Արցախի բլոկադա։ Դիմանալ ու հաղթել

Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանի իշխանությունները փակել են Արցախը Մայր Հայաստանին կապող՝ այս պահին գործող միակ ճանապարհը՝ օկուպացված Բերձորի շրջանով անցնող այսպես կոչված Լաչինի միջանցքը։ Ստեղծված իրավիճակը բազում անհանգստություններ է պատճառում ոչ միայն Արցախին, այլև նույն Ադրբեջանին, որի իշխանությունները երկու ամիս շարունակ ստիպված են դիմակայել միջազգային տարբեր հարթակներից հնչող քննադատությանը։ Փակ ճանապարհը մեծ խնդիր է նաև Ռուսաստանի համար, որը փաստորեն չի կարողանում կատարել իր ստանձնած միջազգային պարտավորություններն ու ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը։

Որքան էլ պարադոքսալ չհնչի, Արցախի փակ ճանապարհն ամենաքիչը պաշտոնական Երևանին է հուզում։ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ այսպես կոչված Լաչինի միջանցքը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է և որ Հայաստանն այդտեղ անելիք չունի։ Ավելին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչում և նշում, որ այնտեղ բնակվող 120.000 մարդկանց պատճառով չեն կարող վտանգել Հայաստանի 3 միլիոն բնակչությունը։

ՀՀ իշխանությունների բացառիկ այս ցինիզմը, ցավոք, արդեն սովորական է դարձել Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար։ Մեր հանրությունը չի ընդդիմանում Փաշինյանի կառավարության այս քաղաքականությանն ու գործելաոճին՝ կարծես խաչ քաշած լինելով այս իշխանությունների վրա։ Արտասահմանում հայկական պետականության գործառույթներն իր վրա է վերցրել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի կառույցները շարունակ ակցիաներ են իրականացնում Եվրոպայի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներում՝ պահանջելով իրենց կառավարություններից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և բացել Արցախի ճանապարհը։

Իսկ ահա Արցախում բավական հետաքրքիր և հուսադրող գործընթացներ են սկսվել։ Չնայած այն հանգամանքին, որ հայկական երկրորդ պետությունը գտնվում է հումանիտար աղետի եզրին, արցախահայությունը դիմադրելու և թշնամուն ոչինչ չզիջելու որոշում է կայացրել։ 2022-ի դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում համաժողովրդական մեծ հանրահավաք է տեղի ունեցել, որի ընթացքում տեղի բնակիչները հստակ բարձրաձայնել են Ադրբեջանի ճնշումներին դիմակայելու իրենց որոշման մասին։ Արցախում ստեղծվել է Օպերատիվ շտաբ, որը բավական արդյունավետ լուծումներ է տալիս շրջափակման մեջ հայտնված բնակչության խնդիրներին։ Իհարկե, եղած հնարավորությունների սահմաններում։

Հունվարի 18-ին համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 15-ին կամ 16-ին հանդիպել են ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները և քննարկել այսպես կոչված Լաչինի միջանցքի բացման հնարավորությունը (1)։ Ըստ տարածված լուրերի, որոնք հետագայում հաստատվել են նաև պաշտոնական Ստեփանակերտի կողմից, հանդիպմանն Արցախի կողմից մասնակցել է նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՆԳՆ նախարարն ու ևս մեկ ներկայացուցիչ կառավարությունից։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով այս հանդիպման արդյունքների մասին, ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այդ «հանդիպման արդյունքում Լաչինի միջանցքի հարցը կլուծվի» (2)։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմն այդ հանդիպման ընթացքում կոնկրետ պահանջներ է դրել Արցախի իշխանությունների առջև։ Խոսքը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերաբերում է հետևյալ հինգ պահանջներին՝

1. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն:

2. Ադրբեջանական պարտադիր պոստերի տեղակայում Ստեփանակերտի մուտքի մոտ:

3. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանող ադրբեջանական անցակետերի տեղադրում:

4. Արցախի ամբողջական զինաթափում:

5. Կաշենի հանքի փակում (3):

Ադրբեջանական կողմի այս պահանջներից յուրաքանչյուրն առանձին վերցրած մեծ սպառնալիք են Արցախի ոչ միայն ինքնուրույնության պահպանման, այլև ընդհանրապես՝ հայկական մնալու համար։ Ու չնայած Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել կատարել Ադրբեջանի պահանջները, այնուամենայնիվ գերակշռող է դարձել այն դիրքորոշումը, որ թեկուզ և մեծ զոհողությունների գնով, այնուամենայնիվ պետք է շարունակել Արցախի անկախության համար մղվող պայքարը։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որը բոլոր դժվարություններով հանդերձ, ամեն դեպքում նաև հնարավորություններ է ստեղծում հայկական երկրորդ պետության համար։

Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին։

Հայտնի ճշմարտություն է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունն ընթանում է ոչ միայն տեղում՝ այսպես ասած հողի վրա, այլև քաղաքական, քարոզչական և միջազգային տիրույթներում։ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ, բայց հատկապես 2020-ի պատերազմի ավարտից հետո բոլոր հնարավոր հարթակներում զարգացնում էին այն թեզը, իբր Ադրբեջանի կազմում Արցախի հայությունը նույն իրավունքներն ու հնարավորություններն է ունենալու, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Պաշտոնական Բաքուն փորձում էր ներկայանալ իբրև հանդուրժող, արցախահայության հետ հաշտություն փնտրող և նրանց համար լավ ապագա կերտող երկրի իշխանություն, որն արդեն դուրս էր եկել հայերի «ռեինտեգրացիայի» ուղու վրա։ Սակայն Արցախի վերջին երկու ամիսների բլոկադան, այնտեղ մատակարարվող էներգակիրների պարբերական արգելափակումը, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումները, դրան զուգահեռ ընթացող քաղաքական ու հոգեբանական ճնշումները, ինչպես նաև ռազմական ուժով շարունակ սպառնալը լավագույնս բացահայտում են Բաքվի իշխանությունների և ընդհանրապես ողջ Ադրբեջանի ընդգծված հայատյաց բնույթը։

Արցախի իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի մտահոգ քաղաքացիներն ու Սփյուռքի հայկական կառույցները հրաշալի կերպով կարողանում են հասցնել այդ ուղերձը միջազգային հանրությանը։ Հիմա արդեն պատրանքներ չկան՝ նույնիսկ ընգծված պրոադրբեջանական գործիչները խոստովանում են, որ Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելն է։ Եվ եթե արցախահայության ու Սփյուռքի ջանքերին միանար նաև Հայաստանի Հանրապետությունն, ապա այս հարցում կարելի կլիներ շոշափելի հաջողություններ ունենալ։

Թշնամական երկրորդ կարևոր թեզը, որն այս օրերին ջախջախվում է Արցախում, այն է, իբր Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է և հակամարտություն այլևս գոյություն չունի։ Սա Ալիևի ամենահաճախ արվող հայտարարություններից է։ Վերջինս պատեհ և անպատեհ առիթներով մշտապես ասում է, իբր 2020-ի պատերազմի ընթացքում իրենք լուծել են «Ղարաբաղի հարցը» և «նման հարց այլևս գոյություն չունի»։ Նման հայտարարություններով Ալիևը փորձում է քաղաքական ուղիներով վերահսկողություն հաստատել ողջ Արցախի նկատմամաբ և ի վերջո իսկապես լուծել այդ խնդիրն Ադրբեջանի համար։

Մինչդեռ, միջազգային հանրությունն այս երկու ամիսների ընթացքում տեսավ, որ Արցախի հարցը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև լարվելու և տարածաշրջանում ապակայունության նոր մթնոլորտ ստեղծելու կարողություն ունի։ Հետևաբար նաև անտեղին են բոլոր հայտարարություններն այն մասին, թե որևէ միջնորդության կամ, առավել ևս, խաղաղապահ առաքելության խնդիր չկա։ Ճիշտ հակառակը՝ հենց հիմա է անհրաժեշտ վերսկսել քաղաքական պրոցեսը և կրկին փորձել օրակարգ բերել Արցախի կենսական շահերից բխող խնդիրները։

Երրորդ կարևոր խնդիրը, որն այս պահին դրական ընթացք է ստացել, սերտորեն փոխկապակցված է նախորդ երկու կետերին։ Խոսքը վերաբերվում է միջազգային ասպարեզում Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։ Հակամարտության այս ընթացքն Ադրբեջանի հետ թույլ է տալիս Արցախի իշխանությունների հաղորդակցության ուղիղ միջոցներ ստեղծել արտաքին աշխարհի հետ և ամենամեծ լսարաններ ունեցող լրատվամիջոցների եթերներից խոսել առկա խնդիրների մասին։ Միևնույն ժամանակ արևմտյան բազում երկրների քաղաքական գործիչներ և նույնիսկ ամբողջ կառույցներ սկսել են պաշտպանել Արցախի շահերը, դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ և հակամարդկային քաղաքականությունն ու լուծումներ փնտրել Արցախի համար։

Երեք կարևոր այս հարցերը, որոնք ինտենսիվ առաջ են մղվում Արցախի բլոկադայի հետևանքով, ունեն իրենցից բխող բազում ենթահարցեր, որոնք նույնպես շատ կարևոր են հայկական երկրորդ պետության համար։ Դրանցից է, օրինակ, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության ժամկետների երկարաձգումը 2025-ից հետո։ Սա նույնպես այն մարտահրավերներից է, որը շատ օրհասական է Արցախի համար։ Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո ԼՂՀ-ն կորցրել է իր անվտանգությունն ինքնուրույն լիարժեք ապահովելու կարողությունը։ Այս հարցում չափազանց մեծ է ռուս խաղաղապահների դերը, որոնց ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկանում է հեռացնել Արցախից 2025թ.-ին։

Խաղաղապահների՝ Արցախում իրականացվող առաքելությունը շարունակելու համար անհրաժեշտ են հիմնավորումներ։ Այսինքն պետք է լինի այնպիսի վիճակ, որի առկայության պարագայում խաղաղապահների դուրսբերումն Արցախից պարզապես անհնարին կլինի։ Այսինքն, կլինի պատերազմի վերսկսման և մեծ արյունահեղության իրական վտանգ։ Արցախի բլոկադան խոսում է այն մասին, որ խաղաղապահների հեռանալուց հետո Ադրբեջանը կգնա հենց այդ ճանապարհով։ Եվ սա կարևոր հիմք է պնդելու, որ ռուս խաղաղապահները չեն կարող դուրս բերվել Արցախից։

Այս հարցը ևս մեկ նրբություն ունի, որին պետք է զգույշ վերաբերվել։ Խոսքը Արցախում կոնֆլիկտայնության աստիճանի պահպանման անհրաժեշտությանն է վերաբերվում։ Այո, ստեղծված իրավիճակում այդ կոնֆլիկտայնությունն անհրաժեշտ է հենց հայկական կողմին։ Միայն կոնֆլիկտայնության համապատասխան մակարդակի պահպանման դեպքում հնարավոր կլինի լուծել բոլոր վերոնշյալ խնդիրներն անգամ այն բանից հետո, եթե հանկարծ ադրբեջանցիները հենց այնպես՝ առանց որևէ պայմանների բացեն Արցախի ճանապարհը։

Վերոնշյալ բոլոր այս դրույթները խոսում են նաև այն մասին, որ Արցախի հարցում հայ ժողովուրդը պայքարի ու դժվարությունների երկար ճանապարհ ունի անցնելու։ Այս հարցում մենք պետք է առավելագույնս անկեղծ և բաց լինենք ժողովրդի հետ և տրամադրենք ժողովրդին այդ դժվարություններին։ Գիտեմ, լավատեսություն սրա մեջ քիչ կա, բայց այլընտրանքը ազգային ողբերգությունն է։ Ուստի պետք է տրամադրվել երկարատև պայքարի։ Այդ ռեսուրսը մեր ժողովուրդն ու պետությունները ունեն։ Սա մի գործ է, որը պետք է արվի։ Դիմանալ ու հաղթել։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

___________________________

Հղումներ

1. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հետ՝ քննարկելու Լաչինի հարցը, 18.01.2023թ., https://www.24news.am/news/267602։

2. Лавров ожидает скорого решения проблемы Лачинского коридора, 18.01.2023г., https://www.interfax.ru/world/881245:

3. «Թուրքերը Արայիկ Հարությունյանի վզին դրել են 5 պահանջ». Նարեկ Մալյան, 18.01.2023թ., https://www.pastinfo.am/hy/news/2023/01/18/4wg8nldgt/1520321։

Կապված նյութեր