Հայի արյուն վաճառողները

Ոչ մի թուրք մտավորականի՝ անգամ ոամենակատարյալ ու առաջադեմ,  մտքով երբեք չի անցնի առաջարկել հաշտվել հայերի կամ հույների հետ` վերադարձնելով հողերը, որտեղից իրենց վտարել են: Թուրք մտավորականները լավագույն դեպքում ընդունում են իրենց նախորդների գործած հանցանքները և ոչ այնքան անկեղծ ապաշխարհում, ինչը մեզ` հայերիս, այնքան է դուր գալիս, որ պատրաստ ենք ապաշխարհողներին մեր ձեռքերի վրա պահել:

Ադրբեջանցի ոչ մի մտավորականի, եթե, իհարկե, այդպիսիք կան, մտքով անգամ չի անցնի առաջարկել հաշտվել հայերի հետ` վերադարձնելով նրանց, ասենք, Գետաշենը, Շահումյանը, առավել ևս` Գանձակն ու Պարտավը: Լավագույն դեպքում ադրբեջանցի մտավորականները հանդես կգան ալիևյան ռեժիմի քննադատությամբ: Դա էլ այն դեպքում, երբ այդ ռեժիմն անձամբ իրենց արդեն չի սպառնում: Մնացած դեպքերում ադրբեջանցի մտավորականների` հայերին հայերի հետ կապված հնչեցվող կարգախոսները, եթե ավելի արյունռուշտ չեն, ապա առնվազն հավասարազոր են իրենց քաղաքական ընդդիմախոսների հնչեցրած մտքերին:

Վրացի ոչ մի մտավորականի մտքով չի անցնի առաջարկել հայերին վերադարձնել Ջավախքը: Նրանք չեն կարողանում հաշտվել Թիֆլիսի հայկական եկեղեցիների վերադարձի հետ:

Եվ միայն «հայկական ժողովրդավարության հայրերն» են միշտ պատրաստ հայկական հողերը կիսել այն ցանկացողների հետ: Իսկ դրանք այնքան շատ են: Ողորմությո՞ւն է, ինչ է: Դա, վերջ ի վերջո, ՀԱԿ-ի անդամներից մեկի սեփական «Մերսեդեսը» չէ:

Եվ միանգամից մեր բոլոր բարի հարևանների հետ հաշտ ու խաղաղ կապրենք: Ինչքա՞ն կարելի է կոնֆլիկտի մեջ մնալ: Դրսում 21-րդ դարն է: Թուրքերն էլ արդեն առաջվանը չեն: Ռուսաստան կգնանք Ադրբեջանով: Այնտեղով կստանանք բեռներ: Էքսկուրսիա կգնանք Բաքու և Սումգայիթ, որպեսզի նայենք այն բնակարանների պատուհաններին, որտեղից մեզ դուրս են շպրտել, կփնտրենք մեր հարազատների` հողին հավասարեցված գերեզմանները:

Եվ, իհարկե, ոչ ոք չի գոռա. «Эрмяниляря олюм»: Եվ, ենթադրվում է, ոչ ոք երբեք չի հայտարարի, որ Իրավանն ու Զանգեզուրը` թուրքական, իսկ Լոռին և Տաշիրը`վրացական հողեր են, իսկ մենք ինչ-որ տեղից ենք եկել: Իսկ Սումգայիթի ջարդերի տասնյակ հազարավոր զոհերի հարազատնե՞րը, Գուրգեն Մարգարյանի և դպրոցական Վաղարշակ Գրիգորյանի ծնողնե՞րը: Իսկ ո՞վ նրանց կհարցնի…

Իսկ մեր տղաների արյո՞ւնը, որ հեղվել է այդ հողն ազատագրելու համար: Իսկ մեր տղաների գերեզմաննե՞րը, որ տարածվում են ամբողջ Լեռնային Ղարաբաղով մեկ: Մտածում ես: Քիչ է այն, որ Քարաստանի ամեն մի քառակուսի սանտիմետրի վրա թափված է հայկական արյո՞ւն: Մի կաթիլ այստեղ, մի կաթիլ` այնտեղ:Եվ, ընդհանրապես, «հայկական ժողովրդավարության հայրերն» ավելի լավ գիտեն` ինչ անել հայի արյան հետ` ինչպես, ում և ինչքանով վաճառել այդ ոչ այնքան պահանջարկ ունեցող ապրանքը…

ՊԱՆԴՈՒԽՏ

Կապված նյութեր