Արցախ։ Գործող տնտեսություն

Արցախում լայնածավալ պատերազմի ավարտից դեռևս շատ չի անցել։ Մոտ 25 տարի։ Ընդամենը երկու տասնամյակ, որոնց ընթացքում հայկական երկրորդ պետությունը շարունակել է պայքարել արտաքին սպառնալիքի, բլոկադայի, տնտեսական դժվարությունների և այլ մարտահրավերների դեմ։ Պայքարել ոչ թե գոյատևելու, այլ արժանապատիվ ապրելու իրավունքի համար։ Ստեղծել պետական ինստիտուտներ, կառավարման համակարգ, բանակ և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պետություն՝ վաստակելով մեր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ ճանաչվելու պատիվ։ Սա Արցախի հայության հետևողական, նվիրյալ և ամենօրյա տանջալից ու նպատակասլաց աշխատանքի արդյունքն է։

Հետպատերազմյան Արցախի վերականգնման ամենաբարդ ուղղություններից մեկն անկասկած ամբողջությամբ քայքայված տնտեսությունն էր։ 90-ականների սկզբներին տնտեսական, ֆինանսական անգամ պարենային ճգնաժամի մեջ գտնվող հայկական այս պետությունը այսօր Հարավային Կովկասի ամենածաղկուն տարածքներից մեկն է։ Այստեղ բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, թեթև և ծանր արդյունաբերությամբ, էներգետիկայով և սպասարկման ոլորտի ծառայություններով։ Արցախի արտադրանքն այսօր իր արժանի տեղն է զբաղեցնում ոչ միայն հայկական, այլև միջազգային շուկաներում՝ օրեցօր ավելացնելով թե իր ներկայության մակարդակը, թե ծավալները և թե աշխարհագրությունը։

Աշխարհի ամենատարբեր երկներում հատկապես մեծ համբավ են վայելում Լեռնային Ղարաբաղում արտադրվող գինիները, օղիներն ու ալկոհոլ այլ խմիչքները։ Արցախի քաղցրահամ խաղողը, թութը, հոնը, տանձը և այլ մրգերն ապահովում են այստեղ արտադրվող խմիչքի անզգուգական մեղմ համը։

Խմիչքից բացի վերջին տարիներին մեծ թափ է ստացել նաև սննդամթեքրի արտադրությունը։ Այս ոլորտում աշխատող ղարաբաղյան կազմակերպությունները մասնագիտացել են գյուղատնտեսական մթերքի վերամշակման և պահածոյացման գործում։ Արցախի ամենատարբեր անկյունում այսօր գործում են մեկ տասնյակից ավելի միջին և խոշոր գործարաններ։ Պահածոներից բացի Լեռնային Ղարաբաղում կազմակերպվել է նաև ձեթի, կաթնամթերքի, հացաբուլկեղենի, մսամթերքի և այլ սննդատեսակների արտադրություն, որի զգալի ծավալը Արցախից բացի սպառվում է Հայաստանում և Եվրասիական Տնտեսական միության երկրներում։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության մի զգալի հատված էլ ներգրավված է թեթև արդյունաբերության մեջ։ Այս ոլորտում հատկապես մեծ թափ է ստացել տեքստիլի արտադրանքը։ Արցախում կարվող կտորները, հագուստը որակական այն աստիճանի են հասել, որ գրավել են տարբեր միջազգային բրենդերի ուշադրությունը։ Արցախում արդեն գործում են նման ընկերությունների ներկայացուցչություններ ու արտադրամասեր՝ ինչը նպաստում է ոլորտի էլ ավելի արագ զարգացմանն ու նոր ներդրումների ակտիվացմանը։ Թեթև արդյունաբերությունը Արցախի տնտեսության զարգացման առաջնային ուղղություններից է։ Հենվելով դեռևս խորհրդային ժամանակներից մնացած մասնագիտական կարողությունների և աշխատուժի վրա՝ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի տեքստիլի արտադրությունը Արցախում նորանոր բարձրունքներ գրավի։ Եվ դա տալիս է իր ցանկալի արդյունքները։

Թեթև արդյունաբերության առավել զարգացած ճյուղերից մեկը, անկասկած, գորգագործությունն է։ Պատմական հարուստ ավանդույթների վրա հիմնված արցախյան գորգերն ու կարպետները մեծ պահանջարկ ունեն ոչ միայն նախկին Խորհրդային միության երկրներում, այլև Եվրոպայում և Միացյալ Նահանգներում։ Այդ է պատճառը, որ Արցախում հյուսվող գորգերի քանակն ու ծավալները ամեն տարի զգալի աճ են ապահովում։

Արցախի տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկը, անկասկած, էներգետիկան է։ Վերջին տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում ստեղծվել են մի քանի տասնյակ հիդրոէլեկտրոկայաններ։ Երկրի էնէրգետիկ ենթակառուցվածքի արդիականացումը, ջրամբարների վերանորոգումն ու շահարկումը թույլ են տվել Արցախի իշխանություններին ապահովել ոչ միայն պետության էներգետիկ անվտանգությունը, այլև էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններ ստեղծել։

Այս ամենով հանդերձ, սակայն, Արցախի Հանրապետության եկամուտների հիմնական աղբյուրը հանքարդյունաբերությունն է։ Ոսկու, պղնձի, քարածուխի և օգտակար այլ հանածոների արդյունաբերությունը Լեռնային Ղարաբաղում տարիների մեծ փորձ ունի արդեն։ Այս ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներն ապահովում են հանքարդյունաբերության կազմակերպման առավել արդյունավետություն։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվում հարցի էկոլոգիական կողմին։ Պաշտոնական Ստեփանակերտը և ոլորտային կազմակերպություններն ամեն ինչ անում են երկրի էկոհամակարգը հնարավորինս պահպանելու, դրա վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցությունները հնարավորինս նվազեցնելու համար։

Կարևոր է նկատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը հատուկ ընդգծված սոցիալական ուղղվածություն ունի։ Այստեղ գործունեություն իրականացնող կազմակերպությունները, երկրի բնակչությանը համար աշխատատեղեր ապահովելուց զատ, իրականացնում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայությունների որակի բարձրացմանը, ինչը կարևոր նշանակություն ունի Արցախի բնականոն և համակողմանի զարգացման համար։

Ընդամենը մի քանի տարիների ընթացքում պատերազմից ամբողջությամբ քայքայված ղարաբաղյան տնտեսության վերականգնումը երկր հետագա անվտանգ և ժողովրդավար ընթացքի կարևոր գրավականներից մեկն է։ Արցախի բնակչությունն ու իշխանությունները, սակայն, ամենևին չեն պատրաստվում բավարարվել այս՝ առանց այն էլ տպավորիչ արդյունքներով։ Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման հիշատակված այս առաջնային բոլոր ուղղությունները տարեցտարի կայուն աճ են ապահովում՝ գործունեության նոր ոլորտներ և հեռանկարներ ստեղծելով հայկական երկրորդ պետության համար՝ ամուր հիմքեր ստեղծելով ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության և հետագա բարեկեցության համար։ Եվ սա այն ներդրումն է, որն անգնահատելի է դարձնում Արցախի ժողովրդի ամենօրյա աշխատանքն ու ներդրվող ջանքերը։

Կապված նյութեր