Ճանաչում են ԼՂՀ-ն, թե ոչ` Ղարաբաղը որպես պետություն կայացել է. Ռեշետնիկով

«Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է: Ճանաչում են ԼՂՀ-ն, թե ոչ` Լեռնային Ղարաբաղը, որպես պետություն, կայացել է` չնայած շրջափակմանը, պատերազմին և միջոցների սղությանը»,-նման կարծիք է հայտնել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության վերլուծական բաժնի պետի տեղակալ, Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախկին տնօրեն և «Երկգլխանի առյուծ» միության ներկայիս ղեկավար, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը:

-Լեոնիդ Պետրովիչ, վերջին երկու ամսվա ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ռազմա-քաղաքական իրավիճակի սրացում է նկատվում: Դարձյալ ո՞ւմ է ձեռնտու մեր տարածաշրջանում իրավիճակի սրումը:

-Միանշանակ, Ռուսաստանը հիմա մշտական ճնշման տակ է գտնվում, որը հետզհետե աճում է: Բազմաթիվ քաղաքագետների գնահատմամբ` մենք գտնվում ենք կիսահիբրիդային պատերազմի մեջ` տեղեկատվական, տնտեսական և այլ ճակատներում: ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների հետ նման վատ հարաբերություններ, երևի, եղել են միայն «սառը պատերազմի» տարիներին: Եվ Ղարաբաղը այդ ճնշման ուժեղացման լծակներից մեկն է: Նպատակը Ռուսաստանի համար բարդություններ ստեղծելն է, ինչպես դա արվել է Ուկրաինայի արևելքում: Եթե բռնկվի ղարաբաղյան ճակատը, Ռուսաստանը կհայտնվի շատ բարդ դրության մեջ:

Հայաստանը մեր իրական դաշնակիցն է, բայց Ռուսաստանի համար կարևոր են նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները: Այստեղ ոչ միայն ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է բորբոքել իրավիճակը, այլև զգացվում է ավելի լուրջ խաղացողների ներկայությունը, ուղիղ ասենք` միջազգային դերակատարների` այդ թվում և ԱՄՆ-ի: Մենք պետք է սթափ լինենք, քանի որ այն ուժերը, որոնք հիմա փորձում են վերահսկողություն հաստատել Սիրիայում, իսկ մենք կանգնեցնում ենք, որպես թիրախ, հաջորդը կընտրեն Կովկասը` պայթունավտանգ կետը, որը կարող է բռնկվել և մեզ համար անասելի բացասական հետևանքներ ունենալ: Մենք հասկանում ենք, որ ԱՄն-ն, նախ և առաջ, և այն ուժերը, որոնք կանգնած են նրա կողքին, Կովկասը դիտարկում են միայն որպես Ռուսաստանին հակազդելու միջոց և նրա վերադարձը` որպես իշխող ուժ միջազգային հարթակում: Իսկ կովկասյան ժողովուրդներն ու երկրներն ուղղակի կդառնան այդ քաղաքականության զոհը: Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու համար միշտ կարելի է օգտագործել Ղարաբաղն ու Մերձդնեստրը, որտեղ իրավիճակը վատթարանում է:

-Ինչպե՞ս հասկանալ Հայաստանի` ՀԱՊԿ-ի կամ Եվրասիական միության անդամ դաշնակից երկրներ Ղազախստանի և Բելառուսի դիրքորոշումները, որոնք ցանկացած հարթակում բացահայտ հակահայկական դիրք են բռնում: Ադրբեջանցիները բաց տեքստով ասում են, որ Ադրբեջանի դաշնակիցը` Բելառուսը, ահա այսպես է պահել իրեն: Դա ի՞նչ է, «ծուռ հայելիների թագավորությո՞ւն»:

-Երևի: Այդ երկրները ևս շահում են այն դեպքում, երբ Ռուսաստանը բարդ իրադրության մեջ է հայտնվում: Այդ ժամանակ հեշտ է մեզ հետ խոսելը, զիջումներ պարտադրելը: Հայաստանի նկատմամբ նման քաղաքականություն վարելով` նրանք կարծում են, որ լավ կերևան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների աչքում: Նրանք չեն աջակցում Կովկասում Ռուսաստանի մերձավոր դաշնակցին` դրանով ցույց տալով Ռուսաստանից հեռու լինելը: Օրինակ` ցույց տալ, որ Հայաստանի հետ կապված հարցերում իրենք անկախ են Մոսկվայից, դա Արևմուտքին ուղղված ժեստ է, որն արվում է որոշակի արտոնություններ ստանալու հույսով: Ռուսաստանն այդ ամենը տանում է միայն մի պարզ պատճառով. պետք չէ ստեղծել հակազդեցության նոր օջախներ: Մեր նախագահը միշտ փնտրում է բանակցելու ուղիներ: Բայց ուզում եմ ընդգծել, որ Ղազախստանի և Բելառուսի համար դա մահվան ճանապարհ է և ինձ թվում է, որ չափից շատ տարվելով` նրանք կոպիտ սխալ են գործում: Այստեղ խաղալը շատ վտանգավոր է:

-Լեոնիդ Պետրովիչ, վերջին միջադեպը` կապված նրա հետ, որ ադրբեջանական զորքը, տեղակայվելով բնակավայրերում, այնտեղից կրակ է թափում հայկական դիրքերի վրա, ենթադրում է, որ պատասխան կրակի դեպքում հայոց բանակը կարող է մտնել նաև տներ և այլ քաղաքացիական օբյեկտներ: Հայկական կողմն ինչպե՞ս խոսի սադրիչ երկրի հետ, որն իր խնդիրները փորձում է լուծել երեխաների արյան գնով:

-«Վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»: Պետք է խոսել: Իսկ ի՞նչ անել, գնալ բացահայտ պատեազմի՞: Ներկայումս հակամարտությունից դուրս գալու այլ ելք չկա, միակ ելքը քաղաքականն է: Անհրաժեշտ է շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ և փոխզիջումներ գտնել , քանի որ վատ խաղաղությունը գերադասելի է լավ պատերազմից: Ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի պատերազմի ծավալմանը, և այդ ժամանակ կկռվեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև արտաքին ուժերը: Լիովին հավանական է, որ այդ դեպքում և´ Թուրքիան, և´ Ռուսաստանը, և´ Վրաստանը կներքաշվեն հակամարտության մեջ:

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է պատերազմի ակտիվ փուլ սկսվի:

-Միայն մի դեպքում. եթե Արևմուտքը որոշի բոլոր ուղղություններով հարձակվել Ռուսաստանի վրա: Այդ դեպքում կարող են բռնկվել նաև Ղարաբաղն ու Մերձդնեստրը: «Շնորհիվ» Խորհրդային միության ազգային քաղաքականության` այժմ մենք հայտնվել են դժվարին կացության մեջ: 20-ական թվականների ազգային- տարածքային անարդար սահմանազատումն այսօր արձագանք է տալիս: Մենք, որպես պետություն, պետք է հրաժարվենք այդ հակազգային որոշումներից: Դրանք մեզ խանգարում են առաջ շարժվել:

-Լեոնիդ Պետրովիչ, ինչո՞ւ Կոսովոյին, Աբխազիային և Հարավային Օսիային կարելի է, իսկ Արցախին չի կարելի իրացնել ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը: Մենք հասկանում ենք, թե ինչու չի Հայաստանը ճանաչում ԼՂՀ-ն, իսկ մյուսնե՞րը: Ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում:

-Իսկ ո՞վ է ասել, թե չի կարելի: Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է: Ճանաչում են ԼՂՀ-ն, թե ոչ` Լեռնային Ղարաբաղը, որպես պետույուն, կայացել է` չնայած շրջափակմանը, պատերազմին և միջոցների սղությանը: Այսպիսի հասկացություն կա` «failed state» (չկայացած պետություն), և այդպիսիններին ոչ ոք չի ճանաչում: Բայց Ղարաբաղը կա և առաջ է շարժվում: Իսկ Ռուսաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կառաջացնի շղթայական հակասությունների թնջուկ: Չէ՞ որ մենք վերլուծաբաններ ենք և հասկանում ենք, որ այդ ամենն իրար հետ կապված են:Ռուսաստանը փորձում է կողմերին ստիպել, որ բանակցեն: Իսկ դա այս պահին, ուղղակի, անհնար է: Բայց դա նախկինում ընդունված սխալ որոշումների արդյունքն է: Ի՞նչ սկզբունքով է հնուց ի վեր պատմական Հայաստանի մաս կազմող Ղարաբաղը հայտնվել Ադրբեջանի կազմում: Դա դիտմամբ է արվել: Ինչ վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային, հիշենք 2008թ. օգոստոսի սկիզբը: Այդ ժամանակ ես եղել եմ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության վերլուծական բաժնի պետ: Ռուսաստանում ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում, որ այդ երկրները կճանաչվեն որպես անկախ երկրներ: Ես եղել եմ ճանաչման կողմնակից, և մենք փորձել ենք երկրի ղեկավարությանն ապացուցել ճանաչման նպատակահարմարությունը, բայց աշխարհաքաղաքական իրադրությունը թույլ չի տվել անել դա: Բայց, ախր, վրացիները լայն ճակատով գնացել են դեպի Հարավային Օսիա և արդյունքում ստացել այն, ինչ ստացել են: Եթե չլիներ այդ պատերազմը, այնտեղ նույնպիսի իրավիճակ կլիներ, ինչպես Մերձդնեստրում է: Ուզում եմ ընդգծել, որ հայերն այնպիսի ժողովուրդ են, իհարկե ոչ բոլորը, որ հասկացել ու հասկանում եմ ոչ միայն սեփական, այլև Ռուսաստանին շահերը, նրա դժվարությունները:

-Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունը:

-Հասկանալով Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ունեցած հետաքրքրությունը` որպես հարազատ երկիր` լեզվով, մտածելակերպով, ծագմամբ, պետք է լիովին գիտակցել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում այդ երկիրը չի կարող օբյեկտիվ դիրքորոշում ունենալ: Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը կարող է ցանկացած որոշում ընդունել` այդ թվում և ավանտյուրիստական, ինչին ականատես ենք եղել Իրաքում, իսկ Սիրիայի ու մեր ինքնաթիռի մասին չեմ էլ ասում… Համաձայն տրամաբանության` այդ երկրից ամեն ինչ կարելի է սպասել: Եվ վերջում ուզում եմ ասել, որ ժողովուրդների վերամիավորումը շատ բարդ խնդիր է, և հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տարբեր մարտահրավերների, որոնք, անկասկած, կուղեկցեն նրան այդ ճանապարհին:

Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆ

Կապված նյութեր