Հայաստանի և Հարավային Կովկասի թեման Ռաիսի-Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում

Թեհրանում հանդիպել են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Հարավային Կովկասի կոմունիկացիոն խնդիրները տարածաշրջանային տերությունների ուշադրության կենտրոնում։ Ի՞նչ կոմունիկացիաներ կգործեն մեր տարածաշրջանում։ Ինչու՞ է Այաթոլա Ալի Խամենեին խոսել իրանա-հայկական սահմանի անվտանգության մասին։

Տարածաշրջանային զարգացումներ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տեղեկագիրը

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեի՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ընթացքում արտահայտած մտքերը քննարկումների մեծ ալիք են բարձրացրել հայկական մամուլում և սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, Իրանի հոգևոր առաջնորդն ասել է, որ «եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է» (1)։

Հայ փորձագետներից շատերը շտապեցին հայտարարել, որ այսպիսով Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես է գալիս որպես ՀՀ Սյունիքի մարզի անվտանգության միակ երաշխավոր։ Ընդ որում, Հայաստանում գրեթե ուշադրություն չդարձվեց այն փաստին, որ նույն Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի արդյունքներին՝ «գոհունակություն հայտնելով, որ Ղարաբաղը վերադարձվել է Ադրբեջանին» (2)։

Պետք է նշել, որ Իրանի այս դիրքորոշումը նոր չէ։ Իսլամական Հանրապետությունը 2020թ. պատերազմից անմիջապես հետո բազմիցս խոսել է տարածաշրջանի պետությունների սահմանների անձեռնմխելիության մասին։ Ընդ որում, անձեռնմխելիություն ասելով, պաշտոնական Թեհրանը հասկանում է հենց այն, ինչ ասել է Այաթոլա Խամենեին Էրդողանին՝ Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ Հայաստանի։ Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է։

2021թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստվում էր ուժի միջոցով գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ սկսեց հայ-իրանական և իրանա-ադրբեջանական սահմանում։ Նույն օրերին Թեհրան էր հրավիրվել նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որին անվտանգության լուրջ երաշխիքներ տրվեցին Իրանում։

Մեծ հաշվով, կարելի է ասել, որ Սյունիքի՝ հայկական մնալու անհրաժեշտության մասին հարցը Իրանը առաջին անգամ բարձրացրել է հենց այն ժամանակ՝ հընթացս ցույց տալով, որ դրա համար պատրաստ է նաև ուժ կիրառել։ Իսկ հայ-իրանական սահմանի մասին Էրդողանի և Պուտինի հետ հանդիպումների ընթացքում Խամենեի բարձրաձայնած մտքերը հերթական զգուշացումն էին երկու երկրների ղեկավարներին նրա մասին, որ կոմունիկացիոն ցանկացած ծրագիր, որը կարող է իրագործվել ՀՀ տարածքում, պետք է համաձայնեցվի իրանական կողմի հետ և նկատի ունենա նաև Իրանի պետական շահը։

Պետք է ասել, որ իրանական կողմի զգուշացումը շատ տեղին էր։ Թեհրանում տեսնում և հասկանում են, որ իրենց մոտ եկած Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները Սիրիայի խնդրից զատ լուրջ քննարկումներ ունեն նաև Հարավային Կովկասի հետ կապված։ Ավելին, Պուտինն ու Էրդողանը միասին համոզում էին իրանական կողմին, որպեսզի վերջիններս սկսեն Աստարա (Ադրբեջան) – Ռեշտ (Իրան) երկաթգծի 146-կիլոմետրանոց հատվածի կառուցումը՝ հնարավոր դարձնելով այդկերպ ռուսական երկաթգծերը Ադրբեջանի և Իրանի տարածքով կապել Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի ենթակառուցվածքներին։

Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինն այդ առիթով հայտարարել է, որ Ադրբեջանի հետ այդ հարցում իրենք արդեն ամեն ինչ հասկացել են և Ռուսաստանի անունից պատրաստակամություն հայտնել կառուցել այդ երկաթգիծը (3)։ Նշենք, որ ադրբեջանական կողմը վաղուց է բանակցում Իրանի հետ երկաթգծի Աստարա-Ռեշտ հատվածը կառուցելու մասին, անգամ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել դրա մասին, սակայն Իրանը դեռևս ձգձգում է հարցի լուծումը։

Նշված երկաթգծի գործունեության դեպքում Հարավային Կովկասի տարածքով կսկսի գործել Հյուսիս-Հարավ տրանսպորտային՝ իրականում շատ հեռանկարային կապուղին։ Այն կրկին կշրջանցի Հայաստանը և էլ ավելի կմեծացնի Ադրբեջանի նշանակությունը մեր տարածաշրջանում։ Բնական է, որ Թուրքիան նույնպես հետաքրքրված է այդ նախագծում, և ամենևին էլ զարմանալի չէ, որ Թեհրանում Էրդողանն աջակցում էր Պուտինին։

Իրանին նույնպես հետաքրքիր է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, սակայն Թեհրանն ամեն ինչ անում է, որպեսզի այն դիվերսիֆիկացված լինի և հնարավորինս քիչ ենթարկվի թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցությանը։ Այդ է պատճառը, որ նրանք կարևորում են հայկական ուղղությունը և ամեն ինչ անում, որպեսզի այն մշտապես հասանելի լինի Իրանի համար։ Ավելին, Իրանը պայքարում է նաև Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային հաղորդակցության բացման հեռանկարի համար, բայց դեմ է, որ դրա արդյունքում ՀՀ տարածքում ստեղծվի թուրք-ադրբեջանական միջանցք։ Ուստի պաշտոնական Թեհրանն ամեն ինչ անում է, որպեսզի ներգրավվի Հարավային Կովկասի տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման գործընթացում և մատը պահի զարգացումների զարկերակի վրա։

Հաջողվե՞լ է արդյոք այս ամենի մասին պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանում, դեռևս հայտնի չէ։ Ընդհանրապես, պետք է նշել, որ Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին իրենց հանրային խոսքում ավելի շատ խոսել են Սիրիայի խնդիրների վերաբերյալ։ Բայց Հարավային Կովկասյին վերաբերող վերոնշյալ հարցերն էլ, ըստ ստացված սուղ տեղեկությունների, լուրջ քննարկվել են երեք երկրների ղեկավարների կողմից։ Եվ եթե դրանց հետ կապված որոշակի պայմանավորվածություններ կան, ապա դրանք շատ շուտով կերևան։

——————————————

Հղումներ

1. Իրանը դեմ կլինի Հայաստանի հետ իր սահմանի արգելափակման քաղաքականությանը. Այաթոլա Ալի Խամենեի, 19.07.2022., https://www.armenpress.am/arm/news/1088577/։

2. Supreme Leader: Military attack on northern Syria to harm Turkey, region but favor terrorists, 19.07.2022., https://en.irna.ir/news/84825861/Supreme-Leader-Military-attack-on-northern-Syria-to-harm-Turkey։

3. Владимир Путин ответил на вопросы журналистов, 19.07.2022., http://kremlin.ru/events/president/news/69036։

Կապված նյութեր