ՀՀ վարչապետն Արցախյան հիմնախնդրի մասին բազմիցս հնչեցրել է իրարամերժ արտահայտություններ, ցուցաբերել առաջին հայացքից անտրամաբանական մոտեցումներ, սակայն, ըստ փորձագետների վերլուծությունների և կանխատեսումների, Փաշինյանն անշեղորեն հետևում է Արցախն Ադրբեջանին հանձնելու օրակարգին: Մարտի 14-ին հրավիրված ասուլիսը ևս որոշակի լույս սփռեց այս օրակարգի վրա:
Առաջին և ամենակարևոր փաստը, որ պետք է ընդունել որպես ելակետ, վերջերս Արցախի Հանրապետության նախագահի կողմից արդեն բարձրաձայնվել է։ Այն է, որ Ադրբեջանի կողմից ներկայացվել է` Ադրբեջանի կազմ «ինտեգրվելու» հստակ պահանջ, որը չկատարելու դեպքում սպառնացել են անցնել կտրուկ և կոշտ քայլերի: Թարգմանաբար սա նշանակում է, որ կամ ինքնակամ կվերցնեք ադրբեջանական անձնագրեր և կապրեք Ադրբեջանում՝ ադրբեջանցիների հետ կողք կողքի, կամ ուժով կմաքրենք Ղարաբաղը ձեզանից: Այս մասին են վկայում նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանրային խոսքում կարծես սովորական դարձած արտահայտությունները. Ալիևը պնդում է, որ «Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ բնակիչների հետ» հարաբերություններն իր երկրի ներքին գործն է, և որևէ երրորդ երկրի իրենք թույլ չեն տա խառնվել այս հարցին, Փաշինյանն ամեն կերպ խուսափում է ինքնորոշման իրավունքի մասին տառ անգամ արտասանելուց, անընդհատ խոսելով Արցախի հայերի անվտանգության մասին, իսկ այս ասուլիսի ընթացքում նաև նշվեց, որ Հայաստանը անվտանգության երաշխավոր չէ:
Ցավալի է, բայց Փաշինյանը, ով բանակցային գործընթացի մասին տեղեկացել է ոչ թե Հայաստանի կողմից բանակցողներից, այլ հենց Ալիևից, և տևական ժամանակ առաջ է տանում հենց ալիևյան թեզերը` սկսած հակամարտության բուն էությունը փոխելուց` ինքնորոշման իրավունքից տանելով այն դեպի տարածքային վեճ, մինչև Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի փաստացի սառեցում, հիմա էլ ասում է, թե Արցախի հիմնահարցի լուծման բանակցությունների շահառուն արցախցիներն են, և հենց իրենք պետք է բանակցեն սեփական իրավունքների պաշտպանության համար: Նա կրկին պնդեց, որ Արցախի ղեկավարը չէ, չունի քվե և մանդատ Արցախի փոխարեն որոշումներ կայացնելու:
Այստեղ տեղին է կրկին նշել այն մեծ մանիպուլյացիան, որին դիմում է Նիկոլ Փաշինյանը: Արցախից քվե չունեցողը որևէ կերպ իրավունք չուներ ստորագրելու նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթուղթը, որով նա մեկ գրիչի հպմամբ Ադրբեջանին հանձնեց տարածքներ, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը տիրապետման որևէ իրավունք չի ունեցել: Արցախից քվե չունեցողը Արցախի Հանրապետության նկատմամբ պատերզմական գործողություններ սկսելու պահին հայտարարեց ՀՀ-ում ռազմական դրություն, և մոբիլիզացիա, և սրանով Հայաստանի Հանրապետությունը մտավ պատերազմի մեջ որպես կողմ: Այս քայլը տրամաբանված և հասկանալի կլիներ, եթե Հայաստանը անհապաղ ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը և ռազմական փոխօգնության պայմանգիր կնքեր Արցախի հետ: Սակայն դա տեղի չունեցավ, փոխարենը Փաշինյանը ստացավ լեգիտիմ հիմք պատերազմի ավարտից հետո թղթեր ստորագրելու համար, ինչը և շրջադարձային է Արցախի հիմնախնդրի լուծման հարցում:
Խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը ստորագրվում է պատերազմի ավարտից հետո` պատերազմող երկրների կողմից` բացառապես միջազգայնորեն ճանաչված երկրների կառավարությունների միջև: Եթե պատերազմող կողմերից մեկը հանդիսանում է չճանաչված պետություն, ինչպիսինն է Արցախի Հանրապետությունը, ապա հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ՄԱԿ-ը: Ենթադրում եմ, որ շատերին է հասկանալի, թե ինչու Փաշինյանը, հայտարարելով ռազմական դրություն, մտավ պատերազմի մեջ։ Որպեսզի վերջնականորեն հետ մղի Մինսկի խմբի ձևաչափը և հենց ինքը ստորագրի սպասվելիք Խաղաղության պայմանագիրը:
Ստացվում է, որ խոսելով Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների մասին, Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հակամարտության կարգավորման պաշտոնական ձևաչափը` Մինսկի խմբի եռանախագահության ներքո, տևական ժամանակ է չի գործում, իսկ նոր, միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, որով ենթադրվում է Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, ուղղակի չկա: Նիկոլ Փաշինյանը, ով այս ասուլիսին էլ ասաց, որ կաշկանդված է Արցախի հայերի անվտանգությամբ և ՀՀ անվտանգությամբ, փաստացի ընդունեց, որ Խաղաղության պայմանագրով (որն արդեն մտել է օնլայն շտկումների ձևաչափ, իսկ դա նշանակում է, որ գրեթե պատրաստ է) նա համաձայնել է թողնել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ այդ համաձայնությունը խախտելու դեպքում Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմ սկսել` ունենալով նկրտումներ նաև ՀՀ տարածքի նկատմամբ:
Երեք ամսից ավել շրջափակման մեջ գտնվող Արցախի համար ծանր ասուլիս էր, բայց և կարծում եմ, եզրակացություններ անելու և քայլեր մշակելու անհրաժեշտություն պահանջող ասուլիս էր Փաշինյանի այս ասուլիսը, որով ևս մեկ անգամ հաստատվեց այն փաստը, որ ներկա իշխանությունների գիծն էականորեն և կտրուկ տարբերվում է Հայաստանի և Արցախի կողմից 30 տարի շարունակ տարվող գծից, և քանի դեռ ամեն ինչ վերջնական կորսված չէ, և կա հնարավորություն վերադառնալու Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման, պետք է միավորվել և մեխանիզմներ մշակել` անելանելի թվացող իրվիճակից դուրս գալու համար: Դրա համար առաջին հերթին պետք է գիտակցում, որ այո, սա մեր նոր Սարդարապատն է, անհրաժեշտ են հայամետ և հայրենասեր որոշում կայացնողներ և բանակցողներ, պետք է ուժեղ արտաքին գերատեսչություն, որը կարողանա հասնել Ադրբեջանի կողմից անթաքույց բացահայտ ռազմատենչ հայտարարությունների և գործողությունների միջազգային դատապարտումների` մինչև կոնկրետ սանկցիաների կիրառում։ Մի խոսքով, մեզ պետք է նոր, համազգային` միավորված հայերից կազմված իշխանություն: Այլապես մենք կլինենք այն սերունդը, որի ժամանակաշրջանը պատմության մեջ կմնա որպես ամոթի և թուլության էջ:
Նաիրա Կարապետյան