախի ու Ադրբեջանի հետ անխափան և որևէ մեկ այլ տերության կողմից չվերահսկվող ցամաքային կապ ունենալու խնդիրն է։ Եվ այն պահին, երբ Թուրքիան հասկացավ, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծրագրերը շեղվել են նախապես պլանավորված ընթացքից, Էրդողանի կառավարությունն Արցախի ուղղությամբ ակտիվացրեց ադրբեջանական գործոնը։

Իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ Հայաստանը, որը մեր տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցությունը զսպելու պատմական, քաղաքական և նույնիսկ քաղաքակրթական առաքելություն է մշտապես ունեցել, աշխարհաքաղաքական դրության վերափոխման այս ժամանակահատվածում, փաստորեն, հրաժարվել է իր կարևորագույն գործառույթից և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու բանակցություններ սկսել։ Ընդ որում, պաշտոնական Երևանը դա անում է ոչ միայն ի վնաս նույն Ռուսաստանի, Իրանի, կամ թեկուզ Եվրոպական որոշ երկրների՝ հատկապես Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածաշրջանային շահերի, այլև ի հաշիվ մեր ժողովրդի կենսական ռեսուրսների։

Եվ իսկապես, այն պահին, երբ հայկական երկու պետություններն «ատամները սեղմած» պետք է սպասեին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի ավարտին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով խոչընդոտեին Արցախի հետ կապված թուրք-ադրբեջանական դաշինքի բոլոր ծրագրերը՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, որտեղ արցախահայությունը, իբր թե, լավ հեռանկարներ ունի։ Համաձայնեք՝ ավելի մեծ նվեր Հայաստանի իշխանությունները երբեք չէին կարող մատուցել թուրք-ադրբեջանական դաշինքին։ Նույնքան էլ միանշանակ է, որ այս կեցվածքով պաշտոնական Երևանը խնդիրներ է առաջացնում նաև իր բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև Չինաստանի համար։

Թե ինչու՞ է ՀՀ փաստացի ղեկավարը երկրի համար կենսական նշանակություն ունեցող այս կարևոր պահին սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը, հուսով եմ եմ, հետաքննությունը հետագայում կպարզի։ Հիմա կարող ենք միայն արձանագրել, որ թե՛ Էրդողանը, թե՛ Ալիևը մեծ տեմպ են հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացին և որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի վայրկյան ետ չէր մնում թշնամու այդ տեմպից, ավելին՝ ինքն էլ իր հերթին արագացնում էր բոլոր այդ գործընթացները։ Համենայն դեպս, մինչ այն պահը, երբ ժողովուրդը Հայաստանում փողոց դուրս եկավ։

Հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, Հայաստանի քաղաքաներում ու գյուղերում շարունակվում է Արցախի ապագայի համար մղվող պայքարը։ Իհարկե, այդ պայքարում բազում կողմեր կան՝ հայկական ընդդիմությունը, Փաշինյանի կառավարությունը, բոլոր այս գործընթացների վրա ձեռքեր տաքացնող աշխարհաքաղաքական կենտրոնները և այլն։ Բայց մի չափազանց կարևոր խնդիր հանրահավաքների ու բողոքի ցույցերի դուրս եկած մեր ժողովուրդն արդեն լուծել է՝ ինքն է դարձել Հայաստանի ու Արցախի համար մղվող պայքարի ամենակարևոր կողմը։ Ժողովուրդը վերգտել է իր սուբյեկտայնությունը և այդ փաստի հետ բոլորը հիմա պարտավոր են հաշվի նստել։ Դա է նաև այն կարևոր իրողությունը, որը հույս է ներշնչում առ այն, թե անկախ նրանից ով կլինի արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական հովանավորը՝ Մոսկվան թե Բրյուսելը, հայ ժողովրդի շահն այլևս չի անտեսվի։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

————————————

Հղումներ

1. Շառլ Միշել. Փաշինյանն ու Ալիեւը ցանկանում են արագ խաղաղ համաձայնագիր կնքել, 07.04.2022թ., https://mediamax.am/am/news/foreignpolicy/47035։

2. Վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները, 07.04.2022թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/04/07/Cabinet-meeting-Speech/։

3. Հորդորում են իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը. Փաշինյան, 13.04.2022թ., https://www.youtube.com/watch?v=IbKBhhj61MA։

4. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, 19.04.2022թ., https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2022/04/19/Nikol-Pashinyan-visit-to-Russia/

5. 19 апреля состоятся переговоры Владимира Путина с Премьер-министром Армении Николом Пашиняном, 19.04.2022г., http://kremlin.ru/catalog/countries/AM/events/68229

Կապված նյութեր