Թալիշը պետք է ապրի ոչ միայն իր սովորական՝ այլ նաև մշակութային կյանքով

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը եթե Հայաստանում չէ, ապա Արցախում է ու, մասնավորապես, Մարտակերտ քաղաքում: Սակայն նրա վերջին այցը մի քանի գործոններով էր պայմանավորված: Մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որ Թալիշում շինարարությունը կանգ է առել, որ աշխատանքները դադարեցված են։ Նման տեղեկություները դաշտ էին նետել ադրբեջանական ԶԼՄ-ները: Պատգամավորը, որ բազմաթիվ անգամ եղել է Թալիշում, որոշեց անձամբ այցելել այնտեղ ու ներկայացնել եղելությունը:

Հենց Թալիշի մուտքից լսելի է եղել ընթացող շինարարության ձայները:

«Տեսա հրաշալի պատկեր, տեսա, որ ինտենսիվ աշխատանք է տարվում, այն էլ՝ որակյալ։ Դպրոցում շինարարական աշխատանք էր տարվում ու այն այժմ գտնվում է ավելի ապահով տեղանքում. Շուտով պատրաստ կլինի նաև մանկապարտեզը», -ասում է Շուշան Պետրոսյանը:

Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն 17 բնակելի տուն պատրաստ է շահագործման: Նշենք, որ բնակչության համար նախատեսված է կառուցել ապաստարաններ: Համայնքի կենտրոնական փողոցի աշխատանքները ևս սկսված են: Ամբողջովին փոխվել է նաև Թալիշի ջրամատակարարման ներքին ցանցը: Գյուղում դեռևս ապրում են միայն տղամարդիկ, բայց մեկ ընտանիք արդեն տեղափոխվել է մշտական բնակության: Շուշան Պետրոսյանը եղել է այդ տանը ու հանդիպել տանտիրուհու հետ:

«Պատերազմի ժամանակ նրանք տեղափոխվել էին Հրազդան, սակայն հայրը չի դիմացել ու վեց ամիս անց վերադարձել է Թալիշ: Ամռանը հենց բակում են քնել, այնուհետև տեղափոխվել են Ալաշան: Բայց հայրը ամեն ինչ արել է, որ տղան բանվորներին օգնի, որպեսզի շինարարությունն ավարտին հասցնեն»:

Շուշան Պետրոսյանն ասում է՝ նախկին Թալիշը ավերված հետքերից գրեթե կիսով չափ մաքրվել է, նոր շունչ կա արդեն գյուղում։ Հիշում է, որ Թալիշի հանդիսությունների սրահում պարբերաբար են հանդես եկել հյուրախաղերով ու այսօր այդ վայրը լիովին վերակառուցվել է, ինչը նշանակում է, որ այդտեղ դարձյալ հնչելու են մշակութային միջոցառումների ձայները.

«Էլի գնալու ենք հյուրախաղերի, ու Թալիշը պետք է ապրի ոչ միայն իր սովորական կյանքով՝ հող մշակելով ու սահման պահելով, այլ մշակութային կյանքով»,-շեշտում է Շուշան Պետրոսյանը:

Ու մինչ Թալիշի դահլիճը պատրաստ կլինի, այս ընթացքում Շուշան Պետրոսյանը կազմակերպել է հյուրախաղ Մարտունիում, Ստեփանակերտում, Քարվաճառում ու զորամասում։ Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանի թատրոն ստուդիայի ուսանողները ներկայացրել են հայ դասականների բանաստեղծությունները։

 

Կապված նյութեր