Ծնկաչոք Մարդու դասերը

Լուսանկարի ծնկաչոք Մարդը Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդն է: Լեհաստան, Վարշավա, 1970թ.:

…Վիլլի Բրանդը, որպես ԳԴՀ-ի կառավարական պատվիրակության ղեկավար, ուղևորվել է նախկին վարշավյան գետտոյի շրջան և ծաղկեպսակ դրել Հոլոքոստի զոհերի հուշարձանին:

Անսպասելիորեն, այն բանից հետո, երբ գերմանական կառավարության ղեկավարը արարողակարգային ձևով ուղղեց ծաղկեպսակի ժապավենը, Վիլլի Բրանդը ծնկի եկավ հուշարձանի աստիճանների վրա ու որոշ ժամանակ անշարժ մնաց այդ դիրքում: Դիվանագիտական արձանագրության համար այդ ինքնաբերական, անկանխատեսելի արարքը ներկաների կողմից ընդունվեց որպես խորհրդանշական խնդրանք` ներելու հրեա ժողովրդի հանդեպ գերմանացիների իրագործած հանցագործությունները:

Ինչպես ասել է Թադեուշ Պիսկորսկին, «այդ պահին այդ ծնկաչոք մարդը բոլորից բարձր էր…»:

Բայց նախքան մարդկության առաջ իրենց մեղքը գիտակցելը, գերմանացիները ստիպված էին անցնել հոգեբանական զոմբիացման սարսափների միջով:

Չմոռանանք, որ Գերմանիան ապաշխարհանքի արյունալի ճանապարհն անցել է նացիզմի մարդակեր գաղափարախոսության մոլեռանդ նվիրվածության միջով: Գերմանացիները մինչև պատերազմի ավարտը ծափահարում էին Հիտլերին, հափշտակված գրքեր կարդում գերմանացիների ռասայական առավելության, նրանց բացառիկության մասին, այն մասին, որ հենց գերմանացիներն են ամբողջ մարդկության ալֆան ու օմեգան: Գերմանացիները լրիվ անկեղծորեն կարծում էին, որ Գերմանիայի բոլոր դժբախտությունների մեղավորները հրեաներն են, իսկ եթե այդպես է, ապա Օսվենցիայում, վարշավյան գետտոյում, Խատինում կարելի է մահվան ուղարկել ծերերին ու կանանց: Կարելի է առանց կնճռոտվելու արդարացնել գազային խցիկներն ու կկտանքների ենթարկված երեխաներին.. քանի որ, ինչպես Գեբելսն է ասել, «արիացի ազգի հիմնական թշնամին հանդիսանում են աշխարհի հրեաները»:

…Հետո եղավ պատերազմը, որը վառեց 60 միլիոն հոգի` իր հետևից թողնելով ոչնչացված, բռնաբարված և կարեկցանք չառաջացնող կտոր-կտոր արված Գերմանիա:
Ոչինչ չի՞ հիշեցնում սա:

Այսօր մեր հարևան երկրի ղեկավարը բառ առ բառ կրկնում է ազգայնականների թեզերը: Այսօր Իլհամ Ալիևի հրամանով նրա նավթային կամակատարները վերագրում, կեղծում և փոխում են տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը` ի նպաստ իրենց քթավոր սուլթանի վայրենի պլանների: Այսօր Ադրբեջանն ապշելու աստիճան նման է 20-րդ դարի 30-ական թվականների Գերմանիային. նույն կանխադրույթները, նույն կարգերը, նույն սուտն ու ատելությունը:

Անգամ նորահայտ աֆշերոնյան նացիստի կարգախոսներն են նույնը, ինչ հիտլերականներինը:

Բայց ամենասարսափելին այն է, որ աֆշերոնյան ֆյուրերն այնքան է թունավորել իր ժողովրդին ստով, որ նրա գնալուց հետո անգամ ֆաշիզմի վայրագ գաղափարախոսությունը ոչ մի տեղ չի անհետանա և դեռ երկար տարիներ կթունավորի այդ ժողովրդի գիտակցությունը:

Ցավոք, նացիզմից բուժման ճանապարհը մեծ քանակությամբ արյան միջով է անցնում, և հնարավոր չէ խուսափել այդ արյունահեղությունից:

Բայց հույս ունեմ… փոքր, բայց ունեմ, որ երբևէ այնտեղ էլ կհայտնվի իրենց Վիլլի Բրանդը, ով Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Թալիշում ծնկի կիջնի ու իր ժողովրդին կազատի նացիզմի խայտառակությունից, որի մեջ նրան ներքաշել են «կերոսինաստանի» ներկայիս իշխանությունները:

Արման ԱԲՈՎՅԱՆ

Կապված նյութեր