Ադրբեջանի սադրիչների կողմից Բերձորի միջանցքի փակումը վեր հանեց բոլոր այն խնդիրները, որոնք կուտակվել են հայ-ռուսական հարաբերություններում։ Այն, որ Մոսկվայի և Երևանի միջև բազում տարաձայնություններ կան, իհարկե, հայտնի էր նաև մինչ ադրբեջանական այդ սադրանքը։ Ավելին, ամենատարբեր առիթներով կողմերը բազմիցս ակնարկել են դրանց մասին։ Սակայն առավել սուր ճգնաժամային իրավիճակը, որ ստեղծվել է Արցախի բլոկադայով, ստիպել է ՀՀ և ՌԴ իշխանություններին կողմ դնել դիվանագիտական էթիկետի բոլոր կանոնները և ուղիղ տեքստով մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին։
Ստեղծված վիճակում՝ խուսափելու համար Հայաստանին սպառնացող բազում նոր վտանգներից, չափազանց կարևոր է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերություններում, որն է առկա խնդիրների ծագման պատճառը և, ի վերջո, ինչ են ցանկանում միմյանցից ստանալ Հայաստանն ու Ռուսաստանը։ Ընդ որում, այս հարցերին հստակ պատասխանելու համար, որքան էլ տարօրինակ հնչի, այնուամենայնիվ անհրաժեշտ է վերանալ օրվա լրահոսում առկա հայտարարություններից ու գնահատականներից և փորձել ավելի ընդգրկուն հայացք նետել մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին, դրանց տրամաբանությանն ու Հայաստանի և Ռուսաստանի՝ առավել երկարաժամկետ շահերին։
Եվ այսպես, ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Մոսկվան մեր տարածաշրջանում։ 2022թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» թերթում՝ «Վստահելի Աղբյուր» մակագրությամբ լույս է տեսել մի նյութ, որտեղ, ըստ ամենայնի, ներկայացված է վերոնշյալ հարցի պատասխանի՝ ՀՀ իշխանությունների ընկալումը։ Հոդվածագիրը, որն ըստ բազում հնչեցված, բայց չհերքված ենթադրությունների հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, գրում է, որ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։ Հեղինակը նշում է, որ «Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա»։ Սակայն, ըստ «Հավաստի Աղբյուրի» Արևմուտքի հետ կանխատեսելի հակամարտության հետևանքները մեղմելու համար Ռուսաստանում որոշել են դրական հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ և հետագայում օգտագործել թուրքական կոմունիկացիոն հնարավորությունները՝ արևմտյան շուկաներ դուրս գալու համար։ «Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից»։ Այս իմաստով, ըստ «Անանուն Աղբյուրի», չնայած հրապարակային հայտարարություններին, «Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա» (Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության, 04.10.2022թ., https://armtimes.com/hy/article/245362)։
Ռուսաստանի տարածաշրջանային շահերի այս ընկալումը, մեր խորին համոզմամբ, բազում անճշտություններ, կամ՝ գոնե թե ապացույցներ պահանջող ենթադրություններ է պարունակում։ Եթե հետևենք Փաշինյանի տրամաբանությանը, ապա պետք է փաստենք, որ 2011թ.-ին Ռուսաստանում Արևմուտքի հետ զինված առճակատման գնալու որոշում է կայացվել, հետո այդ բախման մեջ Թուրքիան ընտրվել է որպես հնարավոր դաշնակից, որի հետ ցամաքային կապ հաստատելու ամենահարմար ուղի է ընտրվել Արցախի Հանրապետության արևելյան շրջաններով անցնող ենթադրյալ ճանապարհը (որն, ի դեպ, մինչ այս պահը գոյություն չունի)։ Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի շարք հարցեր են առաջանում։ Նախ, ինչու՞ է Մոսկվան ընտրել գոյություն չունեցող ճանապարհ։ Արդյո՞ք ավելի հեշտ չէր լեզու գտնել Վրաստանի հետ և ապագայում օգտագործել աբխազական երկաթգիծը, որը՝ նախ գոյություն ունի ու հեշտ կարող է բացվել և երկրորդ՝ շատ ավելի կարճ է, քան ողջ Ադրբեջանի, հետո նաև Հայաստանի տարածքով կառուցվելիք երկաթգիծը, որի շինարարական աշխատանքներին պետք է նախորդեր նաև մեծ պատերազմ Հարավային Կովկասում։
Երկրորդ, եթե Մոսկվան իսկապես որոշել էր գնալ այդ դժվար ճանապարհով, ապա Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելուց առաջ ինչու՞ չսպասեց 2020թ.-ի պատերազմի արդյունքներվ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հատկապես տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կյանքի կոչելուն։
Երրորդ հարցը, որ տրամաբանորեն առաջանում է «Հավաստի Աղբյուրի»՝ աշխարհաքաղաքական իրավիճակի ընկալման նկարագրությունից, վերաբերում է Թուրքիայի հանդեպ Ռուսաստանում առկա վստահության մակարդակին։ Արդյո՞ք Փաշինյանը կարծում է, որ Կրեմլում իսկապես մտածում էին, թե տարածաշրջանում «Թուրքիայի աճող դերին» այլևս դիմակայել չկարողացող Ռուսաստանը կարող էր որոշել էլ ավելի նպաստել թուրքական գործոնի աճին Հարավային Կովկասում և հույս ունենալ, որ դրանից հետո կարող է անխոչընդոտ շահագործել Թուրքիայի կոմունիկացիոն հնարավորությունները։ Իհարկե, նման բան չէր կարող լինել։ Հետևաբար, եթե նույնիսկ բացառենք պաշտոնական Երևանի քաղաքականության ընդգծված հակառուսական ուղղվածությունը, ապա, միևնույն է, կարելի է վստահ պնդել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործունեության շարժառիթներն առնվազն լավ չեն գիտակցված ՀՀ իշխանությունների կողմից։ Իսկ սա ինքնին արդեն մեծ խնդիր է Հայաստանի համար։
Վերադառնալով վերոդրված հարցին այն մասին, թե ինչ խնդիրներ է փորձում լուծել Ռուսաստանը մեր տարածաշրջանում, փորձենք անդրադառնալ դրանցից ամենաակնհայտներին և նաև կարևորներին։
ա) Ռուսաստանը ցանկանում է մնալ Հարավային Կովկասի ամենաազդեցիկ տերությունը
Մեր տարածաշրջանը Ռուսաստանի համար կենսական շահերի գոտի է համարվում։ Դարեր շարունակ Ռուսաստանն ամեն ինչ արել է Հարավային Կովկասն իր ազդեցության տիրույթում պահելու համար և հիմա էլ նույնն է շարունակում անել։ Մանավանդ հիմա, երբ Ռուսաստանն ակտիվացրել է իր քաղաքականությունը հարակից տարածաշրջաններում (հատկապես Մերձավոր Արևելքում) և Արևմուտքի հետ առճակատման այս թեժ փուլում, Մոսկվայում կա հստակ գիտակցություն այն մասին, որ Հարավային Կովկասի կորուստը կարող է մահացու հարված դառնալ ռուսական պետության համար։ Ուստի նրանք ակտիվ պայքարելու են մեր տարածաշրջանի համար և ամեն գնով պահպանելու իրենց դոմինանտ դիրքերն այստեղ։
բ) Ռուսաստանը ցանկանում է պահպանել Արևմուտքի կախվածությունն իր էներգակիր ռեսուրսներից
Հարավային Կովկասն առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության համար։ Մոսկվայում լավ են հասկանում, որ Կասպից ծովի ավազանից և Միձին Ասիայից Արևմուտք տանող էներգետիկ կոմունիկացիաների Ռուսաստանի այլընտրանքային ուղիներն անցնում են հենց մեր տարածաշրջանով։ Եվ ոչ միայն էներգետիկ ուղիները։ Հարավային Կովկասին մեծ տեղ է հատկացված նաև Չինաստանի կողմից մշակված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կոնցեպտում։ Ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի իր տարածքը շրջանցող տրանսպորտային և էներգետիկ ուղիները կա՛մ լիարժեք չշահագործվենմ կա՛մ նույնպես լինեն իր վերահսկողության տակ։
գ) Ռուսսատանը ցանկանում է օգտագործել Հարավային Կովկասը՝ այլ տարածաշրջաններում իր ազդեցությունը մեծացնելու համար
Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը թույլ է տալիս Մոսկվային ոչ միայն քիչ թե շատ ամուր դիրքերից հարաբերություններ կառուցել Իրանի և Թուրքիայի հետ, այլև օգտագործել տարածաշրջանի հնարավորությունները գլոբալ քաղաքականության մեջ, մրցակցային դիրք ունենալ նաև Եվրոպայի, Չինաստանի ու ԱՄՆ հետ շփումներում։ Այս առումով Հարավային Կովկասը յուրահատուկ պլացդարմ է, որը թույլ է տալիս Ռուսաստանին հավակնել աշխարհաքաղաքական լուրջ կենտրոն լինելու դերին։
դ) Ռուսաստանը ցանկանում է անվտանգության գոտիներ ունենալ հարակից տարածաշրջաններում
2008թ. վրաց-օսական ապա նաև ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի անվտանգային քաղաքականության մեջ առավել մեծ տեղ է հատկացվել հարակից տարածաշրջաններում սեփական անվտանգային խնդիրրները լուծելու կոնցեպտը։ Պաշտոնական Մոսկվան մեծ զգուշավորությամբ է վերաբերվում Ռուսաստանին հարող տարածաշրջաններում Արևմուտքի ներկայության և հատկապես ռազմական պոտենցիալի ավելացմանը։ Ուկրաինական ճգնաժամը, ըստ էության, հենց այդ զգուշավորության դրսևորումներից մեկն է։ Իսկ Հարավային Կովկասը, հաշվի առնելով այստեղ ընթացող էթնոքաղաքական բարդ գործընթացներն ու դրանց հնարավոր ազդեցությունը Հյուսիսային Կովկասի զարգացումների վրա, Մոսկվայի համար առանձնահատուկ նշանակություն ունի հենց որպես անվտանգության գոտի, որի կորուստը կարող է մեծ հարված դառնալ Ռուսաստանի ողջ անվտանգային համակարգի համար։ Ընդ որում, Հարավային Կովկասում Ռուսաստանին ուղղված մարտահրավերները բխում են ոչ միայն Արևմուտքից, այլև Թուրքիայից։
Ահա սրանք են հիմնական այն խնդիրները, որոնք Ռուսաստանը փորձում է լուծել մեր տարածաշրջանում և որոնցով պայմանավորված են Կրեմլի քայլերը Հարավային Կովկասում։ Իհարկե, քիչ չեն նաև դեպքերը, երբ աշխարհաքաղաքական հակամարտության մյուս հարթակներում խնդիրներ լուծելու նպատակով Ռուսաստանը որոշ զիջումներ է անում իր մրցակիցներին Հարավային Կովկասում։ Ցավոք, այդ զիջումները հիմնականում լինում են ի հաշիվ հայկական շահի և 2020թ. 44-օրյա պատերազմը դրա ապացույցներից մեկն է։ Բայց մյուս կողմից էլ պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի ճիշտ հաշվարկված քաղաքականությունն ու դիվանագիտական քայլերը կարող են բացառել մեր հաշվին սեփական խնդիրները լուծելու Ռուսաստանի՝ հաճախ դրսևորվող արատավոր մարտավարությունը։ Սա մի բան է, որը երկար ժամանակ կարողացել են անել ՀՀ նախկին իշխանությունները և չեն կարողանում անել ներկաները։
Հակասու՞մ են արդյոք Ռուսաստանի՝ վերոնշյալ խնդիրներն ու նպատակները Հայաստանի շահերին։ Սա երկրորդ կարևոր հարցն է, որի պատասխանը կարող է մեծ օգուտներ կամ վնասներ բերել մեր երկրին։ Ուստի այն զգուշավոր մոտեցում է պահանջում ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլև քաղաքական էլիտայից։ Խնդիրը նրանում է, որ այս հարցի պատասխանը, որն իմ խորին համոզմամբ «ոչ» է, բազում նրբություններ և բացառություններ ունի։
Փորձեմ միտքս ավելի պարզ ձևակերպել։ Ո՛չ, Ռուսաստանի տարածաշրջանային շահերը հակոտնյա չեն հայկական երկու պետությունների շահերին։ Բայց դա նաև չի նշանակում, որ, սպասարկելով իր շահը, Ռուսաստանը չի կարող վնասել հայկական շահը։ Կարող է, և մենք բազմիցս եղել ենք դրա ականատեսը։ Որտե՞ղ է ուրեմն խնդիրը և ի՞նչ հակասություն կա վերոնշյալում։ Իսկ խնդիրը, ինչպես արդեն քիչ առաջ ակնարկեցի, Ռուսաստանին ճիշտ ուղղորդելու հայկական կողմի կարողության մեջ է։ Այլ խոսեքերով՝ Հայաստանին Ռուսաստանի հետ շփվելու ճիշտ մարտավարություն է պետք։ Այդ մարտավարությունը կարող է և խիստ լինել, սակայն այն չպետք է հակամարտության բնույթ ունենալ։ Դրա պատճառները երկուսն են։ Նախ, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանային հիմնարար շահերը միմյանց հակոտնյա չեն և երկրորդ, հայ-ռուսական հակամարտության մեջ հաջողության հասնելու Ռուսաստանի հնարավորությունները հասկանալի պատճառներով շատ ավելի մեծ են, քան Հայաստանինը։
Վերջին ամիսների զարգացումները վերոնշյալի լավագույն ապացույցն են։ Որպես օրինակ դիտարկենք Բերձորի միջանցքի շրջափակումը։ Ադրբեջանի սադրիչ այդ գործողության առաջին փուլում ակնհայտ էր ոչ միայն դրա հակաարցախյան, այլև հակառուսական բնույթը։ Ադրբեջանցի «ցուցարարներն» ու զինվորականները ծաղրում էին ռուս խաղաղապահներին, սադրում նրանց, քաշքշում և այդ ամենը ուղեկցում տեղեկատվական/քարոզչական համապատասխան մեծ արշավով։ Ադրբեջանի նպատակը պարզ էր՝ նրանք անում էին ամեն ինչ, որպեսզի խաղաղապահների նյարդերը տեղի տան և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսեր բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ կբերեր նրանց խնդիրը լուծելու (ասել է, թե՝ Արցախից նրանց հեռացնելու) հարցը։ Ռուսաստանում մեծ ռիսկ էին տեսնում Ադրբեջանի նման վարքագծի մեջ։ Նրանք հասկանում էին, որ խաղաղապահների վարկաբեկման արշավը ի վերջո կարող է սպառնալիք դառնալ ոչ միայն Արցախում, այլև ողջ տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության համար։ Եվ այն պահին, երբ հայկական կողմը կարող էր օգտվել ռուս-ադրբեջանական՝ արդեն մեծ տարածում գտած հակամարտության պտուղներից, պաշտոնական Երևանը ճիշտ հակառակ քայլն է անում և Ադրբեջանից առավել մեծ եռանդով սկսում վարկաբեկել Արցախում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին։ Ցավոք, Երևանի այս վարքագիծը բերում է շատ կանխատեսելի արդյունքների և ռուս-ադրբեջանական հակամարտության փոխարեն մենք ստանում ենք հայ-ռուսական հակամարտություն։ Պարզ է, որ ճիշտ այդ պահից Ադրբեջանը փոխում է ռուս խաղաղապահների վերաբերյալ իր վարքագիծը և Արցախի հետագա շրջափակման երկարացումով նպաստում Մոսկվայի և Երևանի միջև առաջացած տարաձայությունների խորացմանը։
Վերոնշյալ այս օրինակը, որն ինչպես արդեն նշել եմ հոդվածի սկզբում, բացահայտել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում կուտակված բազում խնդիրները, նաև մի շարք կարևոր հարցերի պատասխաններ է տալիս։ Այսպես, պարզ է, որ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում այսօր պետք է թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմերին։ Այսինքն այս հարցում Հայատանի և Ռուսաստանի շահերը համընկնում են։ Սակայն պաշտոնական Երևանի ապաշնորհ (իրականում՝ դավաճանական) քաղաքականության հետևանքով այնտեղ, որտեղ կողմերը կարող էին համագործակցել, նրանք մրցակցում են՝ ի ուրախություն Ադրբեջանի և Թուրքիայի։ Իհարկե, չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքի փակումը հնարավոր է դարձել նաև Ռուսաստանի հանցավոր անգործության պատճառով։ Բայց կրկին՝ այդ անգործությունն էլ իր պատճառներն ունի, իսկ եթե նույնիսկ ոչ, ապա միևնույն է՝ Արցախի անվտանգությունը պահանջում է, որպեսզի այդ հարցում Երևանը համագործակցի և ոչ թե հակամարտության մեջ մտնի Մոսկվայի հետ։
Հետևաբար եզրահանգումը մեկն է՝ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ աշխատել Ռուսաստանի հետ։ Միայն այդ դեպքում երկու երկրների տարածաշրջանային շահերը, որոնք հիմնականում համընկնում են, կիրացվեն ոչ թե ի հաշիվ, այլ ի լրացումն մեկը մյուսի։
Բայց կա ուրիշ կարևոր խնդիր։ Այն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը, հնարավոր է, արդեն հատել են անդառնալիության կետը։ Համենայն դեպս, այսօր կարելի է վստահ պնդել, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ այլևս գոյություն չունեն։ Իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է միանգամայն նոր գործելաոճ որդեգրել։ Առաջինը, որ կարելի է ակնկալել Մոսկվայից, «զրո դիվանագիտության» քաղաքականությունն է։ Հատկապես, եթե Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունը հաջող ավարտ ունեցավ Ռուսաստանի համար (իսկ դրա հնարավորությունները չափազանց մեծ են), ուրեմն հաստատ զրո դիվանագիտություն։ Միայն պարտադրանք։ Ալիևի ու Փաշինյանի հետ Կրեմլը այլևս ոչինչ չի պայմանավորվելու։ Պուտինի վարչակազմը պարզապես ժամանակ է ձգելու և առաջին իսկ հնարավորության դեպքում, որը կարծում եմ շատ չի ուշանա, ուժային լուծումներ պարտադրելու Հայաստանին ու Ադրբեջանին։ Փոքր հույսն այն է միայն, որ մինչ փղի՝ հախճապակու կրպակ մտնելն ու այնտեղ ամեն բան փշրելը, Հայաստանում վերջապես հնարավոր կլինի իշխանափոխություն անել և գոնե թե նոր դեմքերով որոշակի մեղմել ռուսական «արդարադատության» (իսկ իրականում՝ վրիժառության) հետևանքները հայկական երկու պետությունների համար։
Հրանտ Մելիք-Շահնազարյան