Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը։ Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր ֆորմատ։ Ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Պաշտոնական Բաքվի նոր ձեռքբերումները։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տեղեկագիրը։
* * *
Այս գիշեր Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ արդեն երրորդ եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով, որը տևել է ավելի քան չորս ժամ, Շարլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ, խոսել քննարկված թեմաների վերաբերյալ և նշել բոլոր այն ուղղությունները, որոնցով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համաձայնության են եկել։
«Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք վերանայել ենք հարցերի մի ամբողջ փաթեթ: Մենք մանրամասն քննարկել ենք մարդասիրական հարցերի, այդ թվում՝ ականազերծման, կալանավորներին ազատելու և անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերի վերաբերյալ:
Մենք հասել ենք հետևյալ արդյունքների՝
Սահմանային հարցեր
Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Այն կանդրադառնա բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սահմանազատմանը և ինչպես նաև կայուն իրավիճակի լավագույնս ապահովմանը:
Կապ
Ղեկավարները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Հատկանշական է, որ նրանք համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, ցամաքային վճարների, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ միջազգային տրանսպորտի համատեքստում: Փոխվարչապետներն այս աշխատանքն առաջ կտանեն առաջիկա օրերին։
Խաղաղության համաձայնագիր
Ղեկավարները պայմանավորվել են առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ ԱԳ նախարարների գլխավորած խմբերը առաջիկա շաբաթների ընթացքում առաջ կտանեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղու, ես երկու ղեկավարներին էլ շեշտեցի, որ անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձնեն Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը:
Սոցիալ-տնտեսական զարգացում
ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է զարգացնել տնտեսական զարգացումը` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության», – նշված է Միշելի հայտարարության մեջ։
Նշենք, որ Հայաստանի Կառավարության տարածած հաղորդագրության մեջ օգտագործվում են ավելի ընդհանուր ձևակերպումներ և շրջանցված են Շարլ Միշելի հիշատակած բոլոր մանրամասները։ Այսպես, սահմանային և կոմունիկացիոն խնդիրների մասին հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշված է, որ «պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ»: Մինչդեռ եվրոպացի պաշտոնյան հստակ նշում է, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն ունեն նույնիսկ տարանցիկ ճանապարհներն օգտագործելու, ինչպես նաև մաքսային վճարների սկզբունքների մասին։ Եվ սա խոսում է այն մասին, որ այս հարցերի շուրջ ընթացող բանակցությունները մտել են ավարտական փուլ։
Ընդ որում, կարևոր է նշել մի հանգամանք, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող այս հարցերի քննարկման մեջ Հայաստանին փաստորեն պարտադրվում է չհավասարակշռված որոշում։ Այսպես, ըստ Շարլ Միշելի հայտարարության, մեր երկիրը թույլ է տալիս Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ՝ փոխարենը ստանալով «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման» հնարավորություն։ Հարց է առաջանում՝ միմյանց հետ կապ պահելու համար Հայաստանի այդ ո՞ր շրջաններն ունեն Ադրբեջանի տարածքից օգտվելու անհրաժեշտություն։ Խոսքն այստեղ կարող է գնալ միայն երկու ճանապարհների մասին՝ Երևան-Նախիջևան-Մեղրի և 2020թ. պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի միջհամայնքային և միջպետական ճանապարհի փոքր հատվածներ։ Բայց, նախ պետք է փաստենք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը Սյունիքի ճանապարհներին ապօրինի է (առնվազն որովհետև այդ հատվածներում սահմանագծում և սահմանազատում դեռևս չի իրագործվել) և երկրորդ՝ Հայաստանն իր մայրաքաղաքը Սյունիքի քաղաքներին կապող այլընտրանքային ճանապարհ էլ ունի (ճիշտ է՝ խայտառակ վատ որակի), իսկ Ադրբեջանը Նախիջևան տանող այլ ճանապարհ՝ ոչ։
Նշենք նաև, որ այս կետն արդեն իսկ մեծ ոգևորությամբ է ընդունվել ադրբեջանական մամուլում, որտեղ կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մոտալուտ գործարկման մասին։ Այս հարցի հետ կապված կարևոր է նշել ևս մեկ հանգամանք։ Այն, որ Սյունիքի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհն Ադրբեջանի համար ունի ստրատեգիական և նույնիսկ աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, իսկ Նախիջևանով դեպի Մեղրի տանող ճանապարհը՝ Հայաստանին տալիս է զուտ տնտեսական առավել բարենպաստ պայմաններ։ Այնպես որ, այս կետի հետ կապված Ալիևի ու Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ի վնաս Հայաստանի ակնհայտ դիսբալանս պարունակող համաձայնություն է։
Երկրորդ կարևոր խնդիրը, որ առկա է Ալիև-Փաշինյան-Միշել եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններում, վերաբերվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ Ալիևի վարչակազմը նրանց խնդիրը փոխկապակցել է Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած ադրբեջանցիների խնդրին։ Ընդ որում, պաշտոնական Բաքուն հնչեցնում է անհայտ կորածների 4000 թիվ, խոսում Արցախի օկուպացրած տարածքների ականազերծման անհրաժեշտության մասին և պահանջում, որպեսզի հումանիտար բոլոր խնդիրները լուծվեն իրար զուգահեռ։ Ակնհայտ է, որ այսպիսով ադրբեջանական կողմը, լավ իմանալով, որ Հայաստանը տեղեկություններ չունից արցախյան առաջին պատերազմում անհայտ կորած ադրբեջանցիների վերաբերյալ, փորձում է խուսափել հայ ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունից։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մյուս կետերի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս հանդիպումից հետո կարելի է արդեն արձանագրել, որ կայացել է հայ-ադրբեջանական բանակցությունների նոր ֆորմատ՝ «Բրյուսելյան ֆորմատը»։ Ինչպես արդեն նշեցինք, սա Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպայի ղեկավարների համատեղ երրորդ հանդիպումն էր, չորրորդը կկայանա հուլիս/օգոստոս ամիսներին։ Իսկ թե ինչ ճակատագիր է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին, դեռևս հայտնի չէ։ Պաշտոնական բաքուն ամեն ինչ անում է, որ այդ ֆորմատն այլևս չաշխատի, իսկ Երևանը՝ ոչ մի կերպ չի ընդդիմանում Ադրբեջանի այդ ցանկությանը։