Բանակցային գործընթաց։ Ինչի՞ մասին են խոսում Պուտինն ու Լավրովը

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ լավրովը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել հանդիպման արդյունքով ընդունված քառակողմ հայտարարությունը լուծում է Արցախի կարգավիճակի հարցը։

«Երբ նրանք՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, ժամանեցին Սոչի, նրանք Պրահայից բերել էին հենց այն փաստաթուղթը, որտեղ ասվում էր, որ ցանկանում են խաղաղության պայմանագիր ստորագրել՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ եւ Ալմա-Աթայի հռչակագրով։

ԱՊՀ ստեղծման մասին Ալմա-Աթայի հռչակագրում հստակ ասվում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների հիման վրա, իսկ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշնակորեն Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս էր հանդիսանում։ Դա հաստատվել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ պարոն Միշելի կողմից՝ առանց որեւէ վերապահումների, եւ դա լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Ղարաբաղի կարգավիճակին»,- ասել է Լավրովը (1)։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի այս խոսքերը լիովին նոր լույսի ներքո են ներկայացնում արցախյան հիմնախնդրի լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքը։ Այն, որ բանակցային գործընթացում լուրջ զարգացումներ կան արդեն իսկ հայտնի էր դարձել Լավրովի հիշատակած Պրահայի հանդիպումից անմիջապես հետո։ Իրապես, եվրոպական կողմի միջնորդությամբ անցկացված հանդիպումից հետո նման բովանդակությամբ հայտարարության ընդունումը տհաճ անակնկալ է դարձեկ հայ հանրության համար։ Խնդրահարույցը մասնավորապես հայտարարության այն ձևակերպումն էր, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – մասնավորապես նշված է Պրահայի հայտարարության մեջ (2):

Պետք է նշել նաև, որ Ալմա-Աթայի Հռչակագրում, որին հղվում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաև ՌԴ արտգործնախարարը, նշված չէ, որ այն ստորագրող կողմերը միմյանց տարածքները ճանաչելիս հիմք են ընդունել ԽՍՀՄ միութենական պետությունների վարչական տարածքները, ինչպես դա իր ասուլիսում ներկայացրել է Սերգեյ Լավրովը։ Այս խնդրի առնչությամբ Հռչակագրում միայն հետևյալ ձևակերպումն է արված. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը…» (3)։ Մինչդեռ հայտնի է, որ Հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախն արդեն անկախ պետություն էր, դիմակայում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիային և որևէ կերպ չէր տեղավորվում Ադրբեջանի «գոյություն ունեցող սահմանների» մեջ։ Եվ հետևաբար հարց է առաջանում, թե ինչու՞ է Ռուսաստանի արտգործնախարարը, մեկնաբանելով Պրահայի քառակողմ հայտարարությունում Ալմա-Աթայի Հռչակագրին հղվելու փաստը, խոսում այն մասին, իբր դա լուծում է Արցախի կարգավիճակի հարցը։

Այս հարցը կարող է երկու պատասխան ունենալ՝

ա) Լավրովն ահազանգ է հնչեցնում, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնում է Ադրբեջանին։

բ) Ռուսաստանն իսկապես հրաժարվել է իր իսկ կողմից մշակած բանակցային առաջարկներից, որոնք ներկայացրել է Հայաստանին և Ադրբեջանին։

Հիշեցնենք, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում, հոկտեմբերի 29-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հույս ունի «Ռուսաստանի Դաշնությունը իր առաջարկությունները կպաշտպանի»։ Ի դեպ, Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետի հենց այս հայտարարությանն էր բավական կոպիտ կերպով արձագանքել իր ասուլիսի ընթացքում։ «Ուստի, երբ այս պայմանավորվածությունը (խոսքը Պրահային քառակողմ հայտարարության մասին է – Հ.Մ.-Շ.) ստորագրելուց հետո մեր հայ գործընկերները մեզ ասում են. «Թող Ռուսաստանը հաստատի իր առաջարկները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ», ինքներդ էլ հասկանում եք, որ դա ոչ թե բանակցություններ վարելու, այլ բոլորովին այլ օպերայից է»,- ասել է ռուսաստանցի նախարարը (4)։

Վերադառնալով վերը նշված երկու տարբերակներին՝ նշենք, որ, անկախ Լավրովի հայտարարությունների ու Ալմա-Աթայի Հռչակագրի կամայական մեկնաբանության պատճառից, փաստը մնում է այն, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի թեման լուրջ վտանգի է ենթարկվել. մի կողմից Արցախին որևէ կարգավիճակ տալու գաղափարին դեմ է Ադրբեջանը, որն ի դեպ կարողացել է այդ հարցում ստանալ միջազգային հանրության հավանությունը, մյուս կողմից՝ Հայաստանն այդ խնդիրը լուծելու փոխարեն բանավեճի և նույնիսկ փոխադարձ քննադատությունների մեջ է մտել Արցախին որևէ կարգավիճակ տալու թերևս միակ երկրի՝ Ռուսաստանի հետ։ Եվ սա շատ մեծ սպառնալիք է հայկական երկրորդ պետականության համար։

Իսկ այն, որ Ռուսաստանը պատրաստ է և նույնիսկ որոշակի քայլեր է ձեռնարկել Արցախին ապագայում որևէ կարգավիճակ շնորհելու ուղղությամբ, հաստատվում է ոչ միայն Լավրովի՝ հիշատակված ասուլիսում արտահայտած մտքերով, այլև ՌԴ նախագա Վ. Պուտինի այն հայտարարությամբ, որ եթե հայ ժողովուրդն ու իշխանությունները գտնում են, որ «Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և ներառել ապագա խաղաղության պայմանագրում, այդպես ևս կարելի է» (5)։

Չնայած Նիկոլ Փաշինյանի բոլոր հերքումներին՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ միմյանց ուղղված փոխադարձ մեղադրանքներից ու բանակցային գործընթացին տրված գնահատականներից պարզ է դարձել, որ գոյություն ուն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային փաստաթղթերի երկու տարբերակ՝ ռուսական ու արևմտյան։ Վալդայան ակումբում Պուտինը նշել է, որ այսպես կոչված Վաշինգտոնյան համաձայնագիրը «նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը» (6)։ Ռուսական տարբերակը, ըստ նույն գնահատականների, ենթադրում է, որ Արցախը կարող է կարգավիճակ, կամ ինչպես հենց Պուտինն է ասում «որոշակի առանձնահատկություններ» ունենալ։ Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանը երկու հնարավոր տարբերակներից ընտրել է առաջինը՝ արևմտյան տարբերակը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո հայկական քաղաքական դաշտում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե Փաշինյանի ու Ալիևի դիրքորոշումն անակնկալ է դարձել ռուսական կողմի համար։ Չգիտեմ որտեղից էր այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ընդդիմադիրներին, բայց խոսում էին այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները շատ միաբան էին Պուտինի հետ հանդիպմանը ու որ «փաստի առջև են կանգնեցրել Պուտինին»։ Լավրովի վերոնշյալ հայտարարություններով այդ լուրերը, ցավոք, հաստատվել են, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին։ Եվ շատ բնական է, որ Պրահա – Սոչի – Երևան (ՀԱՊԿ գագաթնաժողով) – Մոսկվա (ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում) բանակցային հերթական շրջափուլից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսել են ավելի պահանջկոտ լինել Արցախի նկատմամբ։ Այսպես, դեկտեմբերի 3-ին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի – Քարին Տակ խաչմերուկում փակել են Ստեփանակերտ – Գորիս ճանապարհը։ Ադրբեջանական կողմը դեպքի առնչությամբ նշել է, որ Լաչինի միջանցքը փակած քաղաքացիական անձինք Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներն էին, որոնք պնդում էին, թե Արցախում շահագործվող ոսկու հանքերը բնապահպանական վնաս են հասցնում Ադրբեջանին (7)։

Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 2-ին, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հրաժարվեց ստորագրել ընդդիմության կողմից Խորհրդարան բերած ԱԺ հայտարարության տեքստը՝ պահանջելով, որպեսզի այնտեղից հեռացվեն «Արցախի Հանրապետություն», «Ինքնորոշման իրավունք», «Ադրբեջանի ագրեսիա» արտահայտությունները (8)։

Այս ամենը գալիս են հաստատելու մեր վերոնշյալ թեզն այն մասին, որ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ հրաժարվել են Արցախի շահերը պաշտպանելու առաքելությունից: Պաշտոնական Երևանը նույնիսկ չի արձագանքել ռուսական կողմի այն մեղադրանքներին, որ Արցախի կարգավիճակի հարցում հենց Հայաստանի դիրքորոշումն է խնդրահարույց դարձել հայկական երկրորդ պետության և նույնիսկ Ռուսաստանի համար: Իսկ հիմա անընդհատ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել: Ու եթե Պրահայի քառակողմ հայտարարությունը, որն ինքնին շատ վատն է հայկական կողմի համար, դեռ դատավճիռ չէ Արցախի համար, ապա այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կարող է պարզապես վերջ դնել հայ ժողովրդի վերջին 33 տարիների պայքարին և ջուրը գցել այդ տարիներին ունեցած մեր բոլոր ձեռքբերումներն ու կորուստները:

Իրավիճակը փրկելու հնարավորության պատուհանը դեռ բաց է հայ ժողովրդի համար: Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի ուղերձը շատ հստակ էր` եթե հայերը կամենան, իրադարձությունները կարող են նաև այլ ընթացք ունենալ: Բայց հայ ժողովուրդ ասելով ո´չ Պուտինը, ո´չ էլ առավել ևս ես ՀՀ գործող իշխանություններին նկատի չենք ունեցել: Ճիշտ հակառակը` Արցախը փրկելու մեր ժողովրդի ցանկությունը կարող է արտահայտվել բացառապես իշխանափոխությամբ: Այլ տարբերակ պարզապես չկա:

Իսկ այդ հնարավորության պատուհանը, որն ինչպես նշեցինք դեռ բաց է, ամեն պահ կարող է փակվել: Այս վիճակը երկար չի պահպանվի: Ավելին, դրա ձգձգումը միայն վնասներ է բերում Հայաստանին և Արցախին: Ուստի մեր էլիտաները պետք է շատ արագ կողմնորոշվեն և ժողովրդին ոտքի հանելու նոր հնարավորություններ գտնեն: Հակառակ պարագայում ամեն ինչ կարելի կլինի կորսված համարել:

Հրանտ Մելիք-Շահնազարյան

—————————————

Հղումներ

1. Լավրով. Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, 01.12.2022թ., https://mediamax.am/am/news/karabakh/49553/։

2. Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հայտարարությունը, 07.10.2022թ., https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/10/07/Nikol-Pashinyan-Announcement/։

3. Ալմա Աթայի Հռչակագիր, https://www.irtek.am/views/act.aspx?aid=43899

4. Լավրով. Պրահայի փաստաթուղթը փաստացի լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, 01.12.2022թ., https://mediamax.am/am/news/karabakh/49553/։

5. Հայաստանը խաղաղության պայմանագրի որ տարբերակն էլ ընտրի, եթե այն կհանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք․ Պուտին, 27.10.2022թ., https://www.armtimes.com/hy/article/246890։

6. Նույն տեղում։

7. Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա, 03.12.2022թ., https://times.am/704094/։

8. ՔՊ-ն հայտարարության մեջ ջնջել է Արցախի Հանրապետություն բառակապակությունը, փոխարենը ավելացրել՝ «Ղարաբաղի հայություն»․ Իշխան Սաղաթելյան, 02.12.2022թ., https://www.yerkir.am/public/hy/article/2022/12/02/3840։

Կապված նյութեր